GPM GOLD-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

GPM GOLD-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

ԱրմԻնֆո

GeoProMining ընկերությունների խումբը ծրագրում է առաջիկա տարիներին երեք անգամ ավելացնել Հայաստանում ոսկեբեր հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալները` ներկայիս ամսական 45 000 տոննայից մինչև 150 000 տոննա հանքաքար: Այդ մասին այսօր Հարավկովկասյան երկաթուղու հետ ռազմավարական համագործակցության և գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է GeoProMining-ի նախագահ Ռոման Խուդոլիյը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: «Մենք պատրաստվում ենք նույնիսկ չվերակառուցել, այլ հնի փոխարեն նոր հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել Արարատում: Այդ առումով այսօր ՀԿԵՈւ-ի հետ ստորագրված համաձայնագիրն առաջին հիմքն է ընկերության ռազմավարությունում»,- նշել է նա: Ռ. Խուդոլիյն ընդգծել է, որ եթե անցած տարի խնդիրներ էին առաջանում 25000 տոննա հանքաքար տեղափոխելիս, ապա այսօր, շնորհիվ ՀԿԵՈւ-ի հետ համատեղ աշխատանքի, փոխադրումների ծավալները զգալիորեն ավելացել են:

Նշենք, որ եթե Արարատի ֆաբրիկայի վերագործարկման առաջին ամսում (2008 թ. նոյեմբեր) ընկերության կողմից արդյունահանվել և վերամշակվել է 21 473 տոննա հանքաքար, ապա դեկտեմբերին ծավալներն ավելացել են մինչև 30 410 տոննա, 2009 թ. հունվարին կազմել են 31 285 տոննա, փետրվարին` 38 000 տոննա: Ներկայումս ընկերությունն արդյունահանում և վերամշակում է ամսական 45 000 տոննա հանքաքար: Արդյունքում ընկերությունն արտադրում է տարեկան 30 000-ից մինչև 40 000 ունցիա ոսկի:

Միաժամանակ Ռ. Խուդոլիյը նշել է, որ GeoProMining-ը բանակցություններ է վարում նախագծային ընկերությունների հետ`գոյություն ունեցող Արարատի հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման և վերակառուցման շուրջ: «Ֆաբրիկայում կներդրվի նոր համակարգ, ոսկեբեր լեռնազանգվածի հարստացման` աշխարհում լավագույն տեխնոլոգիաները»,- հավաստիացրել նա:

Դեկտեմբեր 02, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր