

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապապանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել նատրիումի ցիանիդիով Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման նախագծին:
Արջուտի հանքավայրը եւ հանքաքարի վերամշակման գործարանը շահագործելու է «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն:
Արջուտի հանքավայրի հանքաքարի վերամշակման գործարանը կկառուցվի Լոռու մարզի Արջուտ համայնքի վարչական սահմաններում` Արջուտի հանքավայրից ոչ հեռո: Այն Վանաձոր քաղաքից կգտնվի 17 կմ հեռավորության վրա: Իսկ թե քանի մետր հեռավորության վրա է լինելու գործարանը Արջուտի բնակելի տներից, նախագծում նշված չէ: Գործարանի կառուցման տարածքը գտնվում է է 8-9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում: Նախագծում գնահատված չէ սեյսմիկ ռիսկը եւ հնարավոր երկրաշարժի դեպքում ձեռնարկվելիք քայլերը:
Գործարանում ցիանական նատրիումի միջոցով տարեկան վերամշակվելու է 100 հազար տոննա հանքաքար, վերջնական արտադրանքը լինելու է դորե մետաղ: Արջուտի հանքաքարում ոսկու պարունակությունը 3.05գ/տ է, արծաթինը` 36.28գ/տ:
Ըստ ֆաբրիկայի նախագծի` ցիանական նատրիումի պահեստի մակերեսը լինելու է 270 քմ, այն պահեստավորելու է մինչեւ 50 տոննա ցիանական նատրիում, մինչդեռ գործարանին տարեկան անհրաժեշտ է լինելու 150 տոննա ցիանական նատրիում (էջ 32): Սակայն փորձաքննական եզրակացության մեջ նշված է. «ձեռնարկությունում չի նախատեսվում ցիանի բազային պահեստ: Լինելու է միայն փոքր ծավալի ծախսային պահեստ, որը պետք է հագեցված լինի օդափոխության համակարգով…»:
Ֆաբրիկայի տեխնիկական եւ խմելու տնտեսական ջրամատակարարումը իրականացվելու է ընդհանուր ցանցից: Շրջանառու ջրի հաշվարկային ծախսը կազմելու է տարեկան 14700.0մ3: Խմելու որակի ջրի հաշվարկային ծախսը կազմելու է 6792.6 մ3: Կեղտաջրերի հաշվարկային ծախսը կազմելու է տարեկան 583.4 մ3:
Նախատեսվող գործունեության արդյունքում մթնոլորտ կարտանետվեն 2-4 վտանգավորության դասի նյութեր, որոնց ընդհանուր քանակը կկազմի 17.72 տ/տարի, ընդ որում` ցիանական միացություններ`0.3տ/տարի, քլորաջրածին` 0.02 տ/տարի, անօրգանական փոշի` 17.4 տ/տարի: Եզրակացության մեջ նշվում է. «…ձեռնարկությունում հանքաքարի վերամշակման արդյունքում ստացվում են «չոր» պոչանքներ, որոնք տեղակայվում են անմիջապես ֆաբրիկայի տարածքում: Չոր պոչանքները չեն դասվում թափոնների շարքին, քանի որ տեխնոլոգիաների հետագա զարգացման արդյունքում դրանք կարող են օգտագործվել ավելի խորը կորզման համար»: Թե որքան չոր պոչանք է ստացվելու եւ դրանք քանի հեկտար տարածքում են տեղակայվելու եւ ինչպես են պահվելու, որպեսզի շրջակա միջավայրը չաղտոտեն` քամու հետ փոշու տեսքով տարածվելու կամ տեղումների հետ արտահոսելու միջոցով, նշված չէ:
Հոկտեմբեր 23, 2015 at 14:25
