"ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ". ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒ՞Մ, ՎԱՏ ՄԵՆԵՋՄԵ՞ՆԹ, ՆԵՐՔԻՆ ԽՄՈՐՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Արմինե Ավագյան, “Սյունյաց երկիր”

Ներկայացվեց ծրագիր, որի արդյունքում չկանխվեց գործադուլը

Հուլիսի 10-ին հրավիրած ասուլիսում "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲԸ (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարեց, որ կոմբինատում աշխատակիցների օպտիմալ թիվը 950 է, եւ առաջիկա վեց ամսում ձեռնարկությունում էլի կրճատումներ կլինեն (ներկայումս մոտ 1200 աշխատող կա): Սա, իհարկե, քաղաքի սոցիալական կյանքում նոր սրություն կբերի, բայց մինչ այդ չեն մարում կոմբինատում դեռեւս աշխատողների դժգոհությունները:

Ասուլիսի հիմնական առիթը լուրերն էին, ըստ որոնց, ընկերության ղեկավարությանը զգուշացվել էր հուլիսի 13-ից մեկնարկող գործադուլի մասին: Եվ պարոն Ֆալետան, լրագրողներին ներկայացնելով իր մշակած բոնուսային ծրագիրը, որը աշխատավարձի հաշվարկման նոր համակարգ պիտի մտցներ կոմբինատում, նշեց, որ պատրաստվում է այն ներկայացնել հանքագործներին, եւ դա հավանաբար կկանխի գործադուլն ու կցրի դժգոհությունները:

Ըստ այդ ծրագրի` պիտի սահմանվի միջին ամսական աշխատավարձ, որը կընդգրկի ե՛ւ ցերեկային աշխատավարձը, ե՛ւ գիշերավարձը, ու հիմնական աշխատավարձին կգումարվեն բոնուսային տոկոսներ, որոնք կգոյանան աշխատանքի անվտանգության պահպանումից, հանքանյութի պարունակությունից, նորմատիվների կատարումից:

Ծրագրով նաեւ հավասարեցվում են աշխատանքային որակավորումները, օրինակ` բոլոր բեռնատարների վարորդներին պիտի միանման մոտեցում ցուցաբերվի: Այս դեպքում ոմանց աշխատավարձը կբարձրանա, ոմանցը` կնվազի….

Ռ.Ֆալետան նշեց, որ գերադասում են ոչ թե ուղղակիորեն բարձրացնել աշխատավարձերը, այլ գումարները ներդնել բոնուսային ծրագրի մեջ (այն դեռեւս մշակվել է միայն ստորգետնյա աշխատողների համար): Ընդ որում, ծրագիրը մշակվել է` հենվելով այն փորձի վրա, որ տնօրենը ձեռք է բերել այլ տեղեր աշխատելով, որտեղ այն իրեն արդարացրել է, բայց տեղայնացված ու "ձեւված" է "Դինո գոլդի" համար:

Անդրադառնալով միջազգային շուկայում մետաղի գների բարձրացմանը` Ռ.Ֆալետան նշեց. "Միջազգային տնտեսական իրավիճակը սխալ է ընկալվում. այն շարունակում է մնալ վատ, եւ մետաղների գների փոքր-ինչ բարձրացումը կտրուկ չի փոխում ձեռնարկության վիճակը": Պատասխանելով նորմատիվների բարձրացման պատճառների մասին հարցին` տնօրենն ասաց, թե հին նորմատիվներն ուղղակի ծիծաղելի էին, եւ իրենք վճարում էին շատ քիչ աշխատանքի դիմաց. "Հիմա էլ հանքափորներից շատերը բավականին բարձր գումարներ են կարողանում վաստակել":

Գիշերային աշխատանքի հավելավճարների առումով նա հայտնեց, թե ՀՀ կառավարության հետ պայմանավորվածությունն այն է, որ դրանք պիտի սկսեն վճարել հուլիսից սկսած (ներառյալ նախկինում չվճարածը): "Աշխատողները, երեւի, այդքան էլ զգայուն չեն այն փաստի հանդեպ, որ ընկերությունն ամեն ամիս միլիոններ է ծախսում, սեփականատերն անընդհատ լրավճար է տալիս, եւ այսքան կորուստներ ունենալով` անում ենք այն, ինչ կարող ենք":

Տնօրենը տեղեկացրեց, թե առաջիկայում էլ կառուցվածքային փոփոխություններ են կատարելու, իսկ կրճատումների մասին իրենք մի քանի անգամ նշել են դեռեւս 2008-ի հոկտեմբեր-նոյեմբերից: "Բավականին շատ աշխատուժ ունենք, պիտի մոտ 950 հոգի աշխատի, չեմ ցանկանում զանգվածային կրճատումներ անել. այս ամիսների ընթացքում փորձում ենք մարդկանց տեղափոխել մեկ բաժնից այլ բաժին կամ տեղամասից տեղամաս եւ հնարավորինս օպտիմալացնել մեր աշխատուժի օգտագործումը: Ցավոք, մինչեւ հիմա աշխատողների մի զանգված ունենք, որոնց աշխատավարձ ենք վճարում, բայց նրանց համար աշխատանք չունենք":

Կոմբինատը հիմա պահպանում է արտադրության նախկին ծավալները, հույս ունեն եկող տարի հասնել տարեկան 600 հազար տ հանքաքարի հանույթի (այժմ 400 հազար տ է):
Ավելի հեռագնա ծրագրերից է նոր բաց հանքի շահագործումը, որն աշխատատեղեր կավելացնի: Ժամանակավորապես կանգնեցրել են Շահումյան բանավանի բնակիչներին տրվող փոխհատուցումը եւ հետախուզության ծրագիրը, որոնք խոշոր ներդրումներ են պահանջում:

"ԴԳՄՔ"-ի գլխավոր տնօրենն անդրադարձավ նաեւ ընկերությունում բնապահպանական պետական տեսչության ստուգումներին, որի արձանագրած տուգանքների նախնական գումարին իրենք համաձայն չեն եղել: Հիմա նախարարությունում համաձայնության են եկել, ընդ որում, վճարվելիք գումարի մի մասը կհատկացվի Կապան քաղաքին եւ կուղղվի համայնքի զարգացմանը:

Պարոն Ֆալետան տեղեկացրեց, որ ընկերությունը բյուջետային վարկի համար ՀՀ կառավարություն չի դիմել, եւ դա ոչ թե իր, այլ սեփականատերերի որոշելու հարցն է:

Ինչի՞ց են դժգոհ հանքագործները եւ ինչի՞ հասան


Հանքագործները չընդունեցին Ռոբերտ Ֆալետայի առաջարկած բոնուսային ծրագիրն ու հուլիսի 13-ից մոտ 100 աշխատող` հիմնականում մեքենավարներ, ամրակապավորներ, էլեկտրաքարշավարներ, պայթեցնողներ, գործադուլ սկսեցին: Նրանք բողոքում էին նոր առաջադրվող պայմանագրերի դրույթներից, աշխատանքային պայմաններից, առաջարկվող աշխատավարձի չափից, վեց ժամվա փոխարեն հանքում ութժամյա աշխատանքից: Հաջորդ օրը գործադուլավորները բողոքի ակցիա են կազմակերպել Սյունիքի մարզպետարանի դիմաց: Կոմբինատի աշխատակիցներին ընդունել է մարզպետ Ս.Խաչատրյանը, լսել նրանց պահանջները: Հանդիպում-քննարկում էր տեղի ունեցել մարզպետի, Կապանի քաղաքապետի, "ԴԳՄՔ"-ի գլխավոր տնօրենի, ընկերության ստորգետնյա հանքի պետի ու արհեստակցական կազմակերպության ղեկավարի մասնակցությամբ, որից հետո մարզպետը հայտարարել էր, թե տնօրինությունը պատրաստ է որոշակի զիջումներ անել. հանքում ութժամյա աշխատանքային ռեժիմը կփոխվի վեցժամյայի, բոնուսային տարբերակի 3-րդ կետը` հանքաքարի մեջ խտանյութի բարձր պարունակության դեպքում հավելյալ վճարելը կհանվի, աշխատակիցների հետ ՀՀ օրենսդրության համաձայն կկնքվեն աշխատանքային նոր պայմանագրեր:

Սակայն հուլիսի 15-ին հանքագործները շարունակել են գործադուլը, որովհետեւ Ռ.Ֆալետայի հրամանով ձեռնարկության որոշ աշխատակիցներ ազատվել էին աշխատանքից: Գործադուլավորները ցանկացել են նստացույց անել Կապանի քաղաքապետարանի դիմաց, բայց անսալով քաղաքապետի հորդորին, որը հայտնել էր, թե կրկին հանդիպելու է ընկերության տնօրենին, այդ քայլին չեն դիմել: Չորսօրյա գործադուլն ավարտվեց, երբ քաղաքապետ Արտուր Աթայանի հետ հանդիպումից հետո Ռոբերտ Ֆալետան հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել աշխատակիցների հետ: Քաղաքապետը նշել էր, որ տնօրենը խոստացել է վերանայել մի քանի աշխատակիցներին ազատելու իր հրամանը:

Արհմիության ձայնը

"ԴԳՄՔ" արհեստակցական կազմակերպության նախագահ Սուրիկ Թումանյանը պատմում է, որ մինչ գործադուլը մեքենավարները նամակ էին հղել կոմբինատի ղեկավարությանը, որում բողոքել էին իջեցված աշխատավարձերից, պահանջել վերանայել գործավարձերը եւ աշխատանքային պայմանագրերի մեջ հստակեցնել աշխատողի դրույքաչափը, վնասակարության չափը, գիշերային հավելավճարը: Նա նաեւ փաստում է, որ ճգնաժամային իրավիճակից հետո 50 տոկոսով կրճատվել են աշխատավարձերը, 100 տոկոսով ավելացել աշխատանքի ծավալները:

Ս. Թումանյանն օրինակներ է բերում. օրինակ, հորատողները նշում են, որ անցած տարի ստանում էին 250 000 դրամ, գումարած գիշերային հավելավճարը (քիչ հաշվարկված), նաեւ հավելավճար` մեխանիզմների մաքրման, տեղափոխման, հավաքման համար, գումարած 18 տոկոս հավելավճար: Այժմ ստանում են 130 000 դրամ ու հավելավճարներ չկան: Կամ` պայթեցնողները ստանում էին 240 000 դրամ, կտրվածքն այն ժամանակ 9 քմ էր, ու յուրաքանչյուրը պայթեցնում էր 2 փորվածք, այժմ աշխատավարձը 120 000 դրամ է, կտրվածքը` 7-25 քմ, յուրաքանչյուրը 4 փորվածք է պայթեցնում:

Պարոն Թումանյանը, փաստելով, որ ստորգետնյա աշխատողների համար ընդունելի չէր բոնուսային ծրագիրը, նշում է, որ ճիշտ չէ բոլորին հավասար 135 հազար դրամ տալն ու բոնուսներ մտցնելը. "Այդ համակարգը միգուցե շատ լավ բան է Եվրոպայի համար, բայց մեզ համար չէ: Աշխատանքային պայմանագրում պիտի հստակ երեւա` դրույքաչափն ինչքան է, գիշերավարձն ինչքան է, վնասակարությունը` ինչքան: Մինչդեռ հունիսի 27-ին խոր փորման հաստոցավարների հետ հանդիպման ժամանակ տնօրենն ասել էր` ի՞նչ տարբերություն գիշե՞րը, թե՞ ցերեկն եք աշխատում":

Նշելով, որ գործադուլն օրինական չէր, քանի որ ըստ օրենքի արհմիությունը դրա սկսելուց յոթ օր առաջ պետք է դիմեր տնօրինությանը, Ս.Թումանյանը, այդուհանդերձ, այդ օրերին դիմել էր մարզպետարանի միջնորդությանը, մարզպետն էլ մայրաքաղաքից իրավաբան էր հրավիրել, որ կոմբինատի ղեկավարության հետ քննարկեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հատկապես գիշերային վարձատրության հաշվարկման հարցը: "Ախր, բողոքների հիմնական ալիքի պատճառը դա էր, եթե նորմալ, օրենքի սահմաններում գիշերավարձը վճարում են, գոյանում է աշխատավարձի այն չափը, որը գոնե կզսպի դժգոհության ալիքը, մարդիկ նորմատիվներին էլ են համաձայն, միայն թե աշխատանքի համեմատ ծիծաղելի գումարներ չստանան": Արհմիության նախագահն ասում է, որ աշնանային բողոքներից, գործադուլից հետո հանքագործները մի քանի ամիս նորմալ ստացել են գիշերավարձը, հետո նրանց հետ նոր պայմանագրեր կնքվեցին, որտեղ ոչինչ հստակ չէ, ու մարդիկ էլի քիչ գումար էին ստանում: "Իսկ նախկին պայքարի արդյունքում գիշերավարձի տեսքով կարողացել եմ բանվորների օգտին 360 մլն դրամ գումար հետ բերել: Ասենք նաեւ, որ մեր նախկին աշխատողներից 5 հոգի գիշերավարձի վճարման պահանջով դիմել էին դատարան ու վերջերս նրանց օգտին վճիռ կայացվեց: Նրանք մոտ 3 մլն գումար կստանան: Ու այս օրինակը տեսնելով` աշխատակիցներն արդեն զանգվածային հայտ կներկայացնեն…":

Արհմիության նախագահը պատմում է նաեւ ստորգետնյա աշխատանք կատարողների աշխատանքային պայմանների մասին: "Այո՛, մեխանիզմներ են փոխվել, տեխնիկական առաջընթաց կա, բայց հանքը մնում է հանք, ամենավտանգավոր ու ծանր աշխատանքը կատարում են հորատողները, մեքենավարները… Ութ ժամ աշխատում են, մինչդեռ ընդմիջում հասկացություն չկա հանքում: Կամ ինչի՞ է նման, որ այնտեղ խմելու ջուր չկա, արտաքնոց չկա: Ասենք, վեցժամյա աշխատանքի պայմաններում այս ամենի պահանջն այդքան սուր չէր, բա հիմա՞… Աղիքային վարակների աղբյուր է, երբ այդ պայմաններում ջուր չկա, որ ձեռք լվանան ու հաց ուտեն… Մարդիկ ծարավում են, արտաքնոց է պետք, ընդմիջման համար մի տեղ է պետք: Պատկերացրեք` այդ փակ տեղում դիզելային վառելիքով մեխանիզմ է աշխատում, օդափոխություն չկա, արտանետումները մնում են ներսում, ու հանքագործը շնչում է դա": Արհմիության ղեկավարը նշում է, որ հանքագործներին վրդովեցնում է այն, որ կարծես ամեն ինչ արվում է անընդհատ նեղելու եւ ավելի վատացնելու ամենածանր աշխատանքը կատարողների` հանք մտնողների աշխատանքային պայմանները, մինչդեռ նրանց ուսերի վրա է հիմնված կոմբինատը…

Պարոն Թումանյանը գործադուլի օրերի բանակցությունների ձեռքբերումներից է համարում այն, որ տնօրենը վերականգնել է այդ օրերին աշխատանքից ազատվածներին:

Ինչեւէ, հանքագործներն անցել էին աշխատանքի` հույսով, որ նոր պայմանագրեր կկնքվեն, որոնցում հաշվի առնված կլինեն իրենց պահանջները:

Հ.Գ.
Գործադուլի ավարտից ավելի քան տասը օր էր անցել (այս ժամկետում էին հանքագործերին նոր պայմանագրեր խոստացել), սակայն նրանց ասելով` կոմբինատում ոչինչ չէր փոխվել, ու իրենց պահանջներից եւ ոչ մեկը չէր կատարվել: Մեքենավարների պատմելով` իրենց առաջարկվել էին նույն պայմանագրերը, դեռ ավելին` ավելի վատ պայմաններով: Հանքագործները հրաժարվել են դրանք ստորագրել: Բացի դրանից, մայիսից աշխատել են հին պայմանագրերով, ու նրանց խոստացվել էր, որ նոր պայմանագրերը կկնքվեն այնպես, որ վերահաշվարկ կատարվի մայիսից սկսած, ու նրանք ստանան չվճարված գումարները: Հիմա պայմանագրերն առաջարկվում են հուլիսի 1-ից, ու նրանք կորցնում են նաեւ երկու ամսվա գումարները ստանալու հույսը: Հանքագործները մտադիր են շարունակել պայքարը: Նրանք հիասթափված էին նաեւ, որ վստահել ու բողոքի համար դիմել էին քաղաքապետարանի ու մարզպետարանի միջամտությանը: Այս անգամ իրենց ձայնը նրանք ցանկանում են հասցնել երկրի նախագահին:

Օգոստոս 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր