«ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն մտադիր է միավորել Թուխմանուկի ոսկու հանքավայրի 3 պոչամբարները

«ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն մտադիր է միավորել Թուխմանուկի ոսկու հանքավայրի 3 պոչամբարները

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան  «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Հայտի համաձայն` Թուխմանուկի ոսկու հանքավայրի համար տրամադրված տարածքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի վարչական սահմաններում գյուղից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա: Հանքավայրին մոտ բնակավայրերն են` Ապարան քաղաքը, Ծաղկահովիտ ավանը, Մելիքգյուղը, Միրաք և Ջարջառիս գյուղերը:

Թուխմանուկի հանքաարդյունաբերական համալիրում վերազինման շրջանակներում նախատեսվում է ՝

  • Հարստացուցիչ ֆաբրիկայի ընդլայնում և ֆլոտացիոն համակարգի արդիականացում,
  • Պոչամբարի անվտանգույթյան բարձրացում նոր պատնեշների կառուցման միջոցով
  • Չոր պոչանքների արտադրական պահեստի կառուցում:

Հարստացուցիչ ֆաբրիկայի ընդլայնում

Ֆաբրիկայի շինության և ներքին սարքավորումները ենթարկվելու են զուտ վերանորոգման և սարքավորումների արդիականացման: Գործող հանքահարստացման ֆաբրիկան հագեցվելու է 3 հարստացման խցերով, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 25մ3 է, և 2 խցերով` յուրաքանչյուրը 15մ3 հզորությամբ, իսկ ջարդիչ կայանքը կտեղադրվի ֆաբրիկայի մերձակայքում:

Վերազինման արդյունքում նախատեսվող արտադրողականությունը կկազմի՝

1-ին տարի` 122400 տ/տարի,

2 – 4 տարիները` 153000 տ/տարի

5-րդ տարին` 183600 տ/տարի

6-րդ տարին` 306000 տ/տարի:

Ոսկու կորզման համակցված` գրավիտացիոն-ֆլոտացիոն եղանակով հանքաքարից կկորզվի ոսկու 87.5%-ը: Թուխմանուկի ոսկու հանքավայրի «Կենտրոնական» տեղամասի 1 և 15 հանքային մարմիններում հաշվարկվել է C1+C2 կարգով  35613.93 կգ ոսկի, 107009.0կգ արծաթ: Ֆաբրիկայի ընդլայնումը կատարվելու է Մելիգյուղի վարչական տարածքում` 6-7 հա տարածքի վրա:

Չոր պոչանքների արտադրական պահեստի կառուցում

Հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման արդյունքում առաջանալու է միջանկյալ գրավիտացիոն պոչերի հետագա արդյունավետ մշակման հնարավորություն՝ ոսկու կորզման ընդհանուր աստիճանը բարձրացնելու նպատակով:

Նախատեսվում է կառուցել միջանկյալ չոր պոչերի պահեստ ֆաբրիկայի հարեւանությամբ, որը թույլ կտա տեղափոխել եւ լրամշակել գոյություն ունեցող գրավիտացիոն պոչանքը, այն ըստ հաստատված նախագծի լրամշակելու նպատակով: Ըստ նախնական հաշվարկների չոր պահեստավորման ծավալը կկազմի մոտ 78000 խմ, իսկ չոր պահեստավորման համար անհրաժեշտ մակերեսը 2.0 հա: Միջանկյալ չոր պոչանքների խոնավությունը կկազմի՝ 10 – 15 %, ինչը  թույլ կտան բացառել պոչանքի վթարային տարածման վտանգը:

Պոչամբարի անվտանգույթյան բարձրացում նոր պատնեշների կառուցման միջոցով

Հարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման արդյունքում առաջացած պոչերի պահեստավորման համար կառուցվել է երեք պոչամբար, որոնցում ներկայումս կուտակվել են մոտ 65 հազ.մ3 պոչեր: 2013 թվականից պոչամբարները չեն շահագործվում՝ դրանց ծավալների սպառման պատճառով: 2014թ. հունվար-փետրվար ամիսներին մեծ պոչամբարի մարմնի ներքին շեպում տեղի են ունեցել փլուզումներ, ինչը անհրաժեշտություն է առաջացրել վերակառուցելու և ուժեղացնելու պոչամբարի մարմինը: Ելնելով պոչամբարների վթարային իրավիճակից և նոր պոչամբարի կառուցման ոչ նպատակահարմարությունից` առաջանում է նաև 3 պոչամբարների միավորման խնդիր՝ ստեղծելով լրացուցիչ 140 հազ.մ3 ծավալ, իսկ հետագայում բարձրացնելով նրա պատնեշը ևս 2 մ՝ ապահովելով 170-180 հազ.մ3 ծավալ:

Վերակառուցվող պոչամբարների տարածքը կազմում է մոտ 4.85 հա: Ընդհանուր տարածքը, ներառյալ մուտքային գրունտային ճանապարհները, որը անհրաժեշտ է համալիրի կառուցման համար, կազմում է 9.35 հա:

Պոչամբարների թափոնները կտեղափոխվեն նոր կառուցվող ժամանակավոր պոչերի պահեստարան, որից հետոկսկսվեն հին վթարային պոչամբարների դեմոնտաժումը և նոր միասնական պոչամբարի կառուցումը: Նոր միասնական պոչամբարի կառուցումից հետո, ժամանակավոր պահեստում կուտակված պոչերը ուղղվելու են հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակվելու, այնուհետև՝ նոր կառուցված պոչամբար:

Մթնոլորտային օդի աղտոտում

Հանքաքարի բեռնաթափումից տարեկան մթնոլորտ կարտանետվի 22.0 տ փոշի, ջարդիչների տեղամասից` 2.3 տոննա փոշի, ռեագենտների տեղամասից 0.49 տոննա քսանտոգենատ:

Պոչամբարների միավորման աշխատանքների ընթացքում վնասակար նյութերի արտանետումների քանակը կկազմի 90.44 տ/շին.ժամ, հիմնականում 3÷4 վտանգավորության դասի:

Ջրային ռեսուրսների օգտագործում

 Տեղի ջրային ռեսուրսներն են` Քասախ գետի վտակներ Գետիկը եւ Լուսաջուրը:

Հայտում նշվում է, որ ֆաբրիկայում լուծույթների պատրաստման համար տարեկան առավելագույն ջրապահանջը կկազմի 36720մ3, հանքաքարի խոնավացման բարձրացման համար` տարեկան 9180.0 մ2, աշխատողների խմելու և կենցաղային պահանջների համար ջրածախսը կազմի  229.2 մ3/տարի:

Պոչամբարների շինարարության ժամանակ ջրի ծախսը տնտեսակենցաղային կարիքների համար կկազմի՝ 3.68 մ3/օր,  շինարարական կարիքների համար 38492.2 մ3:

Խմելու ջուրը վերցվելու է համայնքային ջրային ցանցից, իսկ արդյունաբերության մեջ օգտագործելու համար որտեղից է ջուր վերցվելու, չի նշվում: Հարստացուցիչ ֆաբրիկան աշխատելու է լրիվ շրջանառու համակարգով, ինչը կբացառի արտադրական կեղտաջրերի արտահոսքը` բաց ջրավազաններ:

Նշենք, որ տարածքը, որտեղ «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն մտադիր է իրականացնել Թուխմանուկի հանքաարդյունաբերական համալիրի վերազինումը, գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում:

Օգոստոս 27, 2015 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր