

ԷկոԼուր
«ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ն մտադիր է բաց եղանակով շահագործել Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամաս։ Ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել տեղամասի աշխատանքային նախագիծը:
Թուխմանուկի հանքային դաշտը գտնվում է ՀՀ Արագածոտնի և մասամբ Կոտայքի մարզերի տարածքում:
Թուխմանուկի ոսկու հանքավայրը նախատեսվում է շահագործել 2 փուլով: 1-ին փուլում՝ առաջիկա 6 տարում, արդյունահանվելու է 1050.0 տոննա հանքաքար: 2-րդ փուլում՝ հանքավայրի ողջ հաստատված մնացորդային պաշարը՝ տարեկան 1100.0 հազար տոննա արտադրողականությամբ: Հանքավայրը գրավում է շուրջ 40 հա մակերես:
Հանքավայրի պաշարներն են՝ C1 + C2 կարգերով 1.37 միլիոն տոննա հանքաքար, 8837 կգ ոսկի, 48.5 տոննա արծաթ:
ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ներկայացրած նախագիծը ընդգրկում է շահագործման առաջին փուլը: Շահագործման առաջին փուլում՝ 1-6 տարիներ, կարդյունահանվի 1050.0 հազար տոննա հանքաքար: Կորզման ենթակա մետաղների քանակը կազմում է. ոսկի՝ 2290.04 կգ, արծաթ՝ 11331.56 կգ:Ապրանքային արտադրանքը կազմում է. հանքաքար՝ 1077.14 տոննա ոսկի՝ 2194.97 կգ, արծաթ՝ 10905.95 կգ:
Մոտակա բնակավայրերն են Ապարան քաղաքը, Ծաղկահովիտ ավանը, Մելիքգյուղ, Միրաք, Ջարջառիս և Ղուռիբողազ գյուղերը: Հանքավայրը գտնվում է Մելիքգյուղի արևելքում, նրանից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա: Շրջանի գլխավոր ջրային արտերիան Քասախ գետն է, որը սնվում է բազմաքանակ ջրառատ վտակներից: Հանքավայրի կենտրոնական մասով հոսում է Գետիկ գետը, Գետիկը հարավ-արևմուտքում լցվում է Հալավարի ջրամբարը, ճանապարհին սնվելով բազմաթիվ բնական աղբյուրներից: Հալավարի ջրամբարը գտնվում է Մելիքգյուղից դեպի հարավ-արևմուտք, նրանից մոտ 2 կմ հեռավորության վրա: Այն հանդիսանում է շրջանի հիմնական ջրային ռեզերվուարը: Գետիկի լեռնանցքից արևելք գտնվում է Օջախիձոր գետը, որը իր ակունքներում սնվում է երեք առվակներից և հոսելով դեպի արևելք միանում է Մարմարիկին: Հանքային դաշտի հարավային մասով հոսում է Լուսաջուր գետը: Այն սկիզբ է առնում Լուսագյուղի արևելյան շրջաններից, Լուսագյուղի մոտով իջնում է հարավ և թափվում Քասախ գետը:
Բացահանքի շահագործման շահագործման 6-րդ տարում լցակույտերի առավելագույն ծավալը կկազմի925.3 հազար մ3:
Լցակույտը տեղադրված է բացահանքից մոտ 1.5 կմ հեռավորության վրա, Գետուկ գետի ձախ ափին, դեպի հարստացուցիչ ֆաբրիկա տանող ավտոճանապարհի հարևանությամբ: Լցակույտը զբաղեցնում է 4.34 հա տարածք:
Ըստ նախագծի՝ բացահանք ներթափանցող ջրերի հիմնական մասը մթնոլորտային տեղումներն են ձյան և անձրևի տեսքով: Անմիջապես բացահանքի տարածք թափվող մթնոլորտային տեղումների մի մասը կհեռացվի բնական ճանապարհով՝ ներծծվելով ապարների մեջ, իսկ մյուս մասի համար նախատեսվում է կառուցել դրենաժային համակարգ պարզեցման ավազանով, որի պարզեցվածքը կօգտագործվի փոշենստեցման նպատակով: «․․․Բացահանքի տարածք թափվող մթնոլորտային ջրերը ուղղվում են պարզարան, որտեղ կախույթը նստում է հատակին: Տարեկան առաջանում է 9.66 տոննա նստվածք: Նստվածքը տեղափոխվում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործող պոչամբար, իսկ պարզվածքը օգտագործվում է փոշենստեցման եղանակով»,ճ մասնավորապես նշված է նախագծում: Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող 2 պոչամբարները լցված են եւ ոչ շահագործվում են, ոչ ռեկուլտիվացվում։ Ընկերությունը 2013թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրեց երրորդ պոչամբարի կառուցման նախագիծը, սակայն այն մերժվեց։
Նախագծի համաձայն բնակչության առողջության պայմանական ռիսկը չափավոր է: Մելիքգյուղի բնակիչների վրա արտաքին միջավայրի անբարենպաստ ներգործություն ունեցող գործոններից մեկը համարվում է հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը: Կուտակվելով մարդու օրգանիզմում ակուստիկ գրգռումն առաջին հերթին վնասակար ազդեցություն է գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Աղմկային ծանրաբեռնվածությունը բացասաբար է անդրադառնում հատկապես մանկական օրգանիզմի վրա:
Օգոստոս 21, 2014 at 01:37