Արմինե Ավագյան, «Սյունյաց երկիր»
- Պարո՛ն Խուդոլիյ, արդեն բավականին ժամանակ է` գտնվում եք Ագարակում, ո՞րն է Ձեր այցի նպատակը:
– Այցը նախեւառաջ պայմանավորված էր հուլիսի մեկին կոմբինատի վերագործարկմամբ, որի մասին պայմանավորվածություն ունեինք ՀՀ նախագահի եւ կառարավարության հետ, որը կատարեցինք: Ագարակում իմ գտնվելու ժամանակահատվածում ձգտեցի մանրամասն գնահատել եղած խնդիրները եւ ապահովել դրանց արդյունավետ լուծումը: Հունիսի 30-ին գործարկեցինք հանքը, իսկ հուլիսի 1-ին գործարկեցինք ֆաբրիկան:
– Եվ ի՞նչ արտադրական հզորությամբ սկսեց աշխատել կոմբինատը:
– Կարեւոր փաստ է այն, որ միանգամից սկսեցինք աշխատել կոմբինատի հնարավոր առավելագույն հզորությամբ` ամսական 240 հազար տոննա հանքաքարի արդյունահանում եւ դրա ամբողջական վերամշակում ֆաբրիկայում: Դա, ինչպես հասկանում եք, հեշտ չէր: Հանքարդյունաբերական մեր բոլոր ծրագրերը կազմել ենք` ելնելով ֆաբրիկայի նախագծային հզորությունից:
– Պարո՛ն Խուդոլիյ, առանց բյուջետային վարկի հնարավոր կլինե՞ր կոմբինատի աշխատանքի վերսկսումը:
– Վարկը մեզ անհրաժեշտ է նախեւառաջ զարգացման համար: Կոմբինատն արդիականացման, հին տեխնոլոգիաները եւ սարքավորումները փոփոխելու կարիք ունի: Անհրաժեշտ է վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ կատարել: Այս բոլորը, բնականաբար, ֆինանսական ռեսուրսներ են պահանջում… Կառավարության վարկն ամենից առաջ կուղղվի ֆաբրիկայի վերակառուցմանը եւ հանքի տեխնիկայի` էքսկավատորների, բեռնատարների, ինքնաթափների նորացմանը: Հանքի նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր կլինի ինչպես հանքաքարի արդյունահանման ծավալների ավելացումը, այնպես էլ հանքի ավելի արդյունավետ շահագործումը: Ներկայումս շահագործվող տեխնիկան հին է, որը հանքի աշխատանքում կորուստների աճի պատճառ է դառնում: Բայց մեր գերակա խնդիրը հարստացուցիչ ֆաբրիկան է:
Ճգնաժամի սկսվելուց ի վեր բաժնետերերը սեփական միջոցների հաշվին ձեռնարկությունում 15 մլն դոլարից ավելի ներդրում են կատարել: Հարկ է նշել հիմնախնդիրներից մեկը, որն ի դեպ ընդհանուր է հանքարդյունաբերական ձեռնարկությունների համար, գնված խտանյութի գնի գումարների վերջնական հաշվարկին է վերաբերում: Մենք պղնձի խտանյութի վաճառքի ժամանակ կանխավճար էինք ստանում, մեկ տոննայի համար` 7000 դոլար: Իսկ վերջնական հաշվարկով շուկայի փլուզումից հետո մեկ տոննայի համար 2800 դոլար վճարեցին: Եվ իհարկե, ընկերությունը լուրջ պարտքեր ունեցավ: Նման գների պարագայում ձեռնարկությունը վնասներ էր կրում: Բայց այդուհանդերձ, ըստ ՀՀ կառավարության հետ ունեցած պայմանավորվածության, մենք աշխատեցինք մինչեւ փետրվար: Ճգնաժամի պայմաններում ամսական վնասը 2 մլն դոլարի էր հասնում, դա նույնպես մարվում էր բաժնետերերի միջոցների հաշվին: Ձեռնարկությունը կանգնեց հինգ ամիս, որի ընթացքում հիմնականում վերանորոգման աշխատանքներ էին կատարվում: Իրականում դա ընկերությունից շատ ջանքեր եւ միջոցներ պահանջեց, շուկայի դժվարին պայմաններում մենք Ագարակի կոմբինատը ֆինանսավորում էինք «Գեոպրոմայնինգ» խմբի շահույթի այլ աղբյուրների հաշվին: Եվ դա` այն պայմաններում, երբ ճգնաժամն այս կամ այն չափով հասել էր բոլոր ընկերություններին:
– Իսկ 14 մլն դոլար վարկը կբավարարի՞, որ կյանքի կոչեք կոմբինատի զարգացման ծրագիրը:
– Վարկային գումարները կարեւոր նշանակություն ունեն արտադրության վերազինման սկզբնական փուլի համար: Բայց լրացուցիչ ներդրումներ էլ են պետք, որովհետեւ հեռանկարում նախատեսվում է փոխել ֆաբրիկայի արտադրական հզորությունը եւ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ ապագայում նոր ֆաբրիկայի կառուցում է ծրագրվում, դա արդեն մեր զարգացման ծրագրի երրորդ փուլն է: Դրա համար պայմանագիր ենք կնքել հայտնի ռուսական «Մեխանոբր» ինժեներային ընկերության հետ, նրանց մասնագետներն այս շաբաթ գալիս են Ագարակ, որպեսզի տեղում ծանոթանան ֆաբրիկայի առավելագույն հնարավորությունների հետ եւ դրա վերակառուցման ծրագիր մշակեն: Մեր առաջին խնդիրը վերամշակման հզորության ավելացումն է, երկրորդը` կորզման տոկոսի բարձրացումը: Բյուջետային վարկի գումարի մեծ մասը պահեստավորել ենք այս ծրագրի համար: Բայց կարծում եմ, որ բաժնետերերը լրացուցիչ գումարներ պետք է ներդնեն, որովհետեւ այս ամենի համար վարկի գումարը չի բավարարի:
Ի տարբերություն այլ ընկերությունների` մեզ մոտ մեծ դժվարություններ առաջացան այն պատճառով, որ մենք ընկերությունը ձեռք բերեցինք ճգնաժամից առաջ, երբ շուկան զարգանում էր, եւ գները բարձր էին: Ընդ որում, ձեռնարկությունը գնեցինք մաշված արտադրական ֆոնդերով: Երբ մյուսները մինչ ճգնաժամը եղած բարձր գների հաշվին գերշահույթներ էին ստանում եւ հնարավորություն ունեին վերազինման շնորհիվ տեխնիկապես պատրաստ լինել ճգնաժամին, մենք զրկված էինք այդ հնարավորությունից: Արդյունքում ճգնաժամն ավելի խիստ ազդեց Ագարակի վրա: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` Ագարակը շարունակում է աշխատել եւ զարգանալ, որը «Գեոպրոմայնինգի» ողջ կոլեկտիվի եւ նախեւառաջ «ԱՊՄԿ» ՓԲԸ կոլեկտիվի վաստակն է:
– Մեկ տարի առաջ ԱՊՄ կոմբինատի նախկին տնօրեն Գ.Դեւաձեն Ագարակում հանքագործի օրը նշելիս հայտարարեց, որ «Գեոպրոմայնինգը» այստեղ կսկսի նոր ֆաբրիկա կառուցել: Հավանաբար, ճգնաժամը խանգարեց ծրագրին, այդուհանդերձ, հեռո՞ւ է խոստումը կյանքի կոչելու պահը:
– Նշածս վերակառուցումը, ըստ էության, կբերի նրան, որ կունենանք մի քիչ այլ ֆաբրիկա: Ինչ վերաբերում է լրիվ նորը կառուցելուն, եկեք դեռ չշտապենք, չեմ ուզում ժամկետներ նշել… Իսկ առհասարակ, հանքի եւ ձեռնարկության մրցունակությունը կախված է հարստացուցիչ ֆաբրիկայի հզորությունից:
– Մետաղի միջազգային գներն աճում են: Այս պարագայում ինչքանո՞վ է իրական կոմբինատի` շահույթով աշխատելու հեռանկարը:
– Բաժնետերերը խնդիր են դրել մեր առջեւ, որ կոմբինատը վնասով չաշխատի: Եվ կարծում եմ` այդ հարցում հաջողություն կունենանք: «Գեոպրոմայնինգը» ձեռնարկություններ գնելով ու վերավաճառելով չի զբաղվում, Ագարակի հետ կապված մեր պլանները երկարաժամկետ են, եւ մեր ծրագրերը երկար ժամանակի համար ենք կազմում: Մեր ողջ ուշադրությունը հենց դրա վրա է սեւեռված:
– Ձեզ տրված բյուջետային վարկի պայմանները, եթե համենատենք այլ ընկերություններին տրվածի հետ, ավելի խիստ են: Դա Ձեզ չի՞ հուզում:
– Մենք դա նկատել ենք, այո՛… Արդեն երկու տարի է` «Գեոպրոմայնինգը» ակտիվներ ունի Հայաստանում: Մենք արդեն շատ բան ենք արել եւ հետագայում մեր գործունեությամբ կկարողանանք զգալիորեն բարձրացնել մեր հանդեպ վստահության տոկոսը: Կարծում եմ` վստահությունը կլինի ժամանակի հետ:
– Վարկը տրամադրելիս նշվել է, որ բացի իբրեւ գրավ ընդունվող կոմբինատի արտադրական համալիրից, ընկերության հետ պետք է կնքվի պայմանագիր` գրավ ընդունելով վարկի հաշվին ձեռք բերվող ծանր տեխնիկան եւ սարքավորումները, ինչպես նաեւ հանքարդյունահանման իրավունքը: Այսինքն` ռիսկի տակ է հայտնվում ոչ միայն ձեր ունեցվածքը, այլեւ կարող եք զրկվել հանքը շահագործելու իրավունքից: Կա՞ արդեն նման պայմանագիր կառավարության հետ:
– Հիմա մենք պատրաստում ենք կառավարության հետ կնքվելիք վարկային պայմանագիրը եւ դրա պայմանների մասին բանակցություններ ենք վարում: Քանի դեռ այն կնքված չէ, չէի ցանկանա մանրամասներ հայտնել:
– Ներկայումս ձեռնարկությունն աշխատավարձի պարտքեր ունի՞:
– Հուլիսին ընկերությունը կմարի աշխատավարձի ողջ պարտքը: Եվ օգոստոսից սկսած` հարցը կկարգավորվի` ամեն ամիս վճարելով աշխատավարձերը:
– Կարո՞ղ եք վերջնական հայտարարել, որ կոմբինատում 900 մարդ կաշխատի, եւ կրճատումներ չեն լինի…
– Այո՛, դա այդպես է, սկզբունքորեն մենք այդ թիվն արդեն քննարկել ենք ՀՀ կառավարության հետ: Հաշվի առնելով որոշ կադրային փոփոխությունները, աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացումը, ինչպես նաեւ ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխությունները` աշխատողների թիվը կտատանվի 900-ի սահմաններում:
– Դուք մտադի՞ր եք փոխել աշխատավարձի չափերը:
– Ես օգոստոսին կվերադառնամ Մոսկվայից եւ կպատասխանեմ այդ հարցին:
– Պարո՛ն Խուդոլիյ, շատ կարեւոր ու նաեւ սուր մի խնդիր կա` կոմբինատի աշխատակիցների վստահությունը ձեռնարկության ադմինիստրացիայի հանդեպ: Որպես «Գեոպրոմայնինգի» նախագահ` տեսնո՞ւմ եք այս խնդրի լուծումը:
– Դե, գիտե՞ք ինչ, դրա վրա չի կարելի ազդել. ինչքան էլ դու գեղեցիկ խոսես, ռուսական խոսք կա` «ձեռքերո՛վ ցույց տուր»: Ա՛յ, երբ որ մենք «ձեռքերով ցույց կտանք», այսինքն` գործով, այդ ժամանակ էլ կլինեն ե՛ւ վստահությունը, ե՛ւ մնացած ամեն ինչ: Իսկ դրա համար ժամանակ է պետք: Այդուհանդերձ, կարծում եմ, որ մեր պահվածքը ճգնաժամի պայմաններում ճիշտ էր եւ ժամանակահատվածին համահունչ: Մենք, ըստ էության, կատարել ենք ստանձնած բոլոր պարտավորությունները. պահպանեցինք ե՛ւ կոլեկտիվը, ե՛ւ ձեռնարկությունը: Հավատացե՛ք, ես ինչ-որ չափով տեղյակ եմ աշխարհի հանքարդյունաբերական ոլորտում այժմ ընթացող իրադարձություններից, լեռնահանքային շատ ձեռնարկություններ ու դրանց սեփականատերերի գիտեմ, որոնք արմատական քայլերի դիմեցին` ամբողջովին ազատելով աշխատակազմը եւ կոնսերվացնելով ակտիվները:
