

ԷկոԼուր
Մինչ հրազդանցիները պայքարում էին Հրազդանի երկաթահանքի շահագործումը կանխելու համար, մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Հրազդան քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա կառուցվելու է ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար, եւ որ ֆաբրիկայի կառուցման նախագիծը վաղուց անցել է փորձաքննությունը: Ինչպես «ԷկոԼուր»-ը պարզեց, Ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը պատրաստվել է դեռ 2009թ. «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի կողմից: Հրազդանցիներն այդ մասին վերջերս են տեղեկացել եւ նույնպես մամուլից: Ֆաբրիկան վերամշակելու է Լուսաջուր հանքավայրի ոսկի պարունակող հանքաքարը: Հանքավայրի շահագործման լիցենզիան պատկանում է «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ին:
Հրազդան քաղաքը բոլորին է հայտնի իր աղտոտված օդային ավազանով: Միայն Ցեմենտի գործարանի արտանետման պատճառով Հրազդանում ցեմենտի փոշու միանվագ առավելագույն կոնցենտրացիան ՍԹԿ-ն կարող է գերազանցել 6-8 անգամ: Բացի Ցեմենտի գործարանից Հրազդանում գործում է Հրազդան ՋԷԿ-ը, նախատեսվում է բացել քաղաքի սրտում գտնվող երկաթահանքը ու հիմա էլ ոսկու կորզման ֆաբրիկա ու պոչամբար: Իսկ ֆաբրիկայի կառուցման նախագծում գրված է, որ նոր ձեռնարկության ստեղծման համար բարենպաստ գործոններից է «տարածքի էկոլոգիական մեծ պոտենցիալը»:
Ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է Հրազդան քաղաքի բնակելի տարածքից մոտ 5կմ, իսկ մոտակա Կաքավաձոր գյուղից 3կմ հեռավորության վրա` սեյսմիկ ակտիվ շրջանում: Տարեկան վերամշակվելու է 100 հազար տոննա հանքաքար: Ջարդման և աղացման արտադրամասերը գտնվելու են բացօդյա տարածքում:
Ըստ նախագծի` հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի ընդհանուր տարածքը կազմում է 4.6 հա:
1,5 հա տարածք զբաղեցնող պոչամբարը նախատեսվում է, որ կլինի ֆաբրիկայի շենքի հետնամասի ձորակում: Հանքահարստացման ընթացքում գոյացող պոչերը կկազմեն ընդհանուր արտադրողականության 88.98%, կամ տարեկան 88.98 հազ. տոննա:
«Պոչերը պատկանում են ոչ վտանգավոր դասին, հրդեհապայթունավտանգ չեն և ոչ լուծելի», - նշված է նախագծում, հետևաբար վճարը կազմում է «0,0 դրամ»:
Մթնոլորտն աղտոտող նյութերի թվում նախագծում նշված են փոշին, ծծմբի երկօքսիդը եւ ածխածնի օքսիդը:
Ջրերի մասին նախագծում գրված է. «Հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական և խմելու-տնտեսական ջրամատակարարման համար նախատեսվում է օգտագործել արտեզյան ջուր, ինչի համար ձեռնարկության տարածքում կհորատվի հորատանցք: Հորատանցքի ջուրը պետք է ունենա խմելու որակ»: Այսպիսով, ձեռնարկության թարմ ջրի պահանջը տարեկան կկազմի 63 180 խորանարդ մետր:
Ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ www.ecolur.org կայքի «Անկախ փորձագիտական գնահատականներ» էջում:
Հունիս 23, 2011 at 15:40
