ԿԱՊԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արմեն Դավթյան, «Հետք»

Արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության աշխատակիցների գործադուլը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը Ռոբերտ Ֆալետան լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց, որ   տեղյակ է հերթական բողոքի ակցիայի մասին ու համոզմունք հայտնեց, որ գործադուլ չի լինի, որովհետեւ աշխատավարձերի վճարման բոնուսային տարբերակ է առաջարկում աշխատակիցներին: Սա աշխատավարձերի վճարման տոկոսային հարաբերակցությամբ ծրագիր է, ու բոլորը կարող են լավ վարձատրվել, ասենք, եթե պահեն անվտանգության կանոնները:

Բացի սրանից, կապ կունենա նաեւ արտահանվող հանքանյութի պարունակությունը, սահմանված նորմատիվները գերակատարելը:

Սակայն գլխավոր տնօրենի նախագիծը հանքագործները չընդունեցին:  «Դա ծրագիր չէ, հետո ինչ որ միջազգային ոլորտում արդարացնում է: Մեզ փող է պետք, իրա պայմաններով չենք կարա աշխատենք»,- ասացին գործադուլավորները:

Նրանք բողոքում են նաեւ աշխատանքային պայմաններից. հանքում աշխատանքը 6 ժամվա փոխարեն դարձրել են 8 ժամյա:

Եթե հուլիսի 13-ին` գործադուլի առաջին օրը բողոքավորները կոմբինատի վարչական մասնաշենքի առջև էին հավաքվել, ապա հուլիսի 14-ին, ըստ գործադուլավորների, Ռ. Ֆալետան կարգադրել է ներս չթողնել գործադուլավորներին:

Վերջիներիս ձեռնարկության անվտանգության ծառայության աշխատակիցները չեն թույլատրել, որ նրանք մտնեն կոմբինատի տարածք: Գործադուլավորները հավաքվել են ձեռնարկության դարպասների մոտ ու պնդում են իրենց պահանջը:

Ըստ բողոքավորների` տնօրենն ասել է, որ եթե չվերսկսեն աշխատանքը, ապա  այլ տեղից աշխատուժ կբերի: «Թող բերի, տեսնենք ով ա աշխատելու, համաձայն ենք, մեր գիշերվարձերը տա, ախպեր ջան, դիմումներս գրում ենք ու դուրս գանք: Ով ուզում ա թող աշխատի»,-ասացին գործադուլավորները:

Հուլիս 14, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր