ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀՈԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՇԱՏ ԽՈՑԵԼԻ ԵՆ

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀՈԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՇԱՏ ԽՈՑԵԼԻ ԵՆ

ԷկոԼուր

Չինական կողմը, որը մտադիր է շահագործել Հրազդանի երկաթահանքը, կարող է շատ բարդ դրության մեջ հայտնվել: «Ինչպես երեւում է, չինական ընկերությունը լավ տեղեկացված չէ Հրազդանի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի վիճակի մասին, որոնք իրավական տեսանկյունից շատ խոցելի են»,- նշեց «Էկոլոգո-սոցիալական ասոցիացիա»-ի նախագահ Սրբուհի Հարությունյանը: Տվյալ գնահատականը հնչեց ապրիլի 8-ին Հայաստանյան տեխնոլոգիական ակադեմիայի եւ Էկոլոգիայի եւ կենսաապահովման անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի կազմակերպած քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ «Fortune Oil» չինական ընկերությունը ձեռք է բերել Հայաստանում երեք երկաթահանքերի յուրացման ակտիվները` այդ թվում նաեւ «Նագին» ընկերությանը պատկանող Հրազդանի երկաթահանքի  ակտիվները: 

Ըստ Ս. Հարությունյանի` 2009թ. «Նագին»-ի նախագծի ազդեցության բնապահպանական  փորձաքննության անցկացման  ժամանակ խախտվել են Օրհուսի կոնվենցիայի 6, 8 եւ 10 հոդվածները, որոնք վերաբերվում են հասարակության տեղեկացվածությանը եւ մասնակցությանը: Հրազդանում «Նագին» ընկերության դեմ 1500 ստորագրություն հավաքվեց: Սրբուհի Հարությունյանը մատնանշեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, որը ստորագրված է միայն մասնագետների կողմից, իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ստորագրությունը բացակայում է:  Եզրակացության մեջ ներկայացված են միայն ֆիզիկական եւ մեխանիկական բաղադրիչներ, բայց բացակայում են ռիսկերը եւ դրանց նվազեցման համար առաջարկվող միջոցառումները: Հետեւաբար, այս եզրակացությունը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2, 3 եւ 5 հոդվածների դրույթների պահանջներին, եզրակացնում է Ս. Հարությունյանը:

Լուսանկարը` Անի Մաթեւոսյանի

Ապրիլ 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր