

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է Քաջարան գյուղի շուրջ ծավալված իրադարձությունների մասին պատմող նյութերը, որոնք հրապարակվել են նմամուլում
Վեց համայնք Քաջարանի օրինակո՞վ
A1+
Հանքերի շահագործման համար հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ Քաջարան գյուղին հարակից բոլոր գյուղերը
«Այնտեղ 5-6 գյուղ կա՝ Սեւքարը, Արծվանիկը, Սյունիք գյուղական համայնքը, Քաջարանը»,-ասաց բնապահպան բլոգեր Թեհմինե Ենոքյանը։
Ընդհանուր հաշվով, ըստ բնապահպանի, կառավարությունը պատրաստվում է հայրենազրկել 600 հեկտար հողատարածքի վրա ապրող հազարավոր մարդկանց։ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը ահազանգում է Սեւանի ավազանին սպառնացող մեկ այլ աղետի մասին։
«Մեզնից թաքցնում են Զոդի պոչամբարները, դրանց կուտակումը, ծանր մետաղները մոտենում են Սեւանի ջրավազանին»,-ասաց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը։
Նա արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունները պարզապես հարստություն են կուտակում, այլ խնդիր չունեն լուծելու
Ի դեպ, «Ուրբաթ» ակումբի հյուրերն արձանագրում են, որ տեղացիներին մարզպետարանի իշխանությունները փորձում են կաշառել, սակայն ըստ տեղացիների փողն ամեն հարց չի լուծում
Իշխանություններն, ըստ բնապահպանների, անցել են հարձակման, Քաջարան գյուղն արդեն տարիուկես ջուր չունի։ Տիգրան Խզմալյանն ասում է, որ տոտալ հարձակման դեպքում գյուղացիները մենակ չեն մնալու.«Գնալու ենք այնտեղ, ֆիզիկապես ենք դիմադրելու»։
Ի դեպ, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչն ասում է, որ հանքեր շահագործելը վատ բան չէ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ շահագործողները լինեն չընտրված իշխանությունները։
Սուրեն Խաչատրյանը ավելի լավ կողմնորոշվում է «Մարիոթ» հյուրանոցում, քան իր սեփական գյուղում. Տ. Խզմալյան
1in.am
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ավելի լավ կողմնորոշվում է «Մարիոթ» հյուրանոցում, քան իր սեփական գյուղում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը`անդրադառնալով բնապահպանների, ակտիվիստների Քաջարան կատարած այցին: Ըստ նրա` Սուրեն Խաչատրյանը չգիտեր նույնիսկ Քաջարան տանող ճանապարհը, քանի որ կիրակի օրը նրանից երկար ժամանակ է պահանջվել գյուղացիների հետ հանդիպմանը մասնակցելու համար:
Տիգրան Խզմալյանն ասաց, որ Հայաստանում գործող ռեժիմի միակ գործառույթը թալանն է: Նրա համոզմամբ` Քաջարանում կոմբինատի ընդլայնման աշխատանքները երեք հերթափոխով են իրականացնում, քանի որ գիտեն` ապագայում այդ ռեժիմի վերջը տրվելու է:
«Նրանք մտնում են մեր գրպանը, մեր երեխաների գրպանը: Մենք շատ կարևորում ենք այն, որ նրանց դեմ կանգնած են երիտասարդները, որոնց ապագան են նրանք փորձում թալանել այսօր»,- մեկնաբանեց Տ. Խզմալյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում «Էկոլուր» ՀԿ ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը նշեց, որ նպատակ կար մեկ սեղանի շուրջ նստեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրինությանը, Քաջարանի գյուղացիներին և բնապահպաններին: Ըստ Թ. Ենոքյանի` այդ հանդիպումը տեղի ունեցավ, սակայն առանց եզրահանգումների:
Սյունիքի մարզպետը Քաջարանի գյուղապետին չի կարողացել համոզել հետ վերցնել իր հրաժարականի դիմումը
News.am
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն, այսօր` դեկտեմբերի 20-ին, հանդիպել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ եւ պահանջել, որ վերջինս հետ վերցնի հրաժարականն ու շարունակի աշխատել, սակայն գյուղապետն ասել է, որ ինքը պայքարելու է մինչեւ վերջ: Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Ռաֆիկ Աթայանը: «Ես հրաժարականիս դիմումը հետ չեմ վերցրել: Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպել ենք, ասել է գնացեք աշխատեք: Ես էլ ասել եմ, որ իմ հրաժարականը ուժի մեջ է եւ ես պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ավելացրեց գյուղապետը:
Ճշտող հարցին, թե ներկա պահին նա գյուղապե՞տ է, թե` ոչ, Աթայանը պատասխանեց. «Հա, այս պահին ես գյուղապետ եմ եւ այնքան ժամանակ մինչեւ իմ հրաժարականն ընդունեն: Ես հրաժարականը գրել եմ, բայց չեն ընդունում: Խնդրում եմ ճիշտը գրեք թող ժողովուրդն իմանա: Ես երկրից տեղ գնալու տեղ չունեմ, ապրելու տեղ չունեմ, փող տվող չեմ»:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») տեղեկացրել էր, որ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին (նա հրաժարվել է գյուղապետի պաշտոնից եւ ՀՀԿ անդամությունից) հրավիրել է իր մոտ: Հարցին, թե արդյոք ինքը Ռաֆիկ Աթայանին կխնդրի հե՞տ վերցնել հրաժարականի դիմումը, Սուրեն Խաչատրյանն արձագանքել էր. «Ես ոչ ոքի խնդրելու բան չունեմ: Ընդամենը կանչել եմ ինձ մոտ տեսնենք որն է իր քայլերի պատճառը, ինչ խնդիրներ ունի»:
NEWS.am-ը տեղեկացրել էր նաեւ, որ դեկտեմբերի 14-ին, Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն` ոստիկանապետի մոտ: Քաջարան գյուղի բնակիչների մի խումբ հավաքվել է Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն են ունեցել, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Երեկոյան գյուղապետին ազատ են արձակել: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից: Դեկտեմբերի 15-ին Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից: Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա ավելացրեց. «Պարզ չէ՞, թե ինչի համար եմ հրաժարվել: Ինձ կանչել են պայմանագիր ներկայացրել, որ ստորագրեմ: Խոսքը կառավարության որոշման մասին է, որին ես դեմ եմ: Դրա կապակցությամբ ես բազմիցս բողոքել եմ, բայց ոչ մի արդյունք չեմ ստացել: Իսկ երեկ ինձ կանչել են, որ պայմանագիրը ստորագրեմ եւ ճնշումների արդյունքում հրաժարական եմ տվել»:
Գյուղապետին ասված ա, որ գնա իրա գործին. Սուրիկ Խաչատրյան
Yerkir.am
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպան Եղիա Ենոքյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է Մարիամ Սուխուդյանին, իսկ իրեն փորձել բռունցքով հարվածել:
«Երկիր»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հերքեց եւ վստահեցրեց, որ նման բան չի եղել: «Շանտաժ, շանտաժ, էտ աստիճանի շանտաժ: Նկարահանված կա, թող մի տեղ ցույց տան, որ մեկին հրել կամ մոտեցել եմ: Մարիամ Սուխուդյանին չեմ սպառնացել, նման տոնով չեմ խոսել, գուցե ասել եմ գնացեք, ամեն ինչ լավ կլինի, մենք ձեզանից շատ ենք մտահոգված մեր ժողովորդի մասին, նման խոսակցություն գուցե եղել է»,-նշեց Սուրիկ Խաչատրյանը:
Հարցին, թե մասնավորապես ինչ եք խոսել բնապահպանների հետ, մարզպետը հետաքրքրվեց, թե չլինի՞ քննություն ենք վերցնում իրենից:
Խաչատրյանը եւս նշեց, որ գյուղապետի հետ հանդիպել է, գյուղապետը հրաժարականը ետ է վերցրել: «Մտահոգվելու բան չկա, ամեն ինչ շատ լավ կլինի, դուք էլ կտեսնեք, գյուղապետին ասված ա, որ գնա իրա գործին, ոչ մի խնդիր չկա»,-հավելեց մարզպետը:
Սուրեն Խաչատրյանը Մարիամ Սուխուդյանին սպառնացել է, որ հետը վատ բան կլինի. Բնապահպան
News.am
Քաջարան այցելության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բնապահպան-ակտիվիստուհի Մարիամ Սուխուդյանին սպառնացել է, թե «եթե սուս չմնա, իր հետ վատ բան կպատահի»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, անդրադառնալով Քաջարանում ստեղծված իրավիճակին պատմեց բնապահպան Եղիա Ներսիսյանը հավելելով, որ Սյունիքի մարզպետը նաեւ իրեն է սպառնացել:
«Երբ գյուղացիները մի քանի ամիս առաջ դուրս էին եկել այդ տրակտորները կանգնեցնելու մարզպետն ասել է, թե ինչու ինձ չենք կանչել ես էլ կհելնեի, որ կանգնեցնեի, այնինչ` մարզպետի հրամանով էր այդ տրակտորը եկել այդտեղ»,- նշեց Եղիա Ներսիսյանը տեղեկացնելով, որ շուտով այս փաստերը վկայող տեսանյութ կտարածեն: Իսկ բնապահպան Թեհմինե Ենոքյանը, ով ներկայացնում է «Էկոլուր» հ/կ-ն նշեց, որ արդեն ավարտել են «Հանրային շահ» վերնագրով երկրորդ ֆիլմը: Նա հույս հայտնեց, որ հետագայում առիթ չի լինի նույն վերնագրով 4-րդ, 5-րդ ֆիլմեր նկարահանել:
Ի դեպ, Եղիա Ներսիսյանը պատմեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Քաջարան այցելած բնապահպաններին որպես թշնամի է դիմավորել , սակայն քաջարանցիները «դուխով» են դիմադրել մարզպետին, ինչը մինչ այդ չեն արել: «Շատ հետաքրքիր բաներ կան, որոնք ներկա պահին պաշտոնյանների կողմից հերքվում են: Բայց բնապահպանները փաստացի տեսնյութերով շուտով այդ ամենը ջրի երես են հանելու: Իսկ քաջարանցիները պատրաստ են պատվով պահել իրենց գյուղի անվան նշանակությունը` քաջ քաջարանցիներ»,- նշեց Եղիա Ներսիսյանը, հավելելով, որ խոսքը 200 քաջարանցիների մասին է:
Ավելի վաղ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին իրեն հրավիրել են Կապանի ոստիկանապետի մոտ, որպեսզի ստիպեն ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել ՀՀԿ անդամությունից:
«Պետական գերակայությունը մի կոմբինատի շահերի գերակայություն չէ»
Առավոտ
Մերուժան Տեր-Գուլանյանը Քաջարան գյուղի բնակիչների հետ իր այսօրվա զրույցների հիման վրա մեզ հայտնեց իր եզրակացությունը. «Տեղի է ունեցել լուրջ սխալ: Կառավարությունը երբ որոշում է ընդունում գերակա տարածքների մասին՝ բարի պիտի լիներ, նախ այդ ժողովրդի հետ գնար, խոսեր: Պիտի հանրային քննարկումներ անցկացվեին, ինչպես նաեւ՝ պիտի փոխհատուցում տրվեր այդ մարդկանց, ովքեր այդտեղից դուրս են գալու: Բայց այդ ամենը չի արվել, ուստի եւ՝ գյուղացիները ճիշտ են:
12-րդ դարի եկեղեցի կա այդ գյուղում, պապական գերեզմանոց: Ընդ որում՝ անկեղծ ասեմ, իրենք հիմնականում համաձայն էին, որ իրենց տեղափոխեն, քանի որ ընդամենը մոտ 60 մարդ է ձմեռն ապրում Քաջարան գյուղում: Այնտեղ դպրոց չկա՝ ջահելները գնացել են Քաջարան քաղաք, ավագներն են մնացել այդ գյուղում: Մի քանի ընտանիք կա, որ իրենց երեխաներին պահում են այնտեղ ու նաեւ դպրոց են տանում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է ավտոբուս հատկացրել՝ երեխեքին տանում է դպրոց ու բերում:
60-ականներին երկրաշարժ է եղել ու քանդվել է ողջ գյուղը: Հետագայում Խորհրդային Միությունը փայտե տներ է կառուցել այս մարդկանց համար: Մնացած ամեն ինչն ավերակ է: Ապրում են փայտե տներում: Կոպիտ ասած՝ ամառանոց է Քաջարան գյուղը: Այնտեղ գրանցված է 130 մարդ: Բայց փաստացի ապրում են 50-60-ը՝ իրենք էլ չկարողացան ճշտել, քանի որ գյուղապետը բացակայում էր:
Մամուլում գրվել է, թե գյուղի լույսերն ու ջուրն անջատել են: Բայց ոչ լույսն են անջատել, ոչ էլ ջուրը. այդ ստերը, չգիտեմ, որտեղի՞ց են դուրս գալիս ու մեր մամուլը մեղք է, որ իրար բերնեբերան կրկնում են: Հարցրել եմ՝ ձեր լույսն անջատե՞լ են, պատասխանել են՝ ոչ; Մտել եմ մեկի տուն, որ իմանամ՝ ջուր ունե՞ն, թե՞ ոչ: Ծորակը բացեցի՝ տեսա, որ ջուրը գալիս է:
Ասածս հետեւյալն է՝ չի կարելի այդպիսի հապշտապ որոշում ընդունել. պետական գերակայությունը ես հասկանում եմ՝ ամեն պետություն այդ խնդիրն ունի: Բայց պետական գերակայությունը չի նշանակում, թե պետք է լինի մի կոմբինատի շահերի գերակայություն: Վերջիվերջո՝ պետությունն այդ գյուղն է, ժողովուրդն է: Այդ մարդկանց ամենամեծ ցավն այն էր, որ կոմբինատի ղեկավարությունը չէր եկել իրենց հետ խոսելու:
Հիմա ինչ եմ պարզել. նախ՝ գյուղը չեն տեղափոխում, տեղահանում: Գերեզմանոցը, եկեղեցին չեն քանդում: 50 հեկտար հող են ուզում՝ սարի հակառակ կողմում: Բայց գյուղացիներն ասում են, որ եթե այնտեղ սկսեն պայթեցումներ՝ կամաց-կամաց կգան դեպի գյուղ: Եվ եթե ապագայում նման բան է լինելու՝ կարիք չկար «մի բաժակ ջրում փոթորիկ», «մի կաթիլ մեղրի» պատմություն սարքել՝ գնայիք, մարդավարի խոսեիք: Ընդ որում՝ բոլորը համաձայն են, որ եթե իրենց փոխհատուցում տան… բացի մի խանում, տարիքով կնոջից: Նա ասաց՝ ես քաղաքում տուն չունեմ, բալա ջան, էս որ բոլորը գնան՝ ես ո՞ւր մնամ: Թող այդ կնոջն էլ տուն տան:
Ի դեպ, միակ մարդը, որին հավատում էին՝ մարզպետն էր: 20-25 հոգի էին հավաքված, ու մարզպետին ասում էին՝ մենք ձեզ ենք հավատում, եթե ասեք, որ դուրս եկեք, խոսք եմ տալիս՝ փոխհատուցում կստանաք՝ մենք կհավատանք, որ դուք կանեք: Մարզպետն էլ ասաց, թե ձեզ անպայման պիտի փոխհատուցում տան, ու մինչեւ այդ հարցերը կառավարության միջոցով չքննարկվեն, այդ խնդիրները մինչեւ վերջ չլուծվեն՝ ոչ մի բան չի լինելու, մնացեք ձեր տեղում, առաջինը ես կկանգնեմ, ու չեմ թողնի: Ապշելու բան էր՝ իսկապես զարմացա, ու Սուրիկին ասացի՝ ախպեր ջան, այնքան ուրախ եմ, որ հետս եկար ու ես տեսա, որ այդ վիրավոր գյուղի ժողովուրդը քեզ սիրում ու հավատում է՝ ամենակարեւորը»:
ՀՀ կառավարության Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի քարոզիչ Սուրիկի ախպեր Մերուժան Տեր Գուլանյանի 18.12.2011 թվականի հայտարարությանը ի պատասխան
Մարիամ Սուխուդյան, Զարուհի Փոստանջյան
Պարոն Մերուժան, ցավոք սրտի, Ձեր հետևյալ հայտարարությունը «անկեղծ ասեմ, իրենք հիմնականում համաձայն էին, որ իրենց տեղափոխեն»` չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի հայ մարդ և հայ գյուղացի, առավել ևս` քաջարանցի, չի ցանկանում դառնալ փախստական, տեղահանված կամ տեղափոխված: Այս ցավալի իրողության հեղինակը և խրախուսողը ՀՀ իշխանություններն են, որին միացել եք նաև Դուք:
Ինչ է նշանակում, որ տեղափոխման հիմք է նաև, որ Քաջարան գյուղում «Ընդամենը մոտ 60 մարդ է ձմեռն ապրում»: Սահմանամերձ գյուղի բնակչության տարհանման խրախուսումը ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի հանդեպ:
Երբ Ձեր հայտարարության մեջ նկարագրում եք գյուղի թշվառ վիճակը, ներկայացնելով` «Ամեն ինչն ավերակ է: Ապրում են փայտե տներում: Կոպիտ ասած՝ ամառանոց է Քաջարան գյուղը» և այլն: Ինչ է, Ձեզ հայտնի չէ այսօրվա մեր գրեթե բոլոր գյուղերի, հատկապես` սահմանամերձ գյուղերի թշվառ վիճակը և սակավաբնակ լինելը: Ինչպես Դուք Ձեզ հռչակում եք որպես «ազգի մտավորական» և «Սուրիկ ախպոր» ընկեր, հավանաբար դա էր դրդապատճառը, որ հանկարծ որոշեցիք ձմռանը գնալ Սյունիքի մարզ Քաջարան գյուղ, որի հողերից, համաձայն ձեր հայտարարության` «50 հեկտար հող են ուզում՝ սարի հակառակ կողմում», այնինչ իրական թիվը 181,7 հեկտար է:
Իսկ ինչու «ազգի մտավորականը» իր «Սուրիկ ախպոր» հետ չայցելեց նաև հանքաարդյունաբերության կործանարար հեղեղի տակ ընկած Սյունիքի մարզի մյուս գյուղերը`Սյունիք, Սևաքար, Արծվանիկ, Աճանան, Չափնի գյուղերն ևս, որոնք նույնպես թշվառ վիճակում են, և որոնցից ՀՀ կառավարությունը շուրջ 400 հեկտար ավելի հողեր է ցանկանում օտարել, ինչը պետք է ծառայի Քաջարան գյուղի հանքի շահագործման հետևանքով առաջանալիք թափոնների` պոչանքի տեղ:
Քաջարանցիներին ճնշում են
1in.am
Բնապահպանները և ակտիվիստները հանգստյան օրերին այցելեցին Քաջարան և հարակից գյուղեր: Բնապահպանները, ծանոթ լինելով Քաջարան գյուղում ստեղծված խնդրին, որոշել էին աշխատանքային խումբ կազմել և գնալ Քաջարան խնդրին տեղում ծանոթանալու նպատակով:
Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Վերջինիս դեմ են քաջարանցիները: Բնապահպանները դրանում համոզվել են, երբ խոսել են գյուղացիների հետ:
«Բոլորը միանշանակ նույն դիրքորոշումը հայտնեցին. դեմ էին այդ որոշմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց բնապահպան, լուսանկարիչ Եղյա Ներսիսյանը`պատմելով հանդիպման մանրամասների մասին:
Այցի երկրորդ օրը, ըստ բնապահպանի, հանդիպել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, գյուղացիների հետ: Ինչպես նշեց լուսանկարիչ Ե. Ներսիսյանը, Սյունիքի մարզպետը գյուղ այցելած բնապահպաններին և ակտիվիստներին խանգարող հանգամանք է ընդունել`հորդորելով նրանց գնալ, քանի որ ինքը գյուղացիների հետ է ցանկանում խոսել:
«Մեր ներկայությունից գյուղացիները ոգևորվեցին և հայտնեցին իրենց բոլոր մտահոգությունները: Ասացին, որ դեմ են, չեն ցանկանում, որպեսզի կոմբինատն ընդլայնվի: Սակայն Սյունիքի մարզպետը հավատացնում էր, որ ոչինչ չի արվելու: Խաբկանքի մթնոլորտը չափազանց մեծ էր»,- մեկնաբանեց Ե. Ներսիսյանը`ընդգծելով, որ միշտ այդպես է արվում: Նրա համոզմամբ, Քաջարան գյուղի բնակիչների նկատմամբ ճնշումներ են կիրառվում:
Գյուղ այցելած ակտիվիստներն ականատես եղան, թե ինչ պայմաններում են ապրում և պահում իրենց բնակավայրը գյուղի բնակիչները: «Դա պատմական հող է: Այդ մարդիկ չեն ցանկանում լքել իրենց գյուղը»,- ամփոփեց Ե. Ներսիսյանը`խնդիրը բավական լուրջ գնահատելով:
Մեր աղբյուրների համաձայն`Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում և Սուրեն Խաչատրյանի միջև խոսակցություն է եղել Քաջարանի խնդրի թեմայով:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իր ծավալները չպետք է ընդլայնի գյուղացիների հաշվին. Ի. Զառաֆյան
1in.am
Այսօր Երևանի «Օրհուս» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Քաջարանի խնդրի շուրջ: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների տնօրեններ, ներկայացուցիչներ և բնապահպանական ակտիվիստներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը`ներկայացնելով խնդիրը և դրա շուրջ ծավալված քննարկումը:
Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ըստ Ի. Զառաֆյանի` դա հակասահմանադրական որոշում է, որովհետև խախտվում են մարդկանց սահմանադրական իրավունքները: «Որոշում է կայացվել դիմել Գերմանիայի մեր գործընկերներին, որովհետև «Քրոնիմետ» ընկերությունը, որն իրականացնում է շինարարությունը, գերմանական ընկերություն է»,- մանրամասնեց Ի. Զառաֆյանը`հավելելով, որ նաև որոշել են քննարկեն, թե ինչքանով է կառավարության որոշումը համապատասխանում Սահմանադրությանը: Խնդրով անհանգստացած բնապահպանները կդիմեն նաև Հանրային խորհրդին:
Ինչպե՞ս օգնել Քաջարան գյուղին
A1+
Ինչպե՞ս օգնել Սյունիքի մարզի Քաջարան գյուղին: Մի խումբ բնապահպաններ այսօր կլոր սեղան էին հրավիրել՝ գյուղի հարակից հանքավայրի շահագործման մասին կառավարության որոշումը կանխելու համար: Հանքավայրը շահագործելու թույլտվություն է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
«Վիճակը շատ թեժ է՝ կառավարության որոշումը ոչ միայն առանց գյուղացիների, այլ մարզպետարանի, է»,- այսօր քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպան Ինգա Զարաֆյանը։
Բնապահպաններն ահազանգում են, որ շահագործման թույլտվություն ստացած հանքի մի մասը գտնվում է անմիջապես Քաջարան գյուղի տակ։
«Երբ նրանք սկսեն շահագործել այդ հանքը, ամբողջ փոշին կլցվի գյուղը։ Ոչ մի մեղմացնող միջոց այնտեղ չի կարող լինել»,-նշեց տիկին Զարաֆյանը։
Հաշվի առնելով այն փաստը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի 60 տոկոսը պատկանում է գերմանական CRONIMED ընկերությանը, Ինգա Զարաֆյանն առաջարկում է աջակցություն խնդրել գերմանացի բնապահպաններից:
«Սբ. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միության» ղեկավար Արտեմիս Լեփեջյանն էլ հավելեց. «Այն երկիրը, որ միայն հանքարդյունաբերությամբ է զբաղվում, գաղութային երկիր է դառնում»։
Տիկին Լեփեջյանը համոզված է, որ Քաջարանի հանքի շահագործման դեպքում գյուղը դատարկվելու է. «Մարդուն եթե իր հողից կտրեցիր, նրա համար այլեւս միեւնույնն է, թե ուր կմնա։ Նրա ճանապարհն արտագաղթն է»:
Հիշեցնենք՝ 4 օր առաջ Քաջարանի գյուղապետը հրաժարական տվեց՝ չհամաձայնվելով հանքը շահագործելու մասին կառավարության որոշման հետ։ Քաջարան այցելած բնապահպնաները վստահցնում են, որ գյուղացիները որեւէ փոխհատուցման մասին լսել չեն ուզում եւ չեն պատրաստվում հեռանալ գյուղից:
Երբ հողը խլում են հողագործից
Ռուբեն Վարդանյան, Հայացք
Բնապահպանները կառավարությունից պահանջում են չեղյալ համարել 627-Ն որոշումը, որով Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերը հանրային գերակա շահ են համարվել և հատկացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Այս պահանջով երեկ կառավարության շենքի մոտ բնապահպան-ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրին: «Առաջ Հանքաստա՞ն», «Կանաչ, մաքուր, առողջ Հայաստան», «Պահպանենք բնությունը» և այլ բովանդակությամբ պաստառները պարզած` նրանք պատկան մարմիններին սթափվելու կոչեր էին անում:
Բնապահպանները կառավարության որոշումը վտանգավոր և անտրամաբանական են որակում:
«Սա հերթական աղետալի, վտանգավոր, հանրության շահերից չբխող որոշում է, որին դեմ են թե գյուղի բնակիչները, թե գյուղապետը: Սա խայտառակ նախագիծ է, որը վտանգում է ազգային անվտանգությունը, քանի որ Քաջարանը սահմանամերձ բնակավայր է»,- նշեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Հիշեցնենք, որ գյուղի շուրջ 300 բնակիչներ որոշման պատճառով տեղահանման վտանգի տակ են, հրաժարականի դիմում է ներկայացրել գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Բնապահպանները, սակայն, հույս ունեն, որ կկարողանան կառավարությանը ստիպել փոխել այդ որոշումը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես մասնակցում էր ակցիային: Նա հույս հայտնեց, որ միասնական պայքար մղելու դեպքում դրական արդյունքի կհասնեն, ինչպես Թռչկանի ջրվեժի դեպքում եղավ:
Ռուզաննա Ստեփանյան, Ազատություն
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում լարված իրավիճակ է. գյուղացիները ուրբաթ օրը հավաքվել են գյուղապետարանում հույսով, որ իրենց հետ հանդիպման կգա տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Գյուղացիները խիստ վրդովված են, որ կառավարության որոշման համաձայն գյուղի հողերը պետք է վերածվեն հանքերի:
Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքների, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Գյուղացիները այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կառավարությունը որոշել է իրենց զրկել իրենց միակ ապրուստից` հողագործությունից, անասնապահությունից, մեղվաբուծությունից: «Անգամ մեր ծնողների գերեզմաններն են ուզում քանդել», - վրդովված պատմում էին գյուղացիները:
Նինա Անդրեասյանը ասում էր, որ ոչ միայն առանց գյուղացիների կարծիքը հաշվի առնելու իրենց հողերից են զրկում, այլեւ գյուղապետն է առանց իրենց կարծիքը հաշվելու հրաժարական տվել:
«Մեր ապրուստը, մեր ամեն ինչը այստեղից ենք ստանում, մեր տունը, մեր տեղը այստեղ է», - ասում էր Անդրեասյանը:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը նույնպես դեմ է գյուղի համայնքային հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին հանձնելուն եւ, հրաժարվելով ստորագրել հողերի հանձնման մասին փաստաթուղթը, հինգշաբթի օրը հրաժարական էր տվել: Նա նաեւ հայտարարել է, որ դուրս է գալիս իշխող Հանրապետական կուսակցությունից:
Քաջարան գյուղի բուժքույր Գոհար Ջհանգիրյանը խիստ վրդովված էր, որ կառավարության որոշման արդյունքում իր ընտանիքը ոչ միայն զրկվելու մշակովի հողատարածքնից, այլեւ սկեսրոջ գերեզմանից: Ջհանգիրյանը ասում էր, որ սկեսուրը մահացել է մեկ տարի առաջ, գերեզմանը նոր են կառուցել, 1.5 միլիոն դրամ են ծախսել, իսկ հիմա դա էլ են ուզում քանդել:
«Ի՞նչ պիտի անենք մենք, գնա՞նք քաղաք, կարո՞ղ ենք այնտեղ ապրել, չենք կարո'ղ: Ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, մեզ հետ ոչ մեկը հաշվի չի նստել, մեր կարծիքը ոչ մեկը չի հարցնում, իրենք են որոշում ու հիմա էլ այս վիճակն է, ամբողջ ժողովուրդը խառնված է իրար», - ասաց գյուղի բուժքույրը:
Ի դեպ, Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե Սյունիքի մարզպետը ստիպել է իրեն հրաժարական տալ: Նրա փոխանցմամբ` դա իր անձնական որոշումն է եղել, ավելին, ըստ նախկին գյուղապետի, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեմ է եղել իր հրաժարականին, անգամ մեկ օր ժամանակ է տվել, ասել է` գնա, մտածի:
«Խորհրդակցության ժամանակ, ես պետք է ստորագրեի պայմանագիրը, չեմ ստորագրել, հրաժարականի դիմումս գրել եմ, պարոն մարզպետը ինձ մի օր ժամանակ է տվել, ասել է` ես քո դիմումը չեմ մակագրում, գնացեք մտածեք: Մի օրից հետո ես ամբողջ գիշեր վերլուծել եմ, տեսել եմ, որ իրականությունը այնպիսին է, որ ես պետք է հրաժարական տամ,: Ես իմ հողն ու ջուրը ոչ մեկին չեմ տա, ես իմ գյուղում եմ, ես ապրելու եմ այստեղ, մեռնելու եմ այստեղ, իմ երեխաները այստեղ են, տեղ չունեմ գնալու», - ասաց Աթայանը:
Մինչ Քաջարանի գյուղացիները սպասում էին, որ կառավարությունից իրենց գյուղ մարդ է գալու, Երեւանում կառավարության շենքի դիմաց Քաջարանի գյուղացիներին ցույցի միջոցով իրենց աջակցությունն էին ցույց տալիս մի խումբ բնապահպաններ:
Վաղը մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են ուղեւորվել Քաջարան գյուղ` տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ցուցարարները, որոնց մեջ էին նաեւ Թռչկանի ջրվեժի ակտիվիստները, չբացառեցին, որ կարող է մի նստացույց էլ Քաջարանում կազմակերպեն: Եղիա Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները իրենցից ուղղակի օգնություն են խնդրել:
«Մենք գնում ենք Քաջարան, որովհետեւ չենք հավատում, որ այսօր Հայաստանում դիրքերը մինչեւ վերջ պահողներ կան: Ճիշտ է` այս դեպքը բացառություն է, որ ամբողջ գյուղը ոտքի է կանգնել ու պայքարում է ու շատ լավ է, դա ինչ-որ տեղ մեզ ներշնչում է, չնայած իրենք երկու անգամ մեզ զանգել են, դիմել են, ասում են եկեք, օգնեք մեզ: Այսինքն մարդիկ այդ օգնության կարիքը ունեն», - ասաց Ներսիսյանը:
Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը իսկապես Սյունիքի մարզում է, բայց նա Քաջարան չի մեկին: Փոխարենը գյուղացիներին կհանդիպի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:
Գյուղապետի հրաժարականը օգուտ տվեց
Հայկական ժամանակ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները երեկ` ողջ օրը, ուսումնասիրություններ են անցկացրել Քաջարան գյուղում, որից հետո գյուղացիներին վստահեցրել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առայժմ գյուղի տարածքներին չի դիպչի: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: «Ամբողջ գյուղը հավաքվել էր: Մենք նրանց ասացինք, որ բացառվում է` մենք մեր տարածքները տանք որեւէ մեկին: Քննարկեցին, խոսեցին, գնացին: Կոմբինատից էլ ներկայացուցիչներ կային»,- պատմել է գյուղապետը` հավելելով, որ իր տպավորությամբ` նախարարությունը դեռեւս գյուղացիների կողմից է: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` ինչպես Քաջարանի, այնպես էլ հարակից այլ գյուղերի տարածքներ ճանաչվել են «հանրային գերակա շահ» եւ պետք տրամադրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` գունավոր մետաղի հանքաքարերի արդյունահանման նպատակով: Գյուղապետ Աթայանը պնդում է, որ տարածքները կոմբինատին տալու դեպքում` գյուղացիները պետք է տարհանվեն գյուղից, ինչը իրենք երբեք չեն անի: Ի նշան բողոքի` նա նույնիսկ հրաժարական է տվել, չնայած երեկ նույնպես շարունակել է պաշտոնավարել:
Ճակատամարտ սահմանային Քաջարան գյուղի համար
Վահրամ Օրբելյան, Սյունաց Երկիր
«Գյուղի բնակիչները պահանջում են հանդիպում Պիլարսկու հետ, եթե, իհարկե, գոյություն ունի այդ անունով սեփականատեր», - ասում է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը
Քաջարան գյուղի հիմնախնդիրներին մեր թերթը մի քանի անգամ անդրադարձել է: Հերթական անդրադարձի առիթ եղավ «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախաձեռնած "Քաջարան գյուղի բնապահպանական եւ սոցիալական խնդիրները" թեմայով կլոր սեղանը:
Միջոցառման շրջանակներում` դեկտեմբերի 1-ին Կապանի "Օրհուս" կենտրոնում տեղի ունեցավ "Բացառիկ գերակա շահ" ֆիլմի շնորհանդեսը եւ ֆիլմում արծարծված խնդիրների քննարկումը, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" փակ բաժնետիրական ընկերության եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, համայնքի անդամներ: Ընթերցողին հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց "Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիք համայնքների վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակության փոփոխելու մասին" N627-Ն որոշումը: Քաջարան գյուղի դեպքում, համայնքապետ Ռաֆիկ Աթայանի վկայությամբ, դա նշանակում է 181.7հա գյուղատնտեսական հողեր տալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որից 45հա տարածության վրա արդեն նախատեսված են աշխատանքներ իրականացնել: Ֆիլմում քաջարանցիները բարձրաձայնեցին գյուղում կուտակված սոցիալական խնդիրների մասին, իսկ այսօր նրանց առավել հուզում է մի հիմնահարց` բնակավայրի հավանական տեղահանությունը: "Մեր համայնքում բոլորը դեմ են` ե՛ւ համայնքապետը, ե՛ւ ավագանին… Ես չեմ տա իմ հողը, միլիոն էլ տան` չե՛մ տա…", - սա Քաջարան գյուղի բնակիչների ձայնն է:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր նկատառումները հայտնեց գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, որի խոսքն առավել քան հուզական ստացվեց. "Անընդհատ խոսում են սահմանամերձ գյուղերն ամրապնդելու մասին, բայց մեր գյուղի վրա դամոկլյան սրի նման կախված է տեղահանության վտանգը, մի՞թե տրամաբանական է քոչեցնել մի գյուղ, որը Նախիջեւանի տարածքից 8կմ հեռավորության վրա է գտնվում: Մարդկանց մեջ ահ է ընկել. ո՞ւր պիտի գնանք ապրելու, խնդրում ենք հանրապետության իշխանություններին` կառավարության չարաբաստիկ որոշումը չեղյալ համարել: Ոչ մի դեպքում մարդիկ չեն լքելու իրենց բնօրրանը. այստեղ մեր պապերի ու ծնողների գերեզմաններն են, մորս մահվան տարելիցը դեռ չի լրացել: Նման մի տխուր նախադեպ կա, երբ երկրի քարտեզից վերացավ Հանքավան բանավանը, որի տեղում հիմա բաց հանքն է: Մեր գյուղը 3 դարի պատմություն ունի, ոչ մի հատուցում մեզ պետք չէ, թողնեն` ապրենք մեր պապական հողի վրա: Գետի աջ կողմում 200 տարվա պաշար կա, ինչո՞ւ են ցանկանում անցնել ձախ կողմը, որտեղ մեր գյուղն է: Ասում են` ստեղծվել է աշխատանքային խումբ, որ պիտի զբաղվի մեր գյուղի խնդրով: Բայց նրանից էլ մեծ ակնկալիքներ չունենք: Մի վերջին անգամ ցանկանում ենք դիմել հանրապետության նախագահին: Եթե հարցի դրական լուծում չստացանք, դիմելու ենք միջազգային ատյաններին, հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին: Մենք նաեւ բաց նամակով դիմելու ենք "Քրոնիմետ" ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկուն: Գյուղի բնակիչները պահանջում են հանդիպում Պիլարսկու հետ, եթե, իհարկե, գոյություն ունի այդ անունով սեփականատեր":
Քննարկման ժամանակ հրապարակվեց Քաջարան համայնքի բաց նամակը` ուղղված "Քրոնիմետ" ընկերությանը եւ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲ ընկերության ղեկավարությանը, որ բերում ենք ստորեւ.
"Այսօր խաղաքարտին է դրված Քաջարան գյուղի տեղահանման հարցը: Պատճառը ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումն է, ըստ որի համայնքի սեփականություն հանդիսացող 181.7 հա հողատարածքի նկատմամբ հանրային բացառիկ գերակա շահ է ճանաչվել:
Քաջարան գյուղի բնակչությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության N627-Ն չարաբաստիկ որոշումը:
Պատմական անցյալ ունեցող Քաջարան գյուղը սահմանակից է Նախիջեւանին, ուստի մենք պահանջում ենք առանձնահատուկ վերաբերմունք եւ հատուկ ուշադրություն սահմանամերձ այդ գյուղի նկատմամբ:
Մեր սրբավայրերը` 17-րդ դարում կառուցված Սբ Հակովբ եկեղեցին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող փառահեղ հուշակոթողը, գերեզմանատունը, որտեղ ամփոփված են մեր անվանի նախնիների, ինչպես եւ լեռնահանքային ձեռնարկության վաստակաշատ աշխատողների աճյունները, ենթակա չեն բարբարոսության: Համայնքի բնակչությունը պատրաստ է արյան գնով պաշտպանել իր սրբությունները:
Մենք չենք պատրաստվում հեռանալ` լքելով մեր բնակավայրը: Ծննդավայրը չի կարող գին ունենալ: Եվ որեւէ փոխհատուցման մասին խոսակցությունն անգամ չեն կարող ստիպել մեզ փոխելու մեր մտադրությունը:
Առաջարկում ենք վերահաշվարկել հանքավայրում առկա օգտակար հանածոների պաշարները: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` "ԶՊՄԿ" ՓԲ ընկերության` ներկայումս գործող ծննդավայրում առկա է 25-30 տարվա պաշար: Հորդորում ենք ձեզ` խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, քանզի այն անսպառ չէ, իսկ հետագա սերունդներին զրկել այդ ռեսուրսից` առնվազն հանցագործություն է:
Քաջարան գյուղի բնակչության զգալի մասն աշխատում է կոմբինատում: Վերջերս պարբերաբար սպառնալիքներ են հնչում (ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում) այն աշխատողների հասցեին, ովքեր ակտիվություն են դրսեւորում հայրենի գյուղի բնակիչներին հուզող խնդրի առնչությամբ: Համայնքի բնակչությունը պահանջում է սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսելու փոխարեն ապահովել ձեռնարկության աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաեւ հարգել սեփականության մեր իրավունքը:
Մենք հավատում ենք ձեր խոհեմությանը եւ չենք պատկերացնում, որ դուք այդքան հեշտությամբ կհամաձայնեք հնամենի մեր գյուղի վերացման ծրագրի իրականացմանը, որի հիմքում կառավարության վերոհիշյալ որոշումն է:
Կից ներկայացնում ենք Քաջարան գյուղում այդ հարցի կապակցությամբ սույն թվի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հասարակական ժողովի մասնակիցների ստորագրությունները (թվով 23 ստորագրություն)":
Քննարկման ժամանակ հայտնվեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` փոխնախարար Արտաշես Բախշյանի գլխավորությամբ` Քաջարան գյուղական համայնքի բնակիչների դիմումը քննարկելու եւ հիմնախնդիրն ուսումնասիրելու համար:
Դեկտեմբեր 20, 2011 at 18:42
