

Lragir.am
Դեռ հուլիս ամսին Հրազդանի երկաթի հանքի տարածքում անցկացվող փորձաքննությունը կարծես թե ավարտվել էր: Բայց արդեն մի քանի օր է, ինչ այդտեղ կրկին աշխատանքներ են տարվում: Հանքի շահագործման դեմ պայքարող «Նախաձեռնող խմբի» անդամները փորձեցին պարզել` գրեթե երկու ամիս դադարից հետո ինչ աշխատանքներ են տարվում հիմա: Տեղում աշխատող բանվորները տպավորություն ստեղծեցին, իբր չգիտեն` որտեղ են աշխատում և ինչի համար, իսկ երբ լսեցին, որ այդտեղ երկաթի հանքավայր է, «զարմացան»: Զանգեցին իրենց ղեկավարին, ով, ինչպես րոպեներ անց պարզվեց, աղջիկ էր: Մեքենայից իջնելով` սլավոնական արտաքինով, ռուսախոս աղջիկը նախ հարցրեց մեր ինքնությունը, հետո առանց ներկայանալու, ագրեսիվորեն պահանջեց անջատել տեսախցիկը և ասաց, որ ինքը պարտավոր չէ որևէ հարցի պատասխանել, ու եթե մենք հարցեր ունենք, դիմենք Հրազդանի քաղաքապետին: Թույլ չտալով այլևս հարց տալ` նա նստեց մեքենան ու հեռացավ:
Հայտնի է, որ Հրազդանի երկաթի հանքավայրը նախկինում պատկանում էր “Նագին” ընկերությանը, ում նախագծում ներկայացված էր, որ Հրազդան քաղաքը չի շրջապատում հանքավայրի տարածքը, հանքավայրը գտնվում է մոտակա բնակելի շենքերից 1,5 կմ, Ախպարայի ջրամբարից` 4-5 կմ, Սևան-Հրազդան ջրանցքից` 1,5 կմ հեռավորության վրա: Ու չի բացառվում, որ նման “դրական” եզրակացություն կարող են տալ նաև այսօր: Այնինչ, ինչպես երևում է նաև տեսանյութում, հանքավայրը մոտակա բնակելի շենքերից գտնվում է 650 մ, Ախպարայի ջրամբարից մոտ 1 կմ հեռավորության վրա (4-6 կմ հեռավորության վրա գտնվում են Քաղսի և Սոլակ գյուղերը), իսկ Սևան – Հրազդան ջրանցքը` հանքի անմիջական հարևանությամբ է գտնվում:
Սեպտեմբեր 27, 2011 at 14:52
