ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵ՞ՃԸ, ԹԵ՞…

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵ՞ՃԸ, ԹԵ՞…

«Հրապարակ»

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հանրության եւ լրատվության կապերի բաժնի պետ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի դատական հայցի մասին ձեռնարկության ղեկավարությունն իմացել է լրատվամիջոցների հրապարակումներից: Հիշեցնենք, որ  կազմակերպությունը մտադիր է դատական կարգով պաշտպանել այն բնակիչների շահերը, որոնք ապրում են «Դինո գոլդ մայնինգի» կողմից շահագործվող լեռնահանքային վայրերում՝ Կապանի Շահումյան ավանում: Շահումյան ավանն այն  բնակավայրերից է, որտեղ գտնվում է Կապանի պղնձի բազմամետաղային հանքավայրը: Այս համայնքում վտանգավոր է ոչ միայն ապրելը, այլեւ պարզապես գտնվելը: Մշտական պայթեցումներն ու հորատումները հանգեցրին տների եւ հաղորդակցության ավերման: Տների եւ այգիների տակ առաջացած դատարկությունն ակտիվացրեց սողանքային գործընթացները: 2008թ. «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը  փոխհատուցում տրամադրեց Շահումյանի համայնքում բնակվող 8 սեփականատերերի՝ տեղափոխման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պաշտոնապես ձեռնարկությանը չի ծանուցել հայցի կամ դատական նիստի մասին: Ըստ մեր զրուցակցի, ձեռնարկությունը պաշտոնապես խնդրին կանդրադառնա  ու մամլո պաշտոնական հաղորդագրություն կտարածի ծանուցագիրը ստանալուց հետո: «Ասեմ, որ ձեռնարկության պատասխանատուները  պարբերաբար հանդիպում են Շահումյան ավանի բնակիչների հետ, նրանց մի մասին տրվել է փոխհատուցում, մնացածների հետ էլ կա պայմանավորվածություն: Բոլորին անխտիր տրվելու է փոխհատուցումը, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է»,-ասաց Ռ. Տեր-Մարտիրոսյանը: Նա նաեւ նշեց, որ մամուլի վերջին հրապարակումներից հետո էլ ձեռնարկության ղեկավարությունը  հանդիպել է բնակիչներին: Մեր տեղեկություններով, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի պատասխանատուները նախկինում աշխատում էին «Դինո գոլդ մայնինգ քամփնիում»:

Սեպտեմբեր 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր