50-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ

Լարիսա Փարեմուզյան Հետք

Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի բնակիչ Մնացական Գրիգորյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատում առողջությունը կորցրած 50-ից ավելի թոշակառուների, ինչպես նաև իր երկու տարիների թոշակները «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Մանես» ԲԲԸ-ի կողմից չի վճարվում:

«Ծերության թոշակ էլ 10 հազար դրամ փող են տալիս ու  երկու տարի է` զավոդը կոպեկ չի վճարում: Շատ եմ դիմել ընկերության ղեկավար Աղվան Հովհաննիսյանին, կռվելու չի, որ գնաս կռվես, ու էսքան վախտ ձեն-ձուն չկա: Էրեգ էլ եմ գնացել, ասում ա` փող չկա, բա ո՞ւր ա էդ փողը: Էսենց ինձ նման թոշակառու մի 50 հոգի կլինի, ոչ մեկին չեն տալիս»,- ասաց Մնացական Գրիգորյանը և պատմեց, թե ինչպես է հաշմանդամացել գործարանում:

«Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատում երկար եմ աշխատել` շուրջ 20 տարի, հետո աշխատանքի մեջ` «օբժիգում» վառվել եմ: Վառվել եմ թևից, ու գործարանը 1976 թ.-ին ցմահ ինձ թոշակ է նշանակել»,-շարունակում է նա:

Հիմա Մնացական Գրիգորյանը իր 7 անձից կազմված ընտանիքը կերակրում է տարիքային 10 հազար դրամ կենսաթոշակով և 20 հազար դրամ նպաստով: Թե ինչու է կենսաթոշակը այսքան ցածր, նա բացատրեց. «Տրուդավոյս` էդ էլ էին զավոդում կորցրել»:

Մնացական Գրիգորյանի ընտանիքում ոչ ոք չի աշխատում. «Էն ա, տղաս էլ չի աշխատում: Գործ չեն տալիս, ով է գործ տալիս, էդ իմ թոշակի հույսին են»:

Մնացական Գրիգորյանի հավաստմամբ` իր կենսաթոշակի` «Մանես» ԲԲԸ-ի պարտքը կազմում է 240 հազար դրամ. «Ո՞ւր ա, էդ փողերը, երևի կերել են, ինչ են արել: Գիտես ոնց ա էդտեղ, ասենք` քո ծանոթն ա, նրան երկու ամիս վճարել են, էն մնացածին ասում ա` դեռ չկա»:

Թե 30 հազար դրամով ինչպես է իր ընտանիքը գոյատևում` Մնացական Գրիգորյանն ասաց. «Դե դա հերիք չի, դա ինչ ա: Մի տեղից, էնա, հանդ եմ գնում, բան: Մենակ էդ զավոդի փողն էլ տան»: Մնացական Գրիգորյանը նաև հայտնեց,  որ 50 թոշակառուներով դիմում են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ալավերդի քաղաքում ճանաչված մետալուրգ Միշա Պարանյանն էլ հայտնեց, որ խորհրդային տարիներին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից որպես աշխատանքի պահին  առողջություն կորցրածի վնասի հատուցում ստացել է 170 ռուբլի թոշակ: «Մանես» ԲԲԸ-ի կողմից 50 և ավելի մարդկանց կորցրած առողջության վնասի հատուցում առաջին տարում յուրաքանչյուրին վճարել են 1000  դրամ, հետո` 3000, ապա` 6000, իսկ 2008թ-ից` 9 հազար դրամ:

«Խորհրդային տարիներին 170 ռուբլով կարելի էր գնել 85 կգ. միս, հիմա սրանք շուկայական հարաբերությունների են անցել, մեզ` մեր կորցրած առողջության համար սկզբում վճարում էին 1000 դրամ, այսինքն` 1 կգ  մսի փող, հետո աստիճանաբար դարձրին 9 հազար: Լրիվ տարին չենք ստացել, մի քանիսն էլ կան` 2008 թ.-ի վնասի հատուցումն էլ չեն ստացել»,- մանրամասնեց նա:

Միշա Պարանյանը հայտնեց, որ օրերս իրենց թոշակների համար կրկին դիմել է «Մանես» ԲԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանին, ով պատասխանել է, որ պետք է ուրիշը իրեն վճարի, որ ինքն էլ կարողանա  նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի աշխատողներին վճարի իրենց գումարները:

«Ինչ որ վերադաս ունի, թե ով է այդ վերադասը, չի ասում: Հիմա մենք որոշել ենք թղթերը պատրաստել և ուղարկենք Եվրադատարան»,- ասաց Միշա Պարանյանը:

Նախկին` 50-ից ավելի մետալուրգների առողջությանը հասցված վնասի փոխհատուցման գումարները չվաճարելու պատճառների մասին փորձեցինք տեղեկանալ «Մանես» ԲԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանից:

«Նախ «Մանես» ԲԲԸ-ն  այդ մարդկանց պարտք է ոչ թե մեկ տարվա, այլ 10 ամսվա վճարներ: Ընկերությունն այդ գումարները չի կարողանում վճարել գումարներ չունենալու պատճառով»,- պատճառաբանեց Աղվան Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, թե որն է ելքը, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ելքը այն է, որ ընկերությունը պետք է իր ունեցած գույքից ինչ-որ բան վաճառի և վճարի այդ մարդկանց թոշակները, որը մեզ դեռևս չի հաջողվում»:

ՈՒ՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ՄԱՆԵՍ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ»
Լարիսա Փարեմուզյան, Հետք

 «Հետքում» նոյեմբերի 24-ին  հրապարակված «50-ից ավելի մետալուրգների առողջությանը հասցված վնասը չի փոխհատուցվել»,  հրապարակմանը արձագանքել էր ««Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Հետքը» «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն  Գագիկ Արզումանյանից փորձել է պարզաբանումներ  ստանալ «Վալլեքս» խմբի ընկերությունների եւ  «Մանես գունավոր մետաղների գործարան» ՓԲԸ-ի կապի մասին:

«Վալլեքս» խմբի ընկերությունները չեն  ընդունում, որ «Մանես գունավոր մետաղների գործարան» ՓԲԸ -ն  իրենց սեփականությունն է: Գործարանն ու՞մ է պատկանում իրականում:

«Վալլեքս» խմբի ընկերությունները «Մանես գունավոր մետաղների գործարան» ՓԲԸ-ում ունեն 16տոկոս բաժնետոմսեր, այսինքն մենք  մեծամասնության բաժնետերեր չենք: Այնուամենայնիվ ունենք որոշակի ազդեցության լծակներ այդ ընկերության վրա, այդ թվում Ձեր հրապարակումներից տեղյակ լինելով գործարանում առկա խնդիրների մասին, (գործարան, իհարկե դա դժվար է ասել, որովհետև չնայած անվան մեջ կա գործարան, բայց որևէ գործող ստորաբաժանում այդ ձեռնարկությունում չկա): Մենք տեղյակ ենք այն խնդիրներին, ընդամենը մի քանի օր առաջ մենք դրամական որոշակի ներհոսքներ ենք կատարել այդ ընկերություն, որը հնարավորություն կտա  խեղման թոշակների փոխհատուցման մի քանի ամսվա խնդիր լուծել` մինչև խնդրի  համակարգային լուծումը, որը ես կարծում եմ կգտնվի:

ՀՀ Կառավարությունը  2010թ-ից խնդրի լուծման որոշում ունի, որը նաև  սահմանում է  լուծարված ձեռնարկության միջոցներով աշխատողների առողջության վնասի փոխհատուցման կարգը: Այդուհանդերձ, ինչով կբացատրեք այն փաստը, որ թեև  «Մանես գունավոր մետաղների գործարան» ընկերությունը  Ձերը չեք համարում, բայց նրա գրասենյակը տեղավորված է «Վալլեքսին» պատկանող «Էյ-Սի-Փի» ընկերության վարչական շենքում:

Չէ, մեր վարչական շենքում չեն նստում: Պարզապես այդ ընկերության տնօրենը նաև մեր ձեռնարկությունում հանդիսանում է արտադրական  տնօրենի տեղակալ: Այսինքն իր հիմնական աշխատավայրը մեր ձեռնարկությունում է:

Ձեզ նորություն հայտնած չեմ լինի,  որ «Մանես գունավոր մետաղների գործարան» ընկերության մյուս բաժնետերերը մշտապես դժգոհում են, որ ընկերության կառավարման գործում իրենք խաղի մեջ չկան: Այդ մասին հրապարակում ունի նաև «Հետքը»: Այդ ընկերությունում, եկեք խոստովանենք, թելադրողը «Վալլեքսն» է:

Այ, էդ բողոքողներին մենք ևս հաճույքով կմիանանք, որովհետև մենք ևս փոքրամասնություն բաժնետեր ենք և մեր շահերը պաշտպանված կամ ոտնահարված են ճիշտ այնքան, որքան մնացած բոլոր բաժնետերերի շահերն են պաշտպանված կամ ոտնահարված:

Մենք նկատել ենք, որ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատից ժառանգություն մնացած «Վալլեքս» խմբի  ընկերություններին անցակալի և խոցելի խնդիրները «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից  միտումնավոր թողնվել է այդ ընկերության վրա: Այդ թվում մկնդեղի գերեզմանոցը, նախկին լուծարված Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի առողջության վնասի փոխհատուցման գումարները:

Էլ ինչ գիտեք: Երրորդն էլ ասեք:

Երրորդն էլ այն է, որ այդ ընկերության բաժնետերերի մեծ մասը դժգոհում են, որ իրենց բաժնետոմսերից շահույթ չեն ստանում:

Ես կառաջարկեմ, որպեսզի  դուք զրուցեք այդ ընկերության տնօրենի հետ: Ես այդ ընկերության տնօրենը չեմ:

Այդ ընկերության տնօրենը փաստորեն հարցեր չի լուծում: Իրենց կորցած առողջության համար վնասի փոխհատուցում պահանջող և 1 տարուց ավելի այն չստացող մարդիկ ամեն օր գնում են այդ տնօրենի մոտ , նա այդ  մարդկանց պատասխանում է. «Դե, ինձ պետք է փող տան, որ ես էլ Ձեզ վճարեմ»:

Նույն հաջողությամբ դուք այդ հարցը կարող եք տալ այստեղ հավաքված 30 հոգուց ցանկացածին, որովհետև նրանք կարող են նույնկերպ պատասխանել «Մանես գունավոր մետաղների գործարանին» վերաբերվող հարցերին, ոնց որ ես: Այնտեղ 354 բաժնետեր կա:  Դուք հո տեղյակ եք, ինչպես է այդ ամենը տեղի ունեցել:

Ժամանակին այդ ձեռնարկությունում եղել է ամեն ինչ: Այսինքն, սա եղել է իրավահաջորդը Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի: 1996-97թ.թ.-ին, երբ որ նոր սեփականատեր է եղել(Վալերի Մեջլումյանը) հիմնադրվել է նոր ձեռնարկություն` «Մանես և Վալլեքս» անվանմամբ:
Ձեռնարկությունը վերցրել է ակտիվների մի մասը, մնացած ակտիվների  մասը մնացել է էստեղ (Մանես գունավոր մետաղների գործարանում):

Հետագայում առանձնացված ձեռնարկությունում տեղի է ունեցել բաժնետերերի փոփոխություն: Այսինքն` «Մանես և Վալլեքս», որը հիմա  կոչվում է «Էյ-Սի-Փի» ընկերություն և  «Մանես գունավոր մետաղների գործարան» ընկերությունների բաժնետերերը այլևս տարբեր են: Միմյանց հետ փոխկապակցված անձինք չեն:

Հիմա ասել, որ գիտեք ինչ կա, ինչ որ մեկը միտումնավոր մկնդեղի գերեզմանոցը կամ թոշակառուների խնդիրը թողել է  եւ այլն, ես չեմ կարծում, որ նման միտում պետք է այստեղ տեսնել:

Բայց  այդ դեպքում ինչու՞  «Մանեսի» հետ կապված հրապարակումներում բարձրացված խնդիրները միայն դուք եք լուծում, մյուս բաժնետերերը անտեղյակ են լինում դրանց:

Ալավերդու հետ կապված շատ խնդիրներ ենք մենք լուծում:

Դեկտեմբեր 04, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր