

HayNews.am
HayNews.am-ի տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանին բավական բարկացրել է այն, որ նրան Քաջարանի գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել:
Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, թե տեղական որոշ չինովնիկներ, ինչպես նաև կառավարության՝ ոլորտի պատասխանատու անդամները իրականությանը ոչ այնքան մոտ պատկեր են իրեն «հրամցրել»: Մեր աղբյուրները պնդում են, թե կառավարության ղեկավարը արդեն հասցրել է մի լավ բարկանալ ոլորտի պատասխանատուների վրա, իսկ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի:
Սենսացիա Տիգրան Սարգսյանից
Համացանցում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի Տիգրան Սարգսյանը պատրաստվում է Քաջարանի բնապահպանական հայտնի խնդրի վերաբերյալ հայտարարություն անել՝ “սենսացիոն” հայտարարություն: Նշվում է նաեւ, թե վարչապետը որոշ բնապահպանների հետ զրույցից հետո ձեռքը խփել է սեղանին եւ բարկացել, որ Քաջարանի իրավիճակն իրեն ճիշտ չեն ներկայացրել:
Հետաքրքիր է իհարկե: Հետաքրքիր է ոչ այնքան սպասվող “սենսացիոն հայտարարության” բովանդակության, այլ երեւույթի տեսանկյունից: Տիգրան Սարգսյանն իր վարչապետության մեկնարկից ի վեր ակտիվորեն զբաղված է պետական կառավարման ապարատի արդյունավետության բարձրացմամբ:
Տիգրան Սարգսյանը փորձում է Հայաստանում ներդնել արդյունավետ կառավարման մոդել, նոր որակի կառավարման մոդել: Նա արդեն մոտ չորս տարի է, ինչ պետական համակարգին աշխատել է սովորեցնում:
Եվ հիմա, եթե վարչապետը ձեռքը սեղանին է խփում Քաջարանի խնդրով իրեն սխալ տեղեկատվություն տալու համար, նա կամ զբաղվում է պարզ պոպուլիզմով, կամ էլ ընդամենն այդ ձեռքի հարվածը վկայում է վարչապետի քառամյա աշխատանքի կատարյալ ձախողման մասին. կամ Տիգրան Սարգսյանը Քաջարանի վիճակից լավ էլ տեղյակ է եղել, պարզապես ներկայում, տեսնելով հանրային զգալի դիմադրություն, փորձում է փոխել դիրքորոշումն ու նախընտրական միավորներ հավաքել իր եւ ՀՀԿ համար, կամ էլ վարչապետի կառավարման մոդելը կատարելապես տապալվել է, եւ նրան կարող են այդպես մոլորեցնել: Չէ որ կառավարման համակարգի նոր որակ ձեւավորող վարչապետը պետք է որ չորս տարում գոնե իր շուրջը ձեւավորեր մի այնպիսի համակարգ, որտեղ խաբեությունը կբացառվեր: Մինչդեռ եթե նրան սխալ են ներկայացրել գյուղի հետ կապված իրավիճակը, ուրեմն պարզապես խաբել են:
Դա էլ իր հերթին նշանակում է, որ “սենսացիոն հայտարարություններից” բացի, Տիգրան Սարգսյանը պետք է որ նաեւ սենսացիոն կադրային որոշումներ կայացնի, որոնք կառնչվեն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են իրավիճակի սխալ մատուցման համար:
Եվ այստեղ իրավիճակը կարծես թե էլ ավելի հետաքրքիր է դառնում: Բանն այն է, որ իրավիճակի մատուցման համար գլխավոր պատասխանատուն կարծես թե պետք է լինի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով անմիջականորեն հարաբերվում է տարածքների հետ եւ այսպես ասած տարածքային կառավարման ուղղության պատասխանատուն է կառավարությունում: Օրինակ, երբ պետք է լինում Սյունիքի մարզպետի “քաջագործությունների” հետքով գնալ, ուղարկում էին Արմեն Գեւորգյանին: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ Քաջարանի իրավիճակին պետք է հանգամանալից տիրապետեր եւ վարչապետին ներկայացներ հենց Արմեն Գեւորգյանը: Եվ եթե վարչապետին սխալ են ներկայացրել, ուրեմն Գեւորգյանը այդ “սխալի” գլխավոր պատասխանատուներից է:
Բայց, բանը կարծես թե չի ավարտվում միայն դրանով: Կառավարությունում մի հաստիք էլ կա, որ կոչվում է բնապահպանության նախարար: Այդ պաշտոնում է Արամ Հարությունյանը: Թե ինչ է անում նա այդ պաշտոնին, քչերին է հայտնի: Փոխարենը, կարծես թե շատերը գիտեն, թե նա ինչ չի անում այդ պաշտոնում՝ նա գրեթե բացարձակապես չի պաշտպանում բնությունը: Համենայն դեպս չկա որեւէ բնապահպանական խնդիր, որտեղ բնապահպանության նախարարը լինի առաջամարտիկ եւ կանգնած լինի բնապահպանական հասարակական կառույցների կողքին:
Քաջարանի բնապահպանական խնդրի պարագայում էլ բնության պահպանության համար պատասխանատու հաստիքի տերը կարծես թե բացակայում էր հրապարակից: Մինչդեռ, նա երեւի թե պետք է առաջիններից մեկը բարձրացներ խնդիրը հրապարակային մակարդակում եւ այն ամբողջականորեն ներկայացներ վարչապետին: Եթե վարչապետը համարում է, որ իրեն սխալ են ներկայացրել խնդիրը, ուրեմն այդ “սխալի” մյուս պատասխանատուներից մեկն էլ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է:
Բայց, այդ Գեւորգյանից ու Հարությունյանից բացի, կառավարությունում կա եւս մի ազգանուն, որը ունի Քաջարանի հետ կապված ուղղակի գործառույթ: Խոսքը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մասին է: Նա եւս պետք է որ ակտիվ լիներ Քաջարանի հարցում: Իհարկե, ոչ այն իմաստով, որ Քաջարանը բարձր է ու այնտեղից կարելի է շարիկն ասենք մինչեւ Թեհրան գլորել՝ միջազգային ռեկորդներ սահմանելով: Բանն այն է, որ Քաջարանի խնդիրը ուղղակիորեն կապված է հանքարդյունաբերության հետ էլ, որի համար պատասխանատու գերատեսչությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է:
Կառավարության մաս կազմող այդ նախարարությունը պետք է որ շահագրգռված լիներ վարչապետի մոտ ամբողջական ինֆորմացիայի առկայության հարցում: Հետեւաբար, էներգետիկայի նախարարությունը եւս պետք է փորձեր ինֆորմացիան հնարավորինս ամբողջական մատուցել, նաեւ դրանով հետամուտ լինել, որ հարակից պակաս ինֆորմացիաներն էլ ստացվեին կամ պահանջվեին:
Բայց եթե Տիգրան Սարգսյանը “ձեռքը սեղանին” է խփում եւ խոստովանում, որ իրավիճակը իրեն սխալ են ներկայացրել, այսինքն պարզապես խաբել են, ուրեմն այդ “սխալի” եւ “խաբեության” կարեւոր պատասխանատուներից մեկն էլ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն է:
Իհարկե, այդ ամենի գլխավոր պատասխանատուն ինքը Տիգրան Սարգսյանն է, որովհետեւ եթե կառավարչին իր շրջապատը կարող է այդպես խաբել, ուրեմն նա կամ վատ եւ անշրջահայաց կառավարիչ է, կամ էլ իրեն շրջապատել է անշրջահայաց, ոչ կոմպետենտ անձանցով, ովքեր ոչ թե գիտակցաբար խաբել են, այլ իրենք էլ չեն հասկացել իրավիճակը, որի հետ առնչություն են ունեցել:
Պարզապես Տիգրան Սարգսյանն ունի սեփական պատասխանատվությունը փոքր ինչ մեղմելու տարբերակ, եւ դա ոչ միայն “սենսացիոն հայտարարություն” անելն է, այլ նաեւ երեք նախարարների պաշտոնանկության հարցով Սերժ Սարգսյանի մոտ մտնելը:
Այդպիսով, Տիգրան Սարգսյանը նաեւ առաջ քաշած կլինի պետական կառավարման որակի համար Սերժ Սարգսյանի պատասխանատվության բաժինը, որը կա եւ ամենամեծ բաժինն է:
Ավելին, Սերժ Սարգսյանի համար միգուցե բավական հարմար պահ է լուծել երեք նախարաների խնդիրը: Օրինակ, Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները բավական ակտիվ էին Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց առկախել այն, գուցե ավելի հարմար ժամանակի սպասելով: Ներկայում, Քաջարանի առիթով, կարծես թե ժամանակը հարմար է:
Հայաստանյան մամուլում բավական երկար ժամանակ խոսվում էր նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնանկության մասին, թեեւ այդ առումով կարծես թե ավելի ճիշտ կլինի նախարարության լուծարումն ընդհանրապես, քանի որ այդ նախարարության գործը փայլուն կատարում են բնապահպանական մի քանի ակտիվիստներն անգամ:
Դե իսկ Արմեն Մովսիսյանի մասով, հարցը պետք էր լուծել դեռ շարիկների ժամանակ, թեեւ Քաջարանն իհարկե կարող է ավելի ծանրակշիռ պատճառ լինել:
Բայց, այդ ամենով հանդերձ, այդ փոփոխությունները երեւի թե քիչ հավանական են, որովհետեւ Հայաստանում դրանք կատարվում են ներիշխանական ուրույն տրամաբանությամբ, ինչը ամենեւին պայմանավորված չէ կառավարման հանրային օգտակարության գործակիցը բարձրացնելու եւ հասարակության առաջ կառավարման որակի համար պատասխանատվություն իրացնելու մղումներով:
Նաեւ քիչ հավանական է, որ օրինակ Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը լինի այն, որ նա գնում է Քաջարանում ապրելու:
Հունվար 16, 2012 at 16:46
