ՈՎ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՏԱԹԵՎԸ

ՈՎ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՏԱԹԵՎԸ

Էդիկ Բաղդասարյան, Հետք

Նման հարցադրումն առաջանում է այն ժամանակ, երբ չեն գործում պետական ինստիտուտները: Այդ ինստիտուներից յուրաքանչյուրում մտածում են միայն փող «փախցնելու» եւ սեփական բիզնեսն «առաջ բրդելու» մասին:

Այս տարվա հունվարին Լոնդոնի բորսայում չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը Հայաստանում ձեռք բերեց երկաթի երեք հանքավայր` Հրազդանում, Աբովյանում եւ Տաթեւի վանական համալիրից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող Սվարանց գյուղում: Բացի լրատվամիջոցներից, ՀՀ որեւէ պետական կառույց չարձագանքեց: Տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից հայտնեցին, թե իրենք տեղյակ չեն գործարքի մասին: Նույն պատասխանը ստացանք նաեւ էկոնոմիկայի նախարարությունից:

Կատարված գործարքը այս երկու նախարարությունների անմիջական պարտականությունների շրջանակում էր, եւ նրանք պարտավոր էին նախապես իմանալ գործարքի բոլոր նրբությունները: Ինչքան էլ տարօրինակ հնչի, գործարքն իրականացնողները Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ էին՝ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը եւ Տիգրան Արզաքանցյանը:

Վարդան Այվազյանը ԱԺ Ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահն է եւ այս օրերին լծված է «Ընդերքի մասին» նոր օրենքի լոբբինգի աշխատանքներին: Առհասարակ, Հայաստանում գրեթե բոլոր գործարքներն «անցնում են» Ազգային ժողովով, քանի որ տնտեսությունն ամբողջովին կենտրոնացված է ԱԺ պատգամավորների ձեռքում: Հայաստանի ԱԺ-ն նման է բորսայի, այստեղ են հավաքված սննդամթերք, դեղորայք, օծանելիք, հագուստ ներկրողները, լցակայանների, բանկերի, հանքավայրերի, գործարանների, սուպերմարկետների, ռեստորանների, հէկ-երի սեփականատերերը: Այստեղ ամեն օր զանազան գործաքներ են տեղի ունենում, պատգամավորները սակարկում են, գին որոշում: Եւ վաղուց, կարծես թե, եկել է Ազգային ժողովը Ազգային բորսա վերանվանելու ժամանակը:

Չինացիներին հանքավայրերը վաճառելուց հետո Վ. Այվազյանն ամեն ինչ արեց, որ ընկերության ներկայացուցիչները հանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ասում են, երբ Տիգրան Սարգսյանը հանդիպել է չինացիներին, դեռեւս չգիտեր, որ այդ հանքավայրերից մեկը` Սվարանցի երկաթի հանքավայրը, Տաթեւի հարեւանությամբ է: Համենայնդեպս, հանդիպման ընթացքում այդ մասին խոսակցություն չի եղել, իսկ դա նշանակում է՝ վարչապետը հավանություն է տվել չինացիների ներդրումային ծրագրին: Իսկ վարչապետը, եթե հիշում եք, տարբեր առիթներով հպարտանում էր «Տաթեի վերածնունդ» ծրագրով: Տաթեւը գովազդելու նպատակով Կառավարությունը նույնիսկ գումար հատկացրեց տեսանյութեր պատրաստելու եւ դրանք CNN-ով ցուցադրելու համար: Իսկ չինական այս գործարքով Տաթեւի պրոֆիլը, կարծես թե, փոխվելու է, եւ առանց գովազդի հազարավոր չինացիներ կգան Տաթեւ՝ իրենց հանքավայրում աշխատելու:

Հնարավո՞ր է, արդյոք, ձախողել վարչապետի եւ Վարդան Այվազյանի հրավերով Սվարանցում չինացիների իրականացնելիք ծրագիրը: Իհարկե, հնարավոր է: Ընդամենը մեկ զանգով կարելի է «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին զրկել Սվարանցի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիայից:
Այդ ընկերության սեփականատերերն են Վարդան Այվազյանի որդին՝ Սուրենը, եւ Տիգրան Արզաքանցյանը: Դրանից պատգամավորները բաձարձակ վնաս չեն կրի: Նրանք երեք հանքավայրերի համար չինացիներից ստացել են 24 մլն դոլար, կանխիկ: Հիմա պետք է վերադարձնեն մոտավորապես 8 մլն դոլար: Չի բացառվում, որ պատգամավորներ Վ. Այվազյանը եւ Տ. Արզաքանցյանը դիմեն դատարան, եթե իշխանությունները նման բան անեն:

Այդ դեպքում պարզապես նրանց պետք է զրկել երկու տասնյակ հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներից, որոնք նրանք ստացել են, երբ Վ. Այվազյանը բնապահպանության նախարար էր: Վ. Այվազյանը նաեւ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, իսկ դա նշանակում է՝ նա մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ: Եւ Տաթեւը փրկելու միակ խոչընդոտը, կարծես թե, այդ հանգամանքն է: Այսպիսով, նժարի մի կողմում հանրապետական պատգամավորներ Վ. Այվազյանն ու Տ. Արզաքանցյանն են, մյուս կողմում` Տաթեւը:

Մարտ 29, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր