

ԷկոԼուր
Կառավարության 627-Ն որոշման պատճառով ստիպողաբար տեղահանման վտագնի տակ հայտնված Քաջարան գյուղի խնդիրը գրավել է լայն հասարակության ուշադրությունը:
Ստորեւ կարդացեք խնդրի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը;
Քաջարանի բնաջնջման պատերազմական գործողությունը նախապես ձախողման է դատապարտված. Զարուհի Փոստանջյան
News.am
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Քաջարանի տարածքը հանքավայրի վերածելու մասին ՀՀ կառավարության որոշմանը եւ դրա հետ կապված գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հրաժարականին:
Զ. Փոստանջյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի դեմ տեղի ունեցած բռնաճնշումները երեկվանից ավելի են սաստկացել, ինչի պատճառով նա ստիպված է եղել հրաժարական տալ գյուղապետի պաշտոնից եւ հայտնել իր անհամաձայնությունը իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ` ցանկանալով դադարեցնել իր անդամակցությունը այդ կուսակցությանը:
Օրեր առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը գյուղի տարհանման վերաբերյալ հեռախոսազանգի միջոցով ինձ տեղեկացրել էր իր մտահոգությունը` նաեւ ակնկալելով խնդրի բարձրաձայնման միջոցով ՀՀ կառավարության որոշման դադարեցում: Հայտնի է, որ Քաջարան գյուղի բնակիչները, այդ թվում` գյուղապետը, հրապարակավ իրենց անհամաձայնությունն են հայտնել գյուղի տարածքը հանքավայր վերածելու մասին ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ:
Նախիջեւանին սահմանամերձ Քաջարան գյուղը դատարկելու դեմ գյուղապետի եւ գյուղացիների աննահանջ բողոքը ճնշելու համար ՀՀ Սյունիքի մարզային իշխանությունները երեկվանից անցել են կտրուկ անօրինական գործողությունների:
Հայաստանի Հանրապետության թշնամու հետ սահմանամերձ գյուղի բնաջնջման այս փաստը ոչ միայն վկայում է ՀՀ կառավարության, ըստ էության, պետության եւ ժողովրդի շահը չգիտակցելու եւ անձեռնհասության մասին, այլ նաեւ ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից, անգիտակցաբար թե ոչ, բայց փաստացի` թշնամի Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:
Միջնաբերդ Սյունիքը այսօր առանցքային նշանակություն ունի մեր ներկայիս ազատագրված 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի անվտանգության համար, եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակչություն չունենալով կամ խրախուսելով նրանց արտագաղթը` գործող իշխանությունը անդառնալի հարված է հասցնում մեր երկրի ողջ անվտանգությանը:
Մի քանի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանին մի երիտասարդ հարց տվեց Արեւմտյան Հայաստանի ազատագրման վերաբերյալ, նա պատասխանեց, որ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը ժառանգություն է թողնում երիտասարդներին: Ի գիտություն գործող նախագահի` մեզ ժառանգություն է թողնվել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլ նաեւ Գանձակի, Ուտիքի, Նախիջեւանի եւ մեր հայրենիքի անբաժանելի մաս կազմող այլ հողերի ազատագրումը: Բայց, բացի մեր հայրենիքի ազատագրումից, մենք հասկանում ենք, որ առաջնահերթ խնդիր ունենք` ազատագրվելու բռնակալ մարզպետներից, հակահայ կառավարությունից եւ ընտրությունների կեղծման հետեւանքով ձեւավորված իշխանություններից:
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղացիները առաջին անգամ չէ, որ մասնակցում են հայրենիքի ազատագրման սրբազան պատերազմին: ՀՀ կառավարության կողմից Քաջարան գյուղի բնաջնջման պատերազմական գործողությունը նախապես ձախողման է դատապարտված: ՀՀ կառավարությունը իր հանցագործ համբավ ունեցող մարզպետով անգամ չի կարող հաղթանակ արձանագրել այս պատերազմում:
Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք հայտարարված պատերազմը եւ զգուշացնում հիշել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի հետեւանքների մասին:
Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չեք այդ պատերազմում»:
Եթե Քաջարանին 4-5 միլիոնից պակաս են առաջարկել, վաղը հրաժարական կտամ
HayNews.am
Քաջարանի սեփականատերը ոչ հորս, ոչ մորս կողմից բարեկամ չեն
Գերեզմանները, պատմական հուշարձանները որևէ մի օրենքով չեն կարող ընկնել շահագործման տակ: Նման կարծիք է հայտնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն` այսօր խոսելով Քաջարանի համայնքի հողերը, այդ թվում գերեզմանները Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին որպես մոլիբդենի հանքավայր տրամադրելու որոշման մասին:
Այվազյանը նշել է, որ 1000 տոկոսով համոզված է` դրա դիմաց Քաջարան համայնքին, անշուշտ, փոխհատուցում է առաջարկվել. «Եթե պարզվի, որ Քաջարանին 4-5 միլիոնից պակաս գումար է առաջարկվել, ես պատրաստ եմ թեկուզ վաղը հրաժարական տալ»:
Այվազյանի խոսքերով` պետությունը չի կարող անհատույց վերցնել համայնքի սեփականությունը և տրամադրել պղնձամոլիբդենային գործարանին. «Չկա տենց բան: Քաջարանի գյուղապետի հրաժարականն էլ կախված չէ դրա հետ: Իսկ Քաջարանի սեփականատերը ոչ հորս, ոչ մորս կողմից բարեկամ չեն»:
Հիշեցնենք, որ Քաջարանի գյուղապետը նշված աղմուկի պատճառով հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Արյան գնով էլ լինի` քաջարանցիները կպաշտպանեն իրենց հողերը
Լիլիթ Վահանյան, Հայացք
Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Որոշման համաձայն` նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մտքին: Նրանք պատրաստ են, արյան գնով էլ լինի, պաշտպանել իրենց հողերը, քանի որ գնալու ուրիշ տեղ չունեն:
Արդեն մի քանի ամիս է` քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերի վերաբերյալ ՀՀ կառավարության 627-Ն որոշումը և հրաժարվում են ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա մի ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
«ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով` Քաջարանում իրավիճակը ծայրահեղ է: Գյուղի բնակիչների վրա ճնշումներ են գործադրում: Բնակիչների գրած պաշտոնական նամակներում նույնպես խոսվում է այդ ճնշումների մասին:
Ըստ Ի. Զառաֆյանի` Քաջարանում սրված վիճակի վկայությունն են նաև դեկտեմբերի 14-ին նրանց ստացած ահազանգերը:
- Մեզ ահազանգեցին մի քանի բնակիչներ` ներկայացնեով, որ երկու ոստիկան մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն և նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Բնակիչների պնդմամբ` ժամեր շարունակ գյուղապետը չի պատասխանել հեռախոսազանգերին: Մենք էլ փորձեցինք կապվել գյուղապետի հետ, բայց նա հերքեց այդ լուրերը: Իհարկե, մարդու վրա ճնշում գործադրելու դեպքում նա չի կարող այդ մասին խոստովանել,- ասաց Ի.Զառաֆյանը:
«Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նշեց, որ ինքն այդ օրը խորհրդակցության է եղել մարզպետարանում: Խորհրդակցության ժամանակ իրենից պահանջել են ստորագրել համաձայնագիրը, ճնշում են գործադրել, բայց ինքը չի ստորագրել:
- Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել, որում ասվում է, որ եթե կառավարությունն այդ որոշումը չեղյալ չհայտարարի, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից,- ասաց գյուղապետը` հավելելով, որ պատրաստվում է նաև հրաժարվել Հանրապետական կուսակցության անդամությունից` այդպիսով բողոքելով իր ղեկավարած համայնքի նկատմամբ ցուցաբերված ճնշումների դեմ:
Ըստ Ի. Զառաֆյանի` մի ամբողջ գյուղ այսօր վտարման ռիսկի տակ է. սա սոցիալական լարվածության մեծ ռիսկ է, որը կարող է նպաստել արտագաղթի ալիքի մեծացմանը:
- Մեզ չեն գոհացնում ո՛չ կառավարության որոշումը, ո՛չ էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Քրոնիմետ» ընկերության պատասխանները: Ինչպե՞ս կարելի է ընդունել մի որոշում, որի արդյունքում մի ամբողջ գյուղ կարող է վտարվել: Որոշումներն ու օրենքները նախևառաջ պետք է բխեն հանրության շահերից,- ասաց նա:
Կառավարությունը ներողություն է հայցել քաջարանցիներից
Lragir.am
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի որոշմամբ աշխատանքային խումբը դեկտեմբերի 16-ին Քաջարան գյուղում էր:
Քաջարանցիներն իրենց անհամաձայնությունն են հայտնել կառավարության այս տարվա ապրիլի 28-ի որոշման մասին: Ըստ որոշման` գյուղի 181,7 հեկտար հողատարածքը ճանաչվել է գերակա շահ եւ հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքարդյունաբերական նպատակով:
Աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Բախշյանը, հանդիպելով գյուղապետարանի դահլիճում հավաքված քաջարանցիներին, ներողություն է խնդրել:
«Աշխատանքային խմբի այցը, իրոք, ուշացած է, որն ունի իր պատճառները: Ուզում եմ հայցել ձեր ներողամտությունը եւ հավաստիացնել, որ աշխատանքային խումբն ուսումնասիրելու է բոլոր խնդիրները, եւ դուք այդ մասին տեղյակ եք լինելու: Առանց ձեր համաձայնության ոչինչ չի կատարվելու», – քաջարանցիներին հավաստիացրեց տարածքային կառավարման փոխնախարար Ա. Բախշյանը:
Վիճաբանություն ԱԺ նախկին ու ներկա պատգամավորների միջեւ
Աննա Իսրայելյան, Առավոտ
Մեզ զանգահարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ պատմեց հետեւյալը. «Ես Սյունիքի մարզում եմ՝ գործուղման, այցելել եմ բոլոր այն գյուղերը, որոնց հողերը կառավարությունը ճանաչել է օտարման ենթակա՝ գերակա շահի պատճառով: Հանդիպել եմ գրեթե բոլոր գյուղապետերին, միայն երկուսին չեմ տեսել՝ մնացած բոլորի հետ զրուցել եմ, որ ավելի լավ պատկերացում կազմեմ, թե ինչ է տեղի ունենում: Հասել էի նաեւ Քաջարան գյուղ: Այդ գյուղ էր այսօր գնացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ մի մեծ շքախմբով, մեքենաներով: Այդ մարդկանց այցելելու նպատակն էր ամեն ինչ անել, որպեսզի նոր հանք բացվի: Հանդիպել էին նաեւ բնապահպան ակտիվիստների հետ: Ցավալին այն է, որ մտավորական ներկայացող անձը՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, նույն դիրքորոշումն ուներ:
Իհարկե, նրանց բանավոր սպառնալիքներն իմ նկատմամբ բացարձակապես որեւէ ազդեցություն չէին կարող ունենալ: Ես ասացի, որ այդքան տղամարդկանց առջեւ հայտարարում եմ՝ որեւէ հող չի օտարվելու, քաջարանցիները պայքարելու են, եւ մենք էլ՝ իրենց հետ, այնպես որ՝ իրենց այսպիսի գործողությունները՝ գալ ու փորձել խեղաթյուրել իրականությունը՝ չի հաջողվելու: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ շատ վրդովված ի պատասխան ասաց՝ մենք էլ ձեր հետ խոսելու ոչինչ չունենք: Ինձ ինչ որ հարցեր էին ուզում տալ, ես էլ պատասխանեցի, որ եթե հարցեր ունեք՝ պրն Խաչատրյան, դիմեք գրավոր, ես էլ ձեր բոլոր հարցերին կփորձեմ պատասխանել, բայց այս բոլոր հարցերը չեն վերաբերում կառավարության որոշմանը, որին դեմ են բոլոր քաջարանցիները, այդ թվում նաեւ ես՝ որպես ՀՀ քաղաքացի: Սուրեն Խաչատրյանը բառացի պատասխանեց՝ ես քեզ գրելու չունեմ»:
Կատարվածի մասին զրուցեցինք նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մերուժան Տեր-Գուլանյանի հետ, որը պատմեց. «Որպես ազգի մտավորական՝ մտածել էի, որ եթե գյուղը տեղահանում են, պիտի գնամ, տեսնեմ: Իմ ընկերոջը խնդրել էի եւ իր մեքենայով գնացել էինք: Մեքենան կանգնեցրել էինք Կապանում, քանի որ դժվար էր հաղթահարում զառիթափերը: Մարզպետն ինձ առաջարկեց, որ միասին՝ իր մեքենայով գնանք: Շատ շնորհակալ եմ մարզպետից: Բարձրացանք, Քաջարանի ժողովրդի հետ 2,5 ժամ կանգնած զրուցեցինք: Այնտեղ նաեւ ջահել բնապահպաններ կային: Մի աղջիկ շատ ակտիվորեն՝ դեռ չլսած, թե ինչի մասին է խոսքը, ես ինչի եմ եկել՝ սկսեց խոսել, թե գիտեք՝ սա սահմանամերձ տեղ է: Ասացի՝ աղջիկ ջան, անունդ ի՞նչ է: Ասաց՝ Մարիամ: Ասացի, իմ աղջկա անունն է, բալես, այդ ագրեսիադ թող, ու թող գյուղացիների հետ խոսեմ, հետո իրար հետ կխոսենք: Գիտեք իմ բնույթը, որ ես կին չեմ կարող վիրավորել՝ ես կնամեծար մարդ եմ:
Գյուղացիների հետ զրուցեցինք, դուրս եկանք ու գյուղի մուտքի մոտ իմացանք, որ պատգամավոր է գալիս ու կանգնեցինք: Տեսանք, որ Զարուհի Փոստանջյանն է: Ինքն ինձ ասաց՝ ինչ լավ է, որ մտավորականները գալիս են: Մարզպետն ու ինքը սկսեցին զրուցել, եւ այդ ամեն ինչը տեսախցիկով նկարահանված է, ես դա ձեզ կնվիրեմ՝ նայեք:
Զրույցը տեւել է մոտ երեք րոպե: Ես ընդամենը մի հարց տվեցի իրեն՝ ասացի, եթե ուզում եք, որ եղած արդյունաբերությունը մնա, բայց թափոնների պոչերը չշարունակվեն՝ ուրեմն, սա էլ պիտի փակեք: Շուռ եկավ ու ինձ ասաց՝ դուք մտավորական եք, այսպիսի բաներ եք ասում, փոխանակ ձեր տեսակետը հայտնեք: Ասացի՝ ներողություն եմ խնդրում, տիկին, ես դեռ որեւէ տեսակետ չեմ արտահայտել: Ասում է՝ չէ, ես անպայման ասելու եմ ձեր մասին, որ դուք ինձ ճնշեցիք: Նաեւ ասաց՝ ես պիտի հասնեմ նրան, որ էս երկրի թրքամետ իշխանությունները հեռանան այստեղից: Ասացի՝ Աստծո սիրուն, տիկին, ես գնացի ու նստեցի մեքենա: Խորին հարգանքս իրեն՝ չորս երեխա ունի: Ես չեմ կարող չորս երեխայի մորը վիրավորել: Բայց ինքը վիրավորեց ինձ, մարզպետին, բոլորին: Հինգ-վեց մարդու հաթաթա տվեց»:
Մերուժան Տեր-Գուլանյանը մեր զրույցում հայտնեց Քաջարան գյուղի խնդրի վերաբերյալ իր տեսակետը , որը կներկայացնենք առանձին:
Դադարեցրեք բնաբռնաբարությունը. Բողոքի ակցիա կառավարության առջև
Tert.am
Քաջարանում հանքի շահագործումը կհանգեցնի նրան, որ տեղի գյուղացիները թողնեն և հեռանան: Այս մտահոգությունն այսօր հայտնեցին կառավարության առջև ակցիա կազմակերպած բնապահպան ակտիվիստըները` «դադարեցրեք բնաբռնաբարությունը», «կանաչ, մաքուր, առողջ Հայաստան» պաստառներով:
«Մոտ 300 բնակիչ և 130 տուն ունեցաղ գյուղի տեղահանմանը, քանի որ հանքն ու գյուղը համատեղելի չեն: Ամբողջ գյուղը գյուզապետի հետ միասին դեմ են այս որոշմանը, մենք էլ աջակցում ենք նրանց»,-ասաց բնապահպան Ապրես Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ արդեն գյուղտեխնիկա է բերվել, սակայն գյուղացիները հետ են մղել դրանք:
«Նրանք հունվարից ուզում են շահագործել հանքավայրը»,-ասաց բնապահպանը:
ՀՀ մի շարք մարզերում հողերի կարգավիճակի փոփոխման մասին կառավարության որոշմամբ, ըստ իրավաբան Մերի Խաչատրյանի, պետք է Քաջարանում ոչնչացվեն նաև գերեզմաններն ու տեղի եկեղեցին:
«Էջմիածինը դեռևս սրան չի արձագանքել, սակայն մենք շուտով նամակ ենք գրելու ՀՀ վարչապետին ու նախագահին, չի բացառվում նաև Ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք պահանջում ենք, որ կառավարությունը այդ որոշումը ուժը կորցրած ճանաչի»,-ասաց Մերի Խաչատրյանը և ավելացրեց որ Քաջարանի նման սահմանամերձ գյուղերին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, ոչ թե նպաստել տարհանմանը:
Բնապահպանները խոստանում են Քաջարանի համար պայքարել այնպես, ինչպես դա արեցին Թռչկանի դեպքում:
Ի՞նչ է սպասվում քաջարանցիներին
Աշոտ Ավագյան, Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
15.12.2011-ին Կապանի Օրհուս կենտրոնի համկարգողը աշխատանքային այցով մեկնեց Քաջարան հանդիպելու Քաջարանի գյուղապետին հասկանալու գյուղի բնակիչների դիրքորոշումը կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշման վերաբերյալ: Գյուղապետի և համակարգողի զրույցը չավարտած լսվեց ուժեղ պայթյուն: Դա բաց հանքի պայթյունն էր, որը կրկնվում է հաճախակի և այդ պահին գյուղապետը հարց ուղղեց. ՙԴուք պատկերացնում եք, եթե բաց հանքի արդյունահանումը իրականացվի Ողջի գետի աջ ափինՙ: /Տես նկարը, առանց մեկնաբանությունների/:
16.12.2011թ. կառավարության աշխատանքային խումբը, որը գլխավորում էր տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը այցելեց Քաջարան գյուղ: Աշխատանքային խումբը բաղկացած էր բնապահպանության, մշակույթի, տարածքային կառավարման, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարությունների ու մարզպետարանի ներկայացուցիչներից: Այցի հիմնական նպատակը տեղում բազմակողմանի ուսումնասիրությունն էր այն խնդիրների, որոնք քաջարանցիները նամակով ներկայացրել են կառավարությանը եւ իրենց անհամաձայնությունն են արտահայտել կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշման վերաբերյալ: Ըստ այդ որոշման գյուղի 181,7 հեկտար հողատարածքը ճանաչվել է գերակա շահ եւ հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքարդյունաբերական նպատակով: Մինչ աշխատանքային խմբի աշխատանքները սկսելը Ա.Բախշյանը հանդիպեց գյուղապետարանի դահլիճում հավաքված 100-ից ավելի քաջարանցիների հետ: "Աշխատանքային խմբի այցը իրոք ուշացած է, որն ունի իր պատճառները: Ուզում եմ հայցել ձեր ներողամտությունը եւ հավաստիացնել, որ աշխատանքային խումբն ուսումնասիրելու է բոլոր խնդիրները եւ դուք այդ մասին տեղյակ եք լինելու: Առանց ձեր համաձայնության ոչինչ չի կատարվելու՚, - ասաց Ա,Բախշյանը: Այնուհետեւ աշխատանքային խումբը ավագանու անդամների, գյուղացիների, հետ միասին մանրամասն քննարկեց բարձրացված խնդիրները, յուրաքանչյուրն արտահայտեց իր կարծիքը, որոնք ամփոփվելուց հետո կներկայացվեն կառավարություն` խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Աշխատանքային խմբի քննարկումներին կմասնակցի նաև Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը:: Բաց հանքի ազդեցությունը գյուղական համայնքի վրա քննարկման ժամանակ համակարգողը ներկայացրեց նախորդ օրվա լուսանկարները: Պարոն Բախշյանի վրա տպավորությունը երևի մեծ էր, որ նա խնդրեց նկարները ներկայացնել աշխատանքային խմբին, որը և սիրով կատարվեց:
Մեր երեխաների ապագան հարցականի տակ է. Մարիամ Սուխուդյան
1in.am
Հանքարդյունաբերական նախագծերի իրականացման դեպքում վտանգված է Հայաստանի ապագան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը`խոսելով այսօր ՀՀ բնապահպանական խնդիրների շուրջ:
Մ. Սուխուդյանի համոզմամբ, այսօր հանքարդյունաբերությունը չի բխում հանրության շահերից, այլ բխում է մասնավոր անհատների շահերից: Նրա խոսքով, հանքարդյունաբերական նախագծերը մեր երեխաների ապագան դնում են հարցականի տակ: Ամենակարևոր խնդիրներն ակտիվիստը համարում է Հրազդանի երկաթահանքի շահագործումը, Ջերմուկ առողջարանային գոտին` Ամուլսար, Թեղուտ, Սվարանց, Աբովյան, Սևան: «Այս դեպքում չեմ տեսնում Հայաստանի ապագան, առողջ վերարտադրությունը»,- նման կարծիք հայտնեց Մ. Սուխուդյանը`հավելելով, որ ցանկացած դեպքում, ցանկացած ընկերության դեմ պետք է պայքարել: Նա նշեց, որ պետք չէ ասել, որ Թռչկանի ջրվեժի վրա կառուցվելիք ՀԷԿ-ը փոքր խնդիր էր, փոքր շահեր էին, դրա համար ստացվեց: Մ. Սուխուդյանն ասաց, որ մարդ պետք է հասկանա և կարևորի, որ ինքն է երկրի տերը, քանի որ նժարին դրված է մեր երեխաների ապագան: «Պետք է ոտքի կանգնել և պայքարել»,- հորդորեց ակտիվիստը:
Անդրադառնալով Քաջարան գյուղում առաջացած խնդրին`ասաց, որ Քաջարանում հանքարդյունաբերությունը լայնանալու է և հափշտակի քաջարանցիների գյուղը, դպրոցը, բնակավայրը, իրենց հայրերի գերեզմանները: «Մենք ծրագրել ենք լինել Քաջարանում, խոսել բնակիչների հետ, նկարել այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ»,- ամփոփեց բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Մենք այնքան շատ բնություն չունենք, որ փչացնենք. Նարեկ Դուրյան
1in.am
Ես ողջունում եմ Հայաստանում բնապահպանական շարժումների դերը: Շատ ուրախ եմ, որ այդպիսի շարժումներ կան, բնությունը պահպանող ցանկացած շարժում ես ողջունում եմ: Կարծում եմ, որ մենք այնքան շատ բնություն չունենք, որ փչացնենք դրանք: Շատ ուրախ եմ, որ Թռչկանի հարցում նրանք կարողացան հաջողության հասնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Նարեկ Դուրյանը, ով Փարիզում հարել է Կանաչների միությանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզի Քաջարան գյուղի տարածքներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանքարդյունաբերական աշխատանքների կատարման փաստին՝ դերասանն ասաց, որ այդ հանքի շահագործումն իր համար ինչ-որ տեղ հասկանալի կարող է լինել միայն այն դեպքում, եթե այն իսկապես կարևոր է երկրի գոյության համար, եթե դա կարևոր է Հայաստանի շահերի պաշտպանության համար:
«Արդյո՞ք իսկապես հանքի շահագործումը շատ պետք է: Դա է հարցը: Ունենք, չունենք մի կտոր Հայաստան ունենք, որ դա էլ փչացրի՞նք... Հետո՞»,- ասաց Ն. Դուրյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Քաջարանում նստացույց կարվի (տեսանյութ)
Yerkir.am
Բնապահպաններն եւ ակտիվիստները արձագանքել են Քաջարանի գյուղապետի ու գյուղի բնակիչների բողոքին, որ իշխանությունները ցանկանում են համայնքի հողերը տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` որպես հանքավայր:
Կառավարությում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրել էր Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնված նիստ, իսկ դրսում ընթանում էր բողոքի ցույց` ի պաշտպանություն Քաջարան գյուղի փրկության:
«Դադարեցրեք բնաբռնաբարությունը», «Առաջ հանքաստան» եւ այլ կարգախոսներով պաստառներ պարզած բնապահպան ակտիվիստները ամոթանք էին տալիս կառավարության շենքից դուրս եկող էներգետիկայի եւ բնական պաշարների, նաեւ բնապահպանության նախարարներին: Նրանց արձագանքեց միայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ այդ լիցենզիան ինքը չի տվել։
Բնապահպան ակտիվիստները yerkir.am-ին հայտնեցին, որ վաղը առավոտյան մեկնում են Քաջարան` միանալու քաջարանցիների պայքարին: «Գնում ենք Քաջարան` պահելու դիրքերը»,- հայտարարեցին նրանք` նշելով, որ հնարավոր է` անժամկետ նստացույց անեն Քաջարանում:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առայժմ գյուղի տարածքներին չի դիպչի. մամուլ
1in.am
«ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները երեկ` ողջ օրը, ուսումնասիրություններ են անցկացրել Քաջարան գյուղում, որից հետո գյուղացիներին վստահեցրել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առայժմ գյուղի տարածքներին չի դիպչի»,- գրում է «ՀԺ»-ն ու հավելում.
«Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը. «Ամբողջ գյուղը հավաքվել էր: Մենք նրանց ասացինք, որ բացառվում է` մենք մեր տարածքները տանք որևէ մեկին: Քննարկեցինք, խոսեցինք, գնացին: Կոմբինատից էլ ներկայացուցիչներ կային»,- պատմել է գյուղապետը` հավելելով, որ իր տպավորությամբ նախարարությունը դեռևս գյուղացիների կողմից է:
Իր հերթին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի օգնական Արթուր Հակոբյանը երեկ թերթին ասել է. «էսօրվա դրությամբ Քաջարանում տեղահանման և վերաբնակեցման խնդիր չկա, որովհետև կոնկրետ Քաջարանի տարածքից կոմբինատը վերցնում է այն հատվածը, որը բնակավայր չի: «Տարածքը, որ որպես հանք պետ է օգտագործենք, ամենամոտ տունը մի քանի հարյուր մետր հեռու է, բայց դա չի նշանակում, որ այդ մի քանի մետր հեռուի վրա հիմա գալու են պայթեցում անեն: Դա կարող է տևել հինգ տարի, տասը տարի, մինչև հասնեն էդ մի քանի հարյուր մետրին»,-ասել է Հակոբյանը:
Հարցին` ձեր կարծիքով, այդ տարածքում հնարավոր է լինելու ապրել, Հակոբյանը պատասխանել է` «Հա, հա, հնարավոր է լինելու ապրել»:
Դեկտեմբեր 19, 2011 at 14:43
