Անտառ Նազիկ պոչամբարի վրա (լուսանկարներ)

Անտառ Նազիկ պոչամբարի վրա (լուսանկարներ)

ԷկոԼուր

Հայաստանի հյուսիսային մարզում` Լոռիում, 9 պոչամբար կա: Մի մասը ներկյումս գործում է, մի մասը` ոչ: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ չշահագործվող պոչամբարները պետք է ռեկուլտիվացվեն` ծածկվեն հողի շերտով, բուսական ծածկույթով: Սակայն Լոռիի չշահագործվող պոչամբարները շարունակում են մնալ բաց վիճակում եւ աղտոտել շրջակա միջավայրը: Այդ պոչամբարներից է նաեւ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող «Նազիկ» պոչամբարը: Պաշտոնական թվերի համաձայն` այն զբաղեցնում է 2 հեկտար տարածք, սակայն իրականում այդ թիվն ավելի մեծ է, քանի որ պոչերը դուրս են եկել պոչամբարի սահմաններից, անձրեւաջրերի հետ իջնում են դեպի պոչամբարի ստորին հատվածում գտնվող բնակավայրերը եւ լցվում Ախթալա գետը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Լոռու մարզպետարանի բնապահպանական վարչության պետ Արտակ Դեմիրճյանը, մարզպետարանը մի քանի անգամ «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին առաջարկել է ռեկուտիվացնել պոչամբարը: «Մեր կողմից առաջարկվել է ռեկուլտիվացիայի մի եղանակ, որի համաձայն ընկերությունը պետք է ոչ միայն ծախս անի, այլեւ շահ ստանա: Նա 15 տարի հետո տվյալ տարածքում կունենա արտադրական նշանակության անտառ, որը պետք է հատի, նորը տնկի: Այսինքն իր կատարած ծախսը, իրեն հետ կվերադառնա փայտանյութով»,- ասաց Արտակ Դեմիրճյանը: Ըստ Ա. Դեմիրճյանի` ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել մարզպետարանի հետ:  Թե երբ կմեկնարկի համգործակցությունը եւ երբ կռեկուլիվացվի «Նազիկը», պարզ չէ:



Մարտ 29, 2012 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր