

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր
«Deno Gold Mining» ընկերության ամենամեծ սոցիալական ձեռքբերումն այն է, որ ընկերությունն աշխատում է: Եթե ձեռնարկությունը կանգնի, ապա Կապանում սոցիալական վիճակը ծանր կլինի»,- հայտարարեց «Dundee Precious Metals» ընկերության կայուն զարգացման դեպարտամենտի փոխնախագահ Ադրիան Գոլդսթոնը նոյեմբերի 24-ին Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի (EBRD) աշխտանքային հանդիպան ժամանակ:
Այդ հայտարարությունն Ադրիան Գոլդսթոնն արեց ի պատասխան «ԷկոԼուր»-ի այն հարցման, թե «Deno Gold Mining»-ը Կապանում ինչ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Սյունիք, Շահումյան եւ Գեղանուշ համայնքները հայտնվել են էկոլոգիական եւ սոցիալական աղետի շեմին:
Ադրիան Գոլդսթոնի խոսքերով՝ Կապանի իրավիճակը խորհրդային ժամանակաշրջանի ծանր ժառանգությունն է: «Հայաստանում շատ դժվար է աշխատել: «Deno Gold Mining»-ը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի փոխի իրավիճակը»,- նշեց Գոլդսթոնը: Նա հայտնեց, որ ընկերությունը մտադիր է հանքը սկսել շահագործել բաց եղանակով (Շահումյանի հանքավայր), որի ընթացքում կօգտագործվեն նոր տեխնոլոգիաներ:
Հակիրճ տեղեկություն: «Dundee Precious Metals» ընկերությունը բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin» ընկերության միջոցով անմիջական կապ ունի «Deno Gold Mining» ընկերության հետ: Այդ ֆինանսական շղթան հայտնաբերվում է, երբ հետեւում ես EBRD-ի վարկին, որը բանկը տրամադրել է «Deno Gold Mining»-ի կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի կառուցման համար:
Լոնդոնյան հանդիպումը նվիրված էր հանքարդյունաբերական ոլորտում բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվությանը: Բացի EBRD-ից հանդիպմանը մասնակցում էին հանքարդյունաբերական եւ կոնսալտինգային ընկերություններ, ինչպես նաեւ խումբ «CEE Bankwatch Net Work»-ից (Bankwatch ցանցը միջազգային հասարակական կազմակերպությունների ցանց է, որն անդամներ ունի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրներում եւ զբաղվում է միջազգային ֆինանսական ինստիտուտների, այդ թվում եւ EBRD-ի մոնիտորինգով):
Միջոցառման ընթացքում «CEE Bankwatch Net Work»-ի խումբը, որի կազմի մեջ մտավ նաեւ «ԷկոԼուր» տեղեկատվաական ՀԿ-ն, առանձին հանդիպում ունեցավ EBRD-ի էկոլոգիայի եւ կայուն զարգացման կառավարման նախագծերի գնահատման գծով տնօրեն Դարիուշ Պրաշեկի, EBRD-ի բնական ռեսուրսների բաժնի ավագ բանկիր Մայքլ Գրինի եւ EBRD-ի հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով մենեջեր Բիլիանա Ռադոնիչ Կեր-Լինդսեի հետ: Քննարկումը շարունակվեց կլոր սեղանի շրջանակներում:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին Կապանում «Deno Gold Mining» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգի արդյունքները, բարձրացվեցին հարցեր այն մասին, թե համապատասխանում է ընկերության գործունեությունը EBRD-ի քաղաքականության հետ` կապված բանկի կողմից տրամադրած 4 միլիոն դոլլարանոց վարկի հետ, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում էին բանկի եւ ընկերության միջեւ բանակցություններին` կապված ապագայում հնարավոր նոր վարկերի տրամադրման հետ:
Կարծիք հնչեց, որ «Deno Gold Mining» ընկերության գործունեությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ազգային բնապահպանական օրենսդրությանը եւ խախտում է մարդկանց առողջության եւ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները:
Որպես ապացույց բերվեցին մասնավորապես հետեւյալ փաստերը`
1.խախտվել է հասարակայնության իրավունքը` մասնակցելու որոշումների ընդունմանը Գեղանուշ գյուղում, որի բնակիչները 134 ստորագրություն էին հավաքել պոչամբարի կառուցման դեմ
2.խախտվել է Սյունիք համայնքի բնակչության առողջության իրավունքը, որի հողերը թունավորված են Կապանի կոմբինատի պոչերով եւ արտանետումներով
3.կյանքի համար ռիսկեր կան Կապանի հանքի վրա տեղակայված Շահումյան բանավանում, որտեղ իրականացվում են հանքահանման ստորգետնյա աշխատանքներ, բնակիչները պաշտպանության համար դատարան են դիմել
4.ընկերության բնապահպանական միջոցառումների պլանը չի համապատասխանում ոչ մի չափանիշի` ո’չ միջազգային, ո’չ ազգային:
Դոկտոր Դարիուշ Պրաշեկը նշեց, որ`
• «Dundee Precious Metals»-ը լավ հեղինակություն ունի եւ աշխատում է բարձր չափանիշներով
• բանկն ուղղում է իր միջոցները նրան, որպեսզի առաջին հերթին անցումային տնտեսության երկրներում լուծի աշխատատեղերի ստեղծման խնդիրը` թեկուզ եւ օգտագործելով հին տեխնոլոգիաներ
• փոքր վարկերի շրջանակներում հնարավոր չէ լուծել խորը էկոլոգիական խնդիրներ
• EBRD-ի վարկով լուծվեց կոնկրետ խնդիր` գետի աղտոտման կանխում եւ ձեռնարկության արտահոսքերի տեղափոխումը նոր Գեղանուշ պոչամբար:
Նա նաեւ հայտարարեց, որ վարկի շրջանակներում բանկին ներկայացվել են ե’ւ սոցիալական ծրագրերը, ե’ւ բնապահպանական միջոցառումների պլանը, որոնք խիստ տարբերվում են վերը նշված պլանից:
Իր հերթին Մայքլ Գրինը հայտարարեց, որ 25 միլիոն դոլլարանոց միջնաժամկետ վարկի տրամադրման շուրջ բանակցություններն ընկերության հետ ընդհատվել են եւ պաշտոնական մակարդակով չեն վերականգնվել:
Հասարակական մոնիտորինգի մասնակիցները կարծիք հայտնեցին, որ սոցիալական պատասխանատվությունը չի նշանակում պարզապես աշխատանք տալ: Ընդհակառակը, պատասխանատվության նման ըմբռնումը «Deno Gold Mining»-ի նման հանքարդյունաբերական ընկերություններում աշխատող մարդկանց ծայրահեղ կախվածության մեջ է դնում, ովքեր ստիպված են համաձայնվել ընկերության ցանկացած պայմանի հետ, միայն թե չփակվի ձեռնարկությունը:
Նաեւ ցանկություն հնչեց, որ բանկը հետեւի իր կողմից հայտարարված սոցիալական եւ բնապահպանական քաղաքականությանը եւ վարկ չտրամադրի այն դեպքում, եթե նախագիծը չի համապատասխանում այդ քաղաքականությանը:
«CEE Bankwatch Net Work»-ի բանկերի գծով համակարգող Ֆիդանկա Բաչեւա Մակ-Գրատը մեկնաբանեց Լոնդոնյան հանդիպումը` ասելով, որ EBRD-ի` հանքարդյունաբերական ոլորտին առնչվող ծրագրերի փաթեթը չի ուրախացնում: «Բանկն ընտրեց Dundee Precious Metals ընկերությանը որպես իր գործունեության շրջանակների միակ հանքարդյունաբերական ընկերություն, որը լավ փորձ ունի (Չելոպեչ, Բուլղարիա): Սակայն իրականում Չելոպեչում «Dundee Precious Metals»-ի ծրագրերը տարիներ շարունակ հետաձգվում են»,- ասաց նա:
Ներկայումս, երբ ընկերությունը ստացել է համապատասխան թույլտվությունները, Բուլղարիայի էկոլոգիական կազմակերպությունները դիմեել են դատարան եւ Եվրոպական հանձնաժողով: Բուլղարական դատարանը չեղյալ է համարել ընկերության բնապահպանական միջոցառումների պլանը: «Մենք հուսով ենք, որ Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն կսկսի թույլատրության խախտման վերաբերյալ, քանի որ ընկերության առաջարկները համապատասխան կերպով չեն քննարկվել հանքավայրի կողքով հոսող գետից ներքեւ տեղակայված համայնքների հետ»,- հայտարարեց Ֆիդանկա Բաչեւա Մակ-Գրատը:
Դեկտեմբեր 04, 2009
