ՎԶԵԲ-ի 20 տարին` հաշվեկշիռ կայուն զարգացման եւ մաքուր շահույթի միջեւ

ՎԶԵԲ-ի 20 տարին` հաշվեկշիռ կայուն զարգացման եւ մաքուր շահույթի միջեւ

Կարինա Մանուկյան, ԱրմԻնֆո

Այս տարի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նշեց իր գործունեության 20-ամյակը: 2010թ. արդյունքներով բանկը ստացել է 1,4 միլիարդ եվրոյի մաքուր եկամուտ եւ իրականացրել է ռեկորդային թվով` 386 նախագիծ: Իր գործունեության տարիներին ՎԶԵԲ-ը բազմիցս նշել է շրջակա միջվայրի վիճակի լավացմանն ուղղված ներդրումների իրականացման պատրաստակամության մասին: Մասնավորապես, բանկի կողմից կայուն էներգետիկայի ոլորտում նախաձեռնություն եղավ եւ ստեղծվեց էներգաարդյունավետության եւ կլիմայի փոփոխության հարցերի ստորաբաժանում: 

Չնայած դրան, տարբեր երկրների կանաչ ակտիվիստները միակարծիք են, որ կայուն զարգացման հարցում ՎԶԵԲ-ը 20 տարիների ընթացքում այդքան էլ նկատելիորեն առաջ չի ընթացել,  որքան որ շուկայական տնտեսության զարգացման խթանման գործում: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ՀԿ-ների «Bankwatch» ցանցը նշում է` բանկի կողմից իրականացված շատ նախագծեր սոցիալական կամ էկոլոգիական խնդիրներ են ստեղծել:  

Մասնավորապես, էկոլոգների մեջ հարց է առաջացնում «ԱրսելորՄիտտալ Տեմիրտաու» (Ղազախստան) եւ «ԱրսելորՄիտտալ Կիրովոյ Ռոգ» (Ուկրաինա) մետալուրգիական հսկաների նախագծերի վարկավորումը:  Կանաչ ակտիվիստները նշում են, որ երկու ընկերությունները չեն կատարել իրենց վրա վերցրած էկոլոգիական պարտավորությունները, ինչը ՎԶԵԲ-ին, սակայն, չի խանգարել դրական գնահատել նախագծերի իրականացումը:

Լեռնահանքային արդյունաբերության վարկավորման հարցում ՎԶԵԲ-ի մասնակցությունը չի շրջանցել նաեւ Հայաստանը. բանկը 4 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել «Deno Gold Mining Company» ընկերությանը Գեղանուշի պոչամբարի կառուցման համար: 2008թ. օբյեկտը հանձնվեց շահագործման, սակայն, ինչպես պարզվեց հասարակական մոնիտորինգի արդյունքում, նախագծի իրականացման ժամանակ չէին հետեւել սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության հիմնական սկզբունքներին, որոնց մասին հայտարարում է ՎԶԵԲ-ը: Ինչպես նշում է «ԷկոԼուր» ՀԿ-ն, մոտակա Գեղանուշ գյուղի բնակիչներին ստիպել են իրենց հողերը տալ պոչամբարի համար, ինչին դեմ են եղել գյուղի բնակիչները եւ հավաքել են 143 ստորագրություն: Ընկերության սոցիալական քաղաքականությունը, աշխատակիցների թվի կրճատումը, ստորգետնյա հանքում աշխատողների աշխատավարձի կրճատումը (աշխատողները ստանում էին ամսական մոտ 300 դոլլար, գետնի տակ հերթափոխով 8 ժամ աշխատելով) հանգեցրեց սոցիալական ընդվզման: Արդյունքում 2009-2010թթ. ձեռնարկությունում մի շարք գործադուլներ եղան:

Այժմ էլ հայ էկոլոգների ուշադրությունը սեւեռված է Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի վրա: «Lydian International» ընկերության կողմից իրականացվող բաց շահագործման նախագիծը ռիսկեր է պարունակում` կապված ոչ միայն ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման հետ, այլ նաեւ ռադիացիայի հետ:  Ընկերությունը հասարակայնությանն է ներկայացրել նմուշների վերլուծությունը, որտեղ ուրանի պարունակությունը շատ քիչ է, չի գերազանցում 0,0002%-ը: Ինչպես նշում է «ԷկոԼուր»-ը, դա չի հակասում գիտական տվյալներին, որոնք ներկայացված են երկր.-միներալ. գիտությունների դոկտոր Գ. Պ. Ալոյանի հոդվածում («Горный журнал», թիվ 6, 2007թ.),բայց եւ միեւնույն ժամանակ չի արտացոլում Ամուլսարում ուրանի բաշխման պատկերը, ինչի համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:

2009թ. ՎԶԵԲ-ը դարձավ ընկերության 8,1% բաժնետոմսերի սեփականատեր: Միեւնույն ժամանակ բանկի պաշտոնյաները նշում են, որ իրենց ոչինչ հայտնի չէ Ամուլսարի մասին, եւ որ ընկերության հետ համագործակցությունն իրականացվում է Բալկաններում, այլ ոչ Հայաստանում: «Եթե բանկը ներգրավված լիներ այդ նախագծի մեջ, ապա այն կիրականացվեր համաշխարհային ամենաբարձր չափանիշների համաձայն»,- հայտարարեց ՎԶԵԲ-ի էկոլոգիայի եւ կայուն զարգացման վարչության կորպորատիվ տնօրեն Ալիսթեր Կլարկը:

Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության միությունը ՎԶԵԲ-ի ուշադրությունը հրավիրեց «Ազերյոդ» գործարանի խնդրի վրա: Խնդիրների թվում են ռադիացիայի մակարդակի բարձրացումը եւ թափոնների նետումը բաց ջրանցքի մեջ: Ռադիացիայի հարցը լրացուցիչ վերահսկողություն է պահանջում ՎԶԵԲ-ի մոնիտորինգային խմբի կողմից, կարծում են ակտիվիստները: Բացի այդ, գործարանի աշխատակիցներին մերժել են արհմիություն ստեղծել:

Մայիս 31, 2011 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր