

ԷկոԼուր
Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտ 60 % գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: Ըստ նրա` Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի տարածքը կազմում է 320.8 հա, որից 186.4 հա ազգային պարկի տարածքում է: Այս մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին:
Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն:
Սույն թվականի օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետարանում տեղի ունեցած Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հանրային լսումների ժամանակ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ հանքավայրի տարածքը մտնում է «Արևիկ» ազգային պարկի մեջ: «Չի կարող պատահի», - պնդեց նախագծի հեղինակ՝ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից տեղեկացանք, որ նախագիծը դեռ փորձաքննություն է անցնում:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի ը ենթակետով ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը, իսկ 3-րդ կետի ը ենթակետով Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով, իսկ թ ենթակետով` հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:
«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագրի» համաձայն
«Արեւիկ» ազգային պարկում կա ՀՀ Կարմիր գրքում գրանցված 24 բարձրակարգ բույս, 32 անողնաշարավոր եւ 28 ողնաշարավոր կենդանի:
Այս առումով հանքի շահագործման դեպքում կխախտվեն ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը, «Բուսական աշխարհի» մասին եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքները:
Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով ընդերքի օգտագործումն արգելվում է, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
«Բուսական աշխարհի» մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի գ կետով արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի բ կետով արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:
Քարտեզը տրամադրել է WWF-Հայաստանը
Հոկտեմբեր 08, 2014 at 16:02
