ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱՐԱՆ

«Արմենպրես»

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի տարածքում` Արին գյուղի մոտակայքում, «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից կկառուցվի բազմամետաղային հարստացուցիչ գործարան: Արդեն կա այդ մասին ՀՀ կառավարության թույլտվությունը, կառուցվելիք գործարանի նախագիծն անցել է բնապահպանական համապատասխան փորձաքննություններ, հողահատկացման հարցերը լուծված են:
  
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «ԱՍՍԱԹ» ընկերության տնօրեն Արամ Օսիկյանը, եղանակների տաքացման հետ` թերեւս ապրիլին, կսկսվի շինարարությունը: Արդեն ձեռք է բերված նաեւ գործարանի համար անհրաժեշտ տեխնիկան: Նոր գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարեվերջ: Այն սկզբնական շրջանում կունենա 400-500 աշխատատեղ: Գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումները կկազմեն 2-3 մլն դոլար: Կառուցման նախագծի առաջին փուլով մինչեւ այս տարեվերջ գործարանն արդեն շահագործման կհանձնվի, իսկ մինչեւ հաջորդ տարեվերջ կավելացվեն արտադրության ծավալներն ու աշխատակիցների թվաքանակը:
  
«Դա լինելու է բազմամետաղային հարստացուցիչ գործարան, որը տալու է 4 տեսակի արտադրանք` ցինկ, արճիճ, պղինձ եւ սուրմա, որոնց մեջ լինելու է ոսկու որոշակի քանակ: Առանձին ստանալու ենք ոսկու խտանյութ, որը որպես հումք է ծառայելու Մասիսի նորակառույց ոսկու գործարանի համար»,-ասաց Ա. Օսիկյանը` գործարանի կառուցման համար կոնկրետ Վայք քաղաքի ընտրությունը պայմանավորելով այստեղ 3 խոշոր հանքավայրերի առկայությամբ: Արտադրության նախնական ծավալները կկազմեն շուրջ 100 հազար տոննա, եկող տարեվերջին` 180 հազար, իսկ մինչեւ 2012թ.` մինչեւ 600 հազար տոննա:
  
Նրա տեղեկացմամբ` «ԱՍՍԱԹ» ընկերությունն ունի մի շարք հանքային դաշտերի հետախուզման եւ պաշարների հաշվարկման լիցենզիաներ՝ Լոռու, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Գեղարքունիքի մարզում ընկերությունը նախատեսում է շարունակել իր հետախուզման աշխատանքները թանկարժեք քարի՝ դեմինտոիդի ուղղությամբ: Այս տարի կավարտվի Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի եւ Վայոց ձորի մարզի Կաքավասարի բազմամետաղային հանքավայրի պաշարների հաշվարկումը: Վայքի գործարանը պետք է կառուցվի հենց այդ պաշարների բազայի վրա: Ակնկալվում է, որ դա կխթանի նաեւ Վայոց ձորի Ազատեկ գյուղի պղնձի ու ոսկու, ինչպես նաեւ Գլաձորի բազմամետաղային հանքավայրերի շահագործումը:
 
«ՙ2008թ-ին, երբ ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ պղնձի եւ այլ մետաղների գները կտրուկ նվազեցին, մեր ընկերությունն իր առջեւ խնդիր դրեց կազմակերպել ոսկու արտադրություն, որը հետագայում հնարավորություն կտա ֆինանսական միջոցներ ներդնել թե հանքերի հետախուզման աշխատանքներում, թե Վայոց ձորի նոր գործարանում»,-նշեց Ա. Օսիկյանը:

Մարտ 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր