ՁԵՌԸ ՁԵՌ Է ԼՎԱՆՈՒՄ

Մելինե Պետրոսյան, «Հրապարակ»

Փոշոտ ու բուսականությունից զուրկ քաղաքներից այստեղ հյուրընկալվողների համար Ախթալան պարզապես դրախտ է թվում:

Ախթալա քաղաքը Լոռու մարզի կանաչազարդ վայրերից մեկն է: Փոշոտ ու բուսականությունից զուրկ քաղաքներից այստեղ հյուրընկալվողների համար Ախթալան պարզապես դրախտ է թվում: Քաղաքապետը Հայկազ Խաչիկյանն է՝ Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի եղբայրը, որը նոր է ընտրվել: Նա ասում է, որ Ախթալայում թիվ մեկ խնդիրը խմելու ջրի սակավությունն է: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հասել է նույնիսկ Լոռու մարզի այս հեռավոր համայնքը, սակայն տղամարդկանց 95 տոկոսն աշխատանք ունի. նրանցից մոտ 300-ն աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: 45-ամյա Գեղամ Չիչակյանը հորատողի օգնական է: Նրա գործը շատ բարդ ու ծանր է, բայց չի դժգոհում՝ ապրելու այլ միջոցներ չկան. «Բա հմի ուրիշ տեղ որ գործ չկա, ի՞նչ անենք: Չեղածից լավ ա: Աշխատանքի բնույթը էն ա, որ մտնում ենք հանքի մեջը, սիրուն մեր տեղը ծակում ենք, դուրս գալի: Ամեն տեղ էլ դժվար ա, բայց դժվարությունը հաղթահարել ա պետք»:

Մենք անձամբ այցելեցինք հանք ու ծանոթացանք տարվող աշխատանքներին: Թունելից դուրս եկավ քարերով բարձված փոքրիկ վագոնիկների շարքը: Վագոնիկների ծայրերին նստած էին մի քանի բանվորներ, որոնց դեմքին, սեւ աչքերից բացի, ոչինչ չէր երեւում՝ միայն սպիտակ փոշի եւ կեղտ: Կիզիչ արեւի տակ բառիս բուն իմաստով քարից հաց քամող այս մարդիկ գործարքային հիմունքներով են աշխատում: Ճգնաժամի պատճառով, սակայն, նրանց աշխատավարձը կրճատվել է 20 տոկոսով: Գեղամ Չիչակյանն ասում է, որ դեկտեմբերի 1-ից ինքն ստանում է 120-130 հազար դրամ. «Մեր փողերն իջացրին պղնձի գներն իջեցնելու մոմենտով: Հմի պղնձի գները բարձրացան, բայց հլա դեռ մեր էդ 20 տոկոսը չեն բարձրացրել: Սպասում ենք, որ բարձրանա: Հլա տենանք երբ կբարձրանա»: «Մեթըլ Փրինս» ընկերության ամերիկահայ նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանն ասում է, որ չնայած պղնձի գինն անկում ապրեց միջազգային շուկայում, եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն այդ ընթացքում օրական մոտ 5 հազարից 7 հազար դոլարի վնաս է կրել, բայց աշխատավորների կրճատում չի եղել:

Կիրակի օրն Ախթալայում նշվեց Հանքագործի եւ մետալուրգի օրը: Հանքագործների պատվին կազմակերպված միջոցառումը կայացավ մի դահլիճում, որի մուտքի վերեւի մասում մեծ-մեծ տառերով «Առաջ Հայաստան, առաջ Ախթալա» գրությամբ մի պաստառ էր փակցված, որն ախթալացիները նախագահական ընտրություններից հետո հավանաբար մոռացել էին պոկել: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում աշխատող 41 աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրեր ու DVD նվագարկիչներ ստացան: Բեմին մի փոքրիկ սեղանիկ էր տեղադրված, որի վրա 9 հուշամեդալ կար: Կոմբինատի աշխատանքներին աջակցելու համար դրանցից ստացան նաեւ Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վազգեն Խաչիկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Ճիշտն ասած, առաջին հայացքից տարօրինակ թվաց, թե դատախազն ինչ կապ ունի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետ: Սերոբ Տեր-Պողոսյանը հստակեցրեց՝ ինքը մտերիմ է դատախազի հետ:

Հուլիս 29, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր