«Հրապարակ»
Երեւանում լալվարիտից կամ, ինչպես ժողովուրդն է ասում, լալվարի գրանիտից գերեզմանաքար պատվիրելը բարդ է: Հանգուցյալի հարազատը միջին չափսի քար գնելու համար 1000-15 հազար դոլար է ծախսում: Միշտ չէ, որ կարելի է քար ճարել, եւ հաճախ Լոռիում կապեր ունեցող ծանոթ են մեջ գցում:
Լալվարիտե գերեզմանաքարը նորաձեւ է եւ պահանջված: Վերջերս Ալավերդու 6 բնակիչներ՝ պատերազմի եւ աշխատանքի հաշմանդամներ, լրատվամիջոցներին եւ ՀՀ կառավարություն նամակներ ուղղեցին՝ տեղեկացնելով իրենց քաղաքից մոտ 16 կմ հեռավորության վրա գտնվող լալվարիտի հանքավայրի անխնա պայթյունահանման եւ շրջանցիկ ճանապարհով Ադրբեջան արտահանման մասին: Նամակը ստորագրված էր, արդյունահանող ձեռնարկության անունը՝ նշված. «Կարմինառ»: Փոքր-ինչ փորփրեցինք ու պարզեցինք, որ Խոսրով Հարությունյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբայրը՝ Կորյուն Հակոբյանը, տարիներ շարունակ «առնչվել» են լալվարիտի արդյունահանմանը: «Կարմինառի» տնօրենը` Կարեն Եսայանը, որն Ալավերդու նախկին քաղաքապետն էր, հավատացնում է, որ տարեկան ընդամենը 1600 խմ լեռնային զանգված է արդյունահանում, որի 20 տոկոսն է քար: Իսկ Կորյուն Հակոբյանի գլխավորած՝ ընդերքի վերահսկողության պետական տեսչությունն անընդհատ ստուգում եւ հաշվառում է ծավալները: Եսայանը «պաշտոնապես» հայտարարեց, որ Խոսրով Հարությունյանի բարեկամը «Կարմինառի» երկրորդ փայատերն է եղել, բայց երկուսուկես տարի առաջ իրեն է վաճառել բաժնեմասը: Այժմ հանքը կիսված է երկու արդյունաբերող ձեռնարկությունների միջեւ՝ իր եւ «Արթուր-Տարոն» ՍՊԸ-ի: «Պայթեցումներ հանքավայրում կատարվել են նախկինում՝ 90-ականների վերջերին: Այն ժամանակ կարող է սարի մեջ պայթուցիկը դնեին, մի 1000 կուբ տրաքացնեին, որ մի 10 կուբ տանեին-ծախեին»: Սակայն ինքն այդ եղանակով քար չի հանել: «Հո հիմար չեմ՝ քարը փչացնեմ: Եթե պայթեցնում ես, քարը դառնում է խիճ: Սղոցը տալիս ես՝ փշրվում է: Ո՞վ ինձանից փչացած քար կառնի», -
բացատրում է ձեռնարկատերը:
Ձեռներեցից փող են պոկում
Կարեն Եսայանի ձեռքին Ալավերդու քաղաքապետ Ա. Ոսկանյանի ստորագրությամբ տեղեկանք էր` մեջը գրված, որ լալվարիտի հանքավայրի ապօրինի շահագործման մասին նամակն ստորագրած Պետրոսյան Օնիկը, Հովհաննիսյան Սամվելը եւ այլ 4 հոգին պատերազմի վետերանների ցուցակում չկան: Իրականում սա անբանների խումբ է` Ալավերդյան Սիմոնի գլխավորությամբ, որոնք արդեն մի քանի տարի է՝ փողեր են պոկում իրենից: Իմանալով, որ չի սիրում, որ ընկերության անունն արծարծվի մամուլում, սրանք շանտաժի են ենթարկում իրեն, իսկ եթե չի ստացվում, ցեխ են շպրտում: «Էդ մարդիկ սկի լալվարիտի տեղը չգիտեն, իրենց ընտանիքը չեն կարում պահեն»,- ասում է լալվարիտ արդյունահանող խոշորագույն ձեռնարկատերը: Նա չուզողների թվին է դասում նաեւ հանքը հայտնաբերողին եւ ըստ փաստաթղթերի առաջին տիրոջը՝ Հենրիկ Միրզոյանին, որն ասում է. «20-րդ դարի 70-ականներին հայտնաբերված լալվարիտն արժեքավոր երեսպատման քար է, աշխարհում երկրորդ այսպիսի հանքավայր չկա: 100 տարվա պաշարների վայրենի շահագործման պատճառով այն կսպառվի 2-3 տարում»: «Նրա օրոք լավ էլ տրաքացնում էին: Հենց ինքն էր տրաքացնում: Նրա դեմ քրեական գործ էին բացել»,- պնդում է Եսայանը: Ապա՝ թե լալվարիտը հասարակ տուֆ-ավազաքար է, իր վարդագույն «քրոջից» քիչ տարբերվող, բայց շատ ծախս պահանջող: «Էսքան քարամշակ ձեռնարկություններ կան: Մեկի խելքը չի կտրո՞ւմ, որ երեսպատման համար կտրի: Քար ա, էլի, ի՞նչն ա ունիկալ»,- համոզում է ձեռներեցը: Դա նույնն է, թե վաճառողն ասի՝ «իմ ապրանքը վատն է»:
Բալագույն գեղեցկուհին
Քարն ասես արյամբ ողողված լինի: Խորհրդային ժամանակ սովմինում քննարկեցին Ծիծեռնակաբերդի սրածայր հուշարձանը լալվարիտից կառուցելու գաղափարը: Հետագայում այս մտքից հրաժարվեցին՝ քարը համարելով շատ հասարակ: Հայտնի հուշարձաններից «Հաղթանակ» զբոսայգու անհայտ զինվորի գերեզմանն է լալվարիտից: 2005թ. Հենրիկ Միրզոյանի մոտ օտարերկրացիներ են եկել, որոնք հետաքրքրված են եղել լալվարիտով: Բայց պայթեցումներին ականատես լինելով՝ երեսպատման համար այլեւս անպիտան են համարել եւ չեն գնել: Քարաբեկորներով եւ լուսանկարներով լիքը պահարանի խորքից երկրաբանը հանում է բալագույն երանգի ողորկ սալիկ: Որքան նայում ես, այնքան ավելի դժվար է դառնում աչք կտրելը: Ի տարբերություն սովորական տուֆի, որի գոյացման ժամկետը 1 մլն. տարի է, Լալվարի լանջին հայտնաբերված այս ապարը 130 մլն. տարեկան է, ահա թե ինչու կարծր է մյուսներից: 90-ականներին գործող «Ընդերքի մասին» օրենքի համաձայն, հանքը հայտնաբերողը նաեւ առաջնային շահագործման իրավունք էր ստանում: «Հայտնաբերողը ես եմ եղել, իրավունք ստացողը ես եմ եղել, մասնակցել եմ մրցույթի, ստացել եմ լիցենզիան, բոլոր փաստաթղթերը: Ես չգիտեմ, թե այժմ ինչ վիճակ է հանքավայրում, բայց այն ժամանակ` 99-2000 թվերին, այն ուղղակի ոչնչացվում էր, եւ ես պետք է կանգնեցնեի թալանը, օրինական տեխնոլոգիայի վերադարձնեի արդյունահանումը»,- ասում է Միրզոյանը: Բայց անգամ իրեն թույլ չեն տվել, որ հանք մտնի: Այնտեղ արդեն քանի տարի հանցագործություն է կատարվել. «ինչ-որ ճարպիկ տղաներ» մերկացած ստորոտից բուլդոզերներով քար են կրել բնապահպանության փոխնախարար Կորյուն Հակոբյանի թույլտվությամբ: Միրզոյանը տարբեր ատյաններ է դիմել, նաեւ՝ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանին՝ պահանջելով դադարեցնել պայթեցումները, որպեսզի ինքը կարողանա մտնել հանքավայր եւ սկսել շահագործումը: Սակայն նախարարն «էսօր-վաղն է» գցել:
1999թ. հոկտեմբերի 27-ին ընդունելությունը չկայացավ
«Վստահ եմ՝ եթե ողբերգական դեպքերը չլինեին, Վազգեն Սարգսյանը կվերացներ ապօրինությունը»,- ասում է երկրաբանը: Հաջորդ վարչապետի` Արամ Սարգսյանի աշխատակազմում նրան խոստացել են «ակտավորել» առկա վիճակը եւ հանքը հանձնել իրեն՝ որպես օրինական տիրոջ: Բայց պարզվել է, որ մինչ ինքը կպայքարեր, ճարպիկ տղաները դատ են կազմակերպել առանց իրեն եւ հանքը ձեռքից առել: «Դա բավարար չէ, դեռ ուզում էին իրենց կատարած թալանն ու պայթեցումներն էլ ինձ վերագրել»,- պատմում է գիտնականը: 2001 թվականին Միրզոյանի վրա քրեական գործ է բացվում: Ալավերդու դատախազությունից օրումեջ ծանուցագրեր են գալիս: Գիտնականի կինն ապրումներից սրտի կաթված է ստանում ու մահանում: Միայն գլխավոր դատախազին բողոքելուց հետո են հետապնդումը դադարեցնում: Այսպես, «բալագույն գեղեցկուհին» դժբախտություն է բերել գիտնականին: Հետաքրքրվեցի, թե կնոջ գերեզմանին լալվարիտ կարողացե՞լ է դնել: Դառը ժպտաց՝ «1000 դոլար ինձ որտեղի՞ց», եւ հրաժեշտից առաջ իր «կախարդական պահարանից» գույնզգույն հղկված սալիկներ հանեց, որոնցից ամենատպավորիչը ոսկեգույն «խաղերով» քարն էր: Սրանք դեռեւս չլսված, միայն իրեն հայտնի հանքերից են, որոնց տեղը չի ասելու, որովհետեւ այս երկրում այլեւս «սխրանքների» հավես չունի:
Հունիս 24, 2009
