

ԷկոԼուր
Հայաստանի կենտրոնում պոչամբարի առկայությունը իսկական աղետ է, կարծում է «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Գրետա Գաբրիելյանը: Խոսքն այն պոչամբարի մասին է, որտեղ կուտակվելու են Հրազդանի ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները: Ֆաբրիկան դեռ կառուցված չէ, սակայն նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում: Ֆաբրիկայի օբյեկտների թվում է նաեւ պոչամբարը: «Հայաստանի կենտրոնում` Մարմարիկ եւ Հրազդան գետերին շատ մոտիկ, ի՞նչ պոչամբարի մասին կարող է խոսք լինել:
Ֆաբրիկայում ընդամենը 101 մարդ է աշխատելու եւ տեղակայվելու է ինչ կարեւոր հանգույցում` եւ գետային, եւ տրանսպորտային եւ երկաթգծային...»,- ասում է Գրետա Գաբրիելյանը` հավելելով, որ այդ հանգույցը ահազանգի տեղիք է տալիս ընկերության հետագա պլանների առումով, որոնց մասին նախագծում ոչինչ չի ասվում:
Հիմնական ռիսկը, մասնագետի կարծիքով, այն է, որ նախագիծը ոչ մի տեղեկություն չի պարունակում պոչամբարի վերջնական ծավալի մասին: Նշված է միայն, որ կօգտագործվի ջրի փակ շրջանառու համակարգ: «Դա նշանակում է, որ այն կարող է աշխատել գերլցված վիճակով: Հաշվի առնելով այն փաստը, որ պոչամբարի համար հատկացված տարածքի գրունտերը իրենցից ներկայացնում են մանրախիճ եւ ավազ, կարելի է սպասել, որ ողջ պարունակությունը կֆիլտրվի հողի տակ եւ կթունավորի ստորին շերտերը»,- կարծում է Գ. Գաբրիելյանը: Չկա նաեւ երկրորդ վթարային պոչամբար, որը նախատեսված է անկանխատեսելի իրավիճակների, տեխնիկական վթարների եւ այլնի համար:
Եւս մեկ ռիսկ է հանքանյութի վերամշակումից առաջացող փոշին, որը ծանր մետաղներ է պարունակում: Այդ խառնուրդները բնորոշ են մեր բազմամետաղային հանքերին եւ մանրացման ընթացքում իսկական աղետ կդառնանան ողջ շրջակայքի համար` ներառյալ Հրազդան քաղաքը, Ծաղկաձոր առողջարանային քաղաքը, Աղավնաձորի մանկական առողջարանը,տարածքով հոսող ջրերը, էլ չենք խոսում Կաքավաձոր գյուղի մասին, որը գտնվում է ընդամենը 3կմ հեռավորության վրա: Ըստ նախագծի`փոշու կոնցենտրացիան չպետք է գերացանցի ՍԹԿ-ն: Բայց չէ որ այն սովորական փոշի չէ, որը օդ է բարձրանում, իսկ հետո նստում: Դա տոքսիկ խառնուրներով փոշի է, որոնք տարեց տարի կկուտակվեն շրջակա միջավայրում: Դրանք ու՞ր կանհետանան: Տիկին Գաբրիելյանը ունի պատասխան` ծանր մետաղները փոշու տեսքով կաղտոտեն հողն ու ջուրը:
Նրա խոսքերով` հասկանալի չէ նաեւ, թե ինչ եղանակով է տեղ հասցվելու հանքանյութը, ինչ ճանապարհներով: «Իսկ չէ որ դա առողջարանային-սանիտարական եւ անտառային գոտի է»,- ասաց նա:
Մեր կողմից նշենք, որ Հայաստանի առողջարաններից շատերը տեղակայված են հեռանկարային բազմամետաղային հանքավայրերի շրջաններում: Փոխարենն այն բանի, որպեսզի կիսեն, թե ում կհասնի այս կամ այն ոսկին կամ մոլիբդենը, ավելի լավ է հաշվեն, թե ինչ վնասներ կհասցնի գործունեության այդ տեսակը առողջարաններին, որտեղ միեւնույն մարդիկ թանկարժեք մետաղների փոխարեն կիսում են տարածքներ եւ կապիտալ են ներդնում անշարժ գույքի մեջ: Դա նույնիսկ բարձր մաթեմատիկա չէ, այլ պարզ թվաբանություն:
Հուլիս 01, 2011 at 12:52
