Զարհուրելի տեսարաններ Սոթքում

Զարհուրելի տեսարաններ Սոթքում

Հայկական ժամանակ

«Հիմա» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ տարածել է հետեւյալ մամլո հաղորդագրությունը.

«Հոկտեմբերի 19-ին «Հիմա» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցեց «S.O.S Սեւան» բնապահպանական ակցիային, որն ուղղված է Սոթքում «Geo ProMining Gold» ընկերության կողմից ջարդող-տեսակավորող համալիրի անօրինական գործարկման դեմ:

Համալիրի գործարկումը անմիջականորեն հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին, քանի որ այն գտնվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա անմիջական վնասակար ազդեցություն գոտում: Այդ փաստը չեն հերքում նաեւ պաշտոնական մարմինները: Նշենք, որ դեռեւս 2010 թվականին Վերահսկիչ պալատը հայտարարել է, որ «GeoProMining Gold»-ը ապօրինի է շահագործել Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը, եւ կառավարությանը ներկայացրել էր հանքերը շահագործելու իրավունքի դադարեցման հարցերը քննարկելու առաջարկներ: Մեր «պատասխանատու» պաշտոնյաները մինչ այժմ այս հարցն ուսումնասիրում են:

«SOS Սեւան» ակցիայի` երկու տասնյակից ավելի մասնակիցներս անձամբ ականատես եղանք այն աղետալի իրավիճակին, որը տիրում էր հանքի շահագործման վայրում` Քարվաճառ տանող ճանապարհի երկայնքով: Բոլոր հնարավոր նորմերի խախտմամբ անկանոն կերպով կուտակված էին հանքային ապարների հսկայական կույտեր` հարստացված տարաբնույթ ծանր մետաղներով եւ այլ թունաքիմիկատներով: Հանքի շահագործումը կատարվում էր գերծանրաբեռնված ռեժիմով: Մեր այնտեղ գտնվելու ընթացքում` մոտ մեկ ժամվա մեջ, մեր առջեւով անցան հանքաքարով բեռնված շուրջ 20 բեռնատար մեքենա: Տպավորությունն այնպիսին էր, որ հանքատերերը որոշել են հնարավորինս հապճեպ արդյունահանել ողջ հանքի ամբողջ ոսկին:

Նույն ծանրաբեռնվածությամբ էր աշխատում ջարդիչ-տեսակավորող համալիրը: Ազգությամբ վրացի պահակային ծառայության անդամները մեզ կատեգորիկ արգելեցին համալիրը նկարահանել, թեեւ խմբի որոշ անդամների հաջողվեց որոշակի նկարահանումներ կատարել: Նշենք նաեւ, որ համաձայն բնապահպանության նախարարության կողմից ստացված պաշտոնական գրության` «Geo ProMining Gold» ընկերությունը փորձաքննության չի ներկայացրել համալիրի կառուցման նախագիծը:

Զավեշտալին այն է, որ այդ զարհուրելի տեսարանը տեսնելուց հետո` Երեւան վերադառնալու ճանապարհին, մեզ հետ կապ հաստատեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը եւ հայտնեց, որ նույն օրը բնապահպանության նախարարությունից իրեն պատասխանել են, թե համալիրը այս պահին գտնվում է բնապահպանական փորձաքննության փուլում եւ չի շահագործվում:

Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ այդ նախարարության պատասխանատուները կամ կոմպետենտ չեն այդ աշխատանքն իրականացնելու համար, կամ, ինչն առավել հավանական է թվում, պարզապես ստում են:

Հ.Գ. Բնապահպանների տքնաջան պայքարի արդյունքում 2009-ին Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը փակվեց: Շատ բնապահպաններ նման որոշումը համարեցին «Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի դրսեւորում», մինչդեռ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ դա իրականում ոչ թե քաղաքական կամքի դրսևորում էր, այլ էժանագին աճպարարություն` որպես հերթական անգամ հասարակությանը խաբելու եւ մոլորեցնելու ընդունված գործելաոճ»:

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:

Հոկտեմբեր 25, 2011 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր