ԿԱՊԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼՈՒ Է 50-55 ԱՇԽԱՏԱԿԻՑ

ԿԱՊԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼՈՒ Է 50-55 ԱՇԽԱՏԱԿԻՑ

Lragir.am

Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի ՓԲԸ հասարակության և համայնքների հետ կապերի մասնագետ Նորայր Աղայանից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ կրճատվել են 17 հոգի, բայց  կրճատման գործընթացը շարունակվում է և ընդհանուր առմամբ կրճատելու են 50-55 հոգու, որը ըստ Նորայր Աղայանի` այնքան էլ մեծ թիվ չէ աշխատողների ընդհանուր թվի հարաբերակցությամբ /ընկերության աշատողների թիվը 1100 է/:
 
«Պետք է հասկանանք, որ այս գործընթացը ոչ թե նոր գործընթաց է, այլ այն դեռևս անցած տարի հայտարարված գործընթացի շարունակությունն է»,- նշեց Նորայր Աղայանը` ավելացնելով, որ դեռ անցած տարի երեք ամսվա ընթացքում պետք է կրճատեին մեծ քանակությամբ աշխատուժ, սակայն այսքան ժամանակ պահել են, ուղղակի հիմա արդեն հնարավոր չէ այդպես շարունակել, և որ այս գործընթացը այն գործընթացի ինչ-որ մի մասն է:

ԴԵՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՆ ՈՒ ԿԼԻՆԵՆ
Aysor.am


Դեռևս 2009թ-ի հոկտեմբերից Կապանի բնակչության հիմնական աշխատատեղ հանդիսացող Դինո Գոլդ մայնինգ ընկերությունը սկսել էր աշխատողներին ծանուցագրեր ներկայացնել, ըստ որոնց` նրանք պարտավորվում էին ծանուցագրի ժամկետը լրանալուն պես ազատել աշխատավայրը:

«Ոչ մեկիս այդպես էլ չբացատրեցին, թե ինչո՞ւ են ուզում ազատել աշխատանքից, տեղամասի պետերից մեկն ասում է` լավ չեք պահել ձեզ, մյուսն էլ, թե ճգնաժամ է, տնօրենն այդքան աշխատող չի ուզում պահել»,- պատմեց կոմբինատի աշխատողներից մեկը:

Աշխատանքից ազատվել է նաև Դինո Գոլդ մայնինգ ընկերության լրատվության վարչության պետը, սակայն աշխատատեղը երկար թափուր չի մնացել, վարչության նոր պետ Նորայր Աղայանն արդեն անցել է աշխատանքային պարտականությունների կարատմանը, ով և Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերությունում կրճատման գործընթացը դեռևս շարունակվում է, տվյալ պահին ընդհանուր առմամբ, ըստ Աղայանի, ազատված են 17 հոգի, հանքափորներ ու մի քանի հոգի դրսի աշխատողներ, ևս 12-ը ծանուցվել են, և աշխատանքից կհեռացվեն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:

«Խոսքն ընդհանուր առմամբ 50-55 հոգու մասին է, որ պետք է ազատվեն աշխատանքից, և հիմնականում հանքափորներ: Կրճատումների պատճառն արդյունավետության բարձրացումն է, չկա այնքան աշխատանք, որ բավարարի այդքան աշխատողների: Այստեղ խոսքը մասսայական կրճատման մասին չէ, պարզապես կատարվում է զուտ որոշակի կրճատում` արդյունավետության բարձրացման համար»,- ասաց Աղայանը:

Մոտ երկու տասնյակ հազար բնակչություն ունեցող Կապանի համար պաշտոնական 55, ոչ պաշտոնական շատ ավելի մեծ թվով կրճատումը եթե զանգվածային չի որակվում, ի՞նչ բնորոշում կարելի է տալ իրավիճակին: Հարցին Դինո Գոլդ մայնինգ ընկերության լրատվության վարչության պետը պատասխանեց, որ դեռևս ճգնաժամը սկսելուց անմիջապես հետո ընկերությունը հայտարարել էր, թե իր համար աշխատողների օպտիմալ թիվը 950-ն է. «Մենք 3 ամսվա մեջ պիտի անեինք կրճատման գործընթացը, սակայն ևս մեկ տարի երկարաձգեցինք, որպեսզի սոցիալական բեռը թեթևացնենք»:

Նշենք, որ կրկին պաշտոնական տվյալներով, կոմբինատում այսօր աշխատում է 1173 հոգի, և Աղայանի նշած 50-55 աշխատակցի կրճատումը դեռևս կոմբինատին չի հասցնի «երևելի» 950-ին:

«Բացառված չէ, որ նորից լինեն կրճատումներ, որպեսզի ապահովվի նախանշված թիվը, իսկ մոտակա ամիսներին խոսքը գնում է 50-55 հոգու մասին: Միևնույն ժամանակ, աշխատավարձի բարձրացում կլինի 30-60 տոկոսի սահմաններում»,- նշեց Նորայր Աղայանը:

Իսկ ճշտմանը, որ բանվորներն Aysor-ի հետ զրույցում խոսել են մեծ թվով կրճատումների մասին, Աղայանը հարցրեց` բանվորն ի՞նչ գիտի, թե քանի՞ հոգի պիտի կրճատվեն:

Ինչ վերաբերում է կրճատման հիմնական թեկնածուներին, ապա Աղայանի խոսքով, կրճատման համար կոնկրետ տարիք չկա, նաև երիտասարդներ են կրճատվում:

«Խոսքը գնում է արտադրողականության արդյունավետության մասին, շատ մանրամասն դիտարկվել են թեկնածուները: Առավել արտադրողական ասվածի մեջ մտնում են լավ աշխատողները, կարգապահները, հիվանդությունների պատճառով քիչ բացակայողները, ովքեր և կմնան կոմբինատում, իսկ ովքեր շատ են բացակայել, կարգապահ չեն եղել, նկատողություններ են ստացել, կրճատվում են: Այնպես չի, որ առավել կարգապահը դուրս է մնացել աշխատանքից: Ես հավատում եմ ընտրության արդարությանը»,- հավաստիացրեց Ն. Աղայանը:

Սակայն Դինո Գոլդ մայնինգ ընկերության մեկ այլ աշխատակից ներկայացրեց, որ իր ծանուցման մեջ գրված չէ որևէ խախտման մասին, պարզապես աշխատատեղերի կրճատման պատճառով ինքը պետք է հեռացվի աշխատանքից:

Երբ հունվարին լամպավարների ու անվտանգության բաժինները միացվեցին, անվտանգության բաժնի աշխատակիցներին հանձնարարական եղավ կատարել նաև լամպավարների աշխատանքը, իսկ լամպավարներին ազատել են աշխատանքից:

Ընդ որում, կոմբինատից պաշտոնապես նշեցին, որ 17 աշխատակից է կրճատվել, որոնցից 3-4-ն են դրսի աշխատող, սակայն միայն 6 լամպավար (լամպավարները համարվում են դրսի աշխատողներ) Aysor-ին հայտնեցին իրենց կրճատման մասին, նաև տեղեկացրին, որ 25-ից ավելի բանվորներ ևս կրճատվել են:

«Շատ հանգիստ կարող են չեղյալ համարել իմ ծանուցումը, քանի որ երկար տարիների աշխատող եմ, 16 տարվա մեջ ոչ մի նկատողություն չեմ ունեցել, որևէ բացակայություն չեմ ունեցել: Նաև տնօրինությանն եմ ներկայացրել իմ թղթերը, նրանք էլ տեսել են, որ որևէ խախտում կամ կարգապահական նորմ չեմ ոտնահարել, սակայն ինձ ասացին, որ աշխատողների ավելցուկ կա, դրա համար են ազատում աշխատանքից»,- պատմեց աշխատակիցը, ով և զարմացած էր վերը նշված չափանիշներից, ըստ որոնց մարդիկ ազատվում են աշխատանքից:

Հ.Գ. Աշխատանքից ազատված ամեն կապանցու համար գրեթե անհնար է հայրենի քաղաքում գտնել նոր աշխատանք` գործող մեկ կոմբինատի պայմաններում, իսկ քաղաքային իշխանությունները դեռևս չեն շտապում հանդիպել աշխատանքից հեռացվողների կամ հեռացման եզրին կանգնածների հետ: Միայն մեկ անգամ մարզպետ Սուրեն Խաչատրյանն է հանդիպել, ով և խնդրել է բանվորներին ցույցրե չանել, անցնել աշխատանքի, և բանվորների մի մասը նշում է, որ հենց այդ հանդիպումից հետո շատ ցուցարարների մեծ մասն ազատվել է աշխատանքից: Իրականում բանվորներին հանդիպել, նրանց աշխատանքային հարցով հետաքրքրվել պետք է, քանի որ աշխատանքից ազատված ամեն քաղաքացի դժվար թե երկար ժամանակ առանց աշխատանքի ու օրվա հացի մնա հայրենի քաղաքում:
 
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Tert.am


«Դինո Գոլդ Մայնինգ Քամփընիե հանքարդյունաբերական ընկերությունն աշխատանքից ազատել է 17 աշխատակցի, որոնց թվում են նաև այս տարվա հունվարի գործադուլի մասնակիցները։

Ընկերության հասարակության և համայնքների հետ կապերի մասնագետ Նորայր Աղայանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Նրանք արդեն երրորդ անգամ է, ինչ կազմակերպում են անօրինական գործողություններ, և ընկերությունը չի պատրաստվում հանդուրժել դրանքե,-հայտարարեց նա։

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ աշխատակազմի կրճատման պատճառը ոչ թե գործադուլի անցկացումն է, այլ գործընթացը, որի մասին հայտարարվել էր դեռ անցած տարի։ «Կրճատման գործընթացը շարունակվում է, և ընդհանուր առմամբ կրճատելու ենք 50-55 հոգու, որն այնքան էլ մեծ թիվ չէ աշխատողների ընդհանուր թվի հարաբերակցությամբե,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է հասկանալ, որ սա ոչ թե նոր գործընթաց է, այլ դեռ անցած տարի հայտարարված գործընթացի շարունակությունն է։

«Դեռ անցած տարի երեք ամսվա ընթացքում պետք է կրճատեինք մեծ քանակությամբ աշխատուժ, սակայն այսքան ժամանակ պահել ենք։ Ուղղակի հիմա արդեն հնարավոր չէ այդպես շարունակելե,- նշեց նա՝ հավելելով, թե այն ժամանակ կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ ընկերության աշխատակիցների թիվը կկրճատվի` ներկայիս 1100-ից հասցնելով 950–ի։ «Աշխատակիցների կրճատումը ուղղված է արտադրողականության բարձրացմանը։ Մենք այսօր այդքան աշխատատեղ չունենք, որքան աշխատողների թիվն էե,- նշեց նա՝ հավելելով, որ չնայած միջազգային շուկայում մետաղների գներն աճել են, ընկերության կողմից թողարկվող ծավալները հազիվ են բավարարում ինքնածախսածածկումն ապահովելու համար։

ԳՈՐԾԱԴՈՒԼԻ «ԳԻՆԸ»` ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Մերի Սողոմոնյան, Առավոտ


«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության տնօրենի կարծիքով՝ մոտ 150 աշխատող կկրճատվի:

Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում կրճատումներ են սպասվում: Այս մասին լրագրողներին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Թեեւ ձեռնարկության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ընթացիկ տարում ընկերությունն իր առջեւ առաջնահերթ խնդիր է դրել ընդլայնել աշխատանքների ծավալը՝ հանքի եւ ֆաբրիկայի արտադրական ծավալները, ինչը հնարավորություն կտա ձեռնարկությանը աշխատել նույնիսկ մետաղների ցածր գների պայմաններում եւ լինել կայուն: Բայց, հավանաբար, դրանք կարվեն առանց աշխատատեղերի ավելացման, ու դեռ որոշ աշխատատեղեր էլ կկրճատվեն: «Եթե հիշում եք, դեռեւս մեկ տարի առաջ՝ ճգնաժամը սկսելու պահից լուրջ դժվարություններ էին առաջացել: Կառավարության հետ համաձայնության էինք եկել աշխատողների թիվը հասցնել 950-ի: Մեր ձեռնարկությունում անցած տարի կրճատումներ չեն արվել: Ընկերությունում ներկա դրությամբ աշխատում է 1100 մարդ, ավելի, քան անհրաժեշտ է: Իսկ կոմբինատին 950 աշխատողն էլ բավական է: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է լինելու որոշակի կրճատումներ անել, բայց ոչ մեծ քանակով»,- նշեց պարոն Ֆալետան:

Պարոն Ֆալետայի ասածից կարելի է եզրակացնել, որ «ոչ մեծ քանակով կրճատումներ» ասելով՝ նկատի ուներ 150 աշխատողի կրճատումը: Ըստ նրա՝ դա այդքան էլ մեծ թիվ չէ: Բայց եթե հաշվի առնենք, որ մոտ 150 ընտանիքի միակ եկամտի կամ հիմնական եկամտի աղբյուրն այդ աշխատանքն է, իսկ Կապանում աշխատանք գտնելն ու գումար վաստակելն այնքան էլ հեշտ գործ չէ, 150 ընտանիքի գործազուրկի կարգավիճակում դնելն ու անեկամուտ թողնելը՝ շատ կանխատեսելի հետեւանքների է հանգեցնելու: Բացի այդ՝ մի՞թե կոմբինատում անցած տարի կրճատումներ չեն եղել: Եղել են: Դեռեւս մի քանի ամիս առաջ պարոն Ֆալետան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ձեռնարկությունում ավելի քան 1200 մարդ է աշխատում («Առավոտ», 14 հուլիս 2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի»): Իսկ այժմ ասում է, որ 1100 աշխատող կա կոմբինատում: Ո՞ւր «կորան» ավելի քան 100 աշխատողները:

Պարոն Ֆալետան նշեց նաեւ, որ շատ հաճախ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վերջին օրերի գործադուլին: Մինչդեռ հենց Ռոբերտ Ֆալետայի կարգադրությամբ ընկերության ներկայացուցիչները լրագրողների հետ չէին շփվում, եւ լրագրողները գործադուլավորներին լսելուց հետո ընկերությունից պարզաբանում չէին ստանում: «Ես այդ պահին անհրաժեշտ ինֆորմացիա չունեի տրամադրելու եւ զբաղված էի այդ աշխատանքները հարթելու ուղղությամբ, երբ 3-րդ անօրինական գործադուլն էր: Երբ 2009-ին ընկերությունը մետաղների գների անկման պատճառով վնասով էր աշխատում, նրանք, այնուամենայնիվ, աշխատավարձի բարձրացում էին պահանջում: Միայն ընկերության անխափան աշխատանքի ապահովման համար մենք ամսական 2 միլիոն դոլար ենք ծախսում: Օրինակ, եթե վերամշակող ֆաբրիկան դադարի մեկ կամ երկու օր աշխատել, ֆինանսական լուրջ խնդիրներ են ստեղծվելու»,- ասում է պարոն Ֆալետան: Նրա խոսքերով՝ վերջին գործադուլի հետեւանքով ձեռնարկությունը մեկ միլիոն դոլարի վնաս է կրել: Ռոբերտ Ֆալետան հավաստիացնում է, որ գործադուլների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված է, աշխատողներին ներկայացվել է աշխատավարձերի լավ փաթեթ: Իսկ գործադուլի օրերի համար բանվորները չեն վարձատրվելու: «Պետք է մարդիկ գիտակցեն, որ մեր ընկերությունը մասնավոր է: Ոչ մի ընկերություն չի կարող շարունակ վնասներ կրել, եւ ցանկացած մասնավոր ձեռնարկություն կսկսի քայլեր ձեռնարկել, որպեսզի շահույթով աշխատի: Այսօր բոլորն ասում են՝ մետաղների գները բարձր են, այնուամենայնիվ, դա ընկերությանը օգուտ չի տալիս, եթե ձեռնարկությանը չի հաջողվում այնպիսի խտանյութ տալ, որի պահանջարկը կա շուկայում»,- հավելում է Ռոբերտ Ֆալետան:

Ըստ նրա՝ գործադուլի պատճառներից մեկն էլ այն էր, որ «պարգեւավճարային համակարգը» չէր աշխատում այնպես, ինչպես հարկ է: Շատ աշխատողների չէր հաջողվում օգտվել դրանից: «Աշխատուժը շատ էր, շատ աշխատանք չկար, իսկ եղած աշխատանքն էլ բաժանվում էր բոլորի միջեւ, ինչն էլ հնարավորություն չէր տալիս աշխատողներին օգտվել այդ համակարգից: Ուստի որոշակի փոփոխություններ մտցրին «պարգեւավճարային համակարգում», բայց գործընթացի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաեւ աշխատուժի փոփոխություն անել»,- պարզաբանեց ձեռնարկության ղեկավարը:

Փետրվար 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր