

ԷկոԼուր
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն ընկերությունը չի պատրաստվում վճարել ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում ընկերությունում արձանագրված 3 միլիարդ 809 մլն դրամի (կամ 9.5 մլն դոլարի) լրացուցիչ հարկը: Ավելին, ընկերությունը այս հարցով դիմել է դատարան: «Հավաստիացնում եմ, որ չմուծված հարկեր չկան, ընդհակառակը... «Դանդին» ընդհանրապես կառավարությանը վճարում է ժամանակից շուտ: Վստահ եմ` ոչ թե 100, այլ 1000 տոկոսով, որ «Դանդին» ոչ մի կոպեկ պարտք չէ ՀՀ կառավարությանը, ընդհակառակը, այս պահին ՀՀ կառավարությունն է պարտք մեզ»,- ասել է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հոկտեմբերի վերջին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ին ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան, եւ տուգանքին ընթացք տալու վերաբերյալ վարույթը կասեցվել է մինչեւ դատարանը պատասխան կտա` օրինական է տուգանքը, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է «Սյունյաց երկիր» թերթը:
«Մենք դա համարում ենք չարդարացված եւ չհիմնավորված, առանց օրենսդրությամբ գործող որեւէ ողջամիտ մեկնաբանության եւ վճռականորեն կպաշտպանենք մեզ դատարանում: Ընկերության պաշտոնյաները եւ իրավաբանները, տուգանքի վերաբերյալ հստակություն մտցնելու համար, շարունակում են հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ, որովհետեւ այն տակավին հստակ չէ: Ամեն դեպքում, ենթադրյալ խախտումների համար տուգանքի չափը մեզ համար չափազանց անհամաչափ է ներկայացված»,- ասել է Հրաչ Ջաբրայանը:
Հարցին, թե մինչ դատարան դիմելը իրենք փորձե՞լ են ՀՀ ֆինանսների նախարարի հետ պարզել տուգանքի իսկությունը, Հրաչ Ջաբրայանը պատասխանել է. «Նորմալ երկրում նման խոշոր ներդնողին ֆիննախից պիտի զանգեին, մինչդեռ իմ հանդիպման խնդրանքներն ապարդյուն են անցել, չնայած զարմացած չեմ, որովհետեւ արդեն սովոր եմ որոշ նախարարությունների աշխատաոճին այս երկրի մեջ»:
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն շահագործում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը:
Հիշեցնենք, որ 2013թ. ՀՀ բնապահպանության նախարար ության բնապահպանական տեսչությունը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում իրականացրած ստուգումների արդյունքում կայացրել էր 380 միլիոն դրամ տուգանքի որոշում, որը հետագայում կրճատվեց` հասնելով 30 միլիոն դրամի:
Նոյեմբեր 13, 2014 at 17:46