Պարզապես բացասական ամեն ինչ համընկավ, ու երեւույթները, որոնք մենք չէինք էլ պատկերացնում, մեկ կետի էին հարվածում: Հայերը լավ ասացվածք ունեն. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:
– Ագարակ քաղաքն այս ձեռնարկության շուրջ է ծնվել: Ի՞նչ հարաբերություններ են այժմ հաստատվում կոմբինատի եւ քաղաքի միջեւ:
– Լավ հարաբերություններ են, երեկ քաղաքապետի հետ ենք հանդիպել, մեր միջեւ փոխըմբռնում կա, ի վերջո, բոլորս նույն նպատակի համար ենք աշխատում:
– Պարտք ունե՞ք քաղաքային բյուջեին:
– Ոչ մեծ պարտք ունենք: Բայց չնայած ֆինանսական դժվարություններին, կփակենք այն: Անգամ կանգնած լինելու պայմաններում ձգտում էինք օգնել քաղաքին: Ներկայումս մի պայմանավորվածություն կա. երկար տարիներ Ագարակը հրշեջ ծառայություն չի ունեցել, մեր միջոցների հաշվին հրշեջների համար շենք ենք կառուցում:
Արտադրությունում ունեցած իմ փորձից ասեմ, որ չես կարող ունենալ լավ ձեռնարկություն եւ հասնել բարձր արտադրողականության, եթե չգիտակցես, որ քո աշխատակիցներին նորմալ սոցիալական պայմաններ են պետք: Ընդունելով այն փաստը, որ ագարակցիները կոմբինատի գործունեության հաշվին են ապրում, նշեմ, որ քաղաքի սոցիալական խնդիրներն ազդում են նաեւ ձեռնարկության գործունեության վրա: Այդ առումով մենք զգում ենք մեր սոցիալական պատասխանատվությունն ագարակցիների ու քաղաքի հանդեպ: Չեմ կարող խոստանալ, թե մոտ ապագայում շատ բան կփոխվի, բայց այդ ուղղությամբ մենք հեռանկարային ծրագրեր ունենք:
– Եվ վերջում, կպատմե՞ք Ձեր մասին, ի վերջո, այսօր Ձեզնից է կախված հարյուրավոր ագարակցիների ու նրանց քաղաքի ճակատագիրը, եւ շատերը կցանկանան իմանալ` ով է Ռոման Խուդոլիյը:
– Ծնվել եմ Ուկրաինայում, 44 տարեկան եմ, երեք զավակ ունեմ, ավագը` դուստրս, 23 տարեկան է, կրտսեր որդիս` յոթ ամսական: Ի դեպ, Ագարակում էի, երբ նա ծնվեց: Երեք բարձրագույն կրթություն ունեմ. տնտեսական գիտությունների թեկնածու եմ եւ լեռնահանքային արդյունաբերության մասնագետ: Երկար ժամանակ աշխատում էի Յակուտիայում, Ռուսաստանի ածուխի արտադրության գիգանտի` «Յակուտուգլի» գործադիր տնօրենն էի: Այս տարվա հունվարից ղեկավարում եմ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը:
ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Հ.Գ.
Չնայած միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքներին` հուլիսի 17-ին ագարակցիները ավանդական տոն նշեցին` հանքագործի եւ մետալուրգի օրը: Կոմբինատի ղեկավարությունը արհեստակցական կազմակերպության հետ միասին հանդիսավորությամբ պատվոգրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց կոմբինատի 72 աշխատակիցների, այդ թվում եւ վետերանների: Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:
Օգոստոս 12, 2009
