

ԷկոԼուր
«Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ն վաճառվեց ռուսական «Polymetal International»-ին 25 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս որոշման վերաբերյալ «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն ԷկոԼուրին ասաց. «Սա երկար գործընթաց էր: Մեր հանքով հետաքրքրվողները շատ էին: Կապանի հանքը ռազմավարական առումով մեզ այլևս չէր համապատասխանում, և ճիշտ որոշում էր այն վաճառելը, հարմար էր և իրենց, և մեզ համար: Սա պարզապես բիզնեսի որոշում էր»: Հրաչ Ջաբրայանը նշեց, որ չնայած նրան, որ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն չի լինելու, Հայաստանից «Dundee Precious Metals» կանադական ընկերությունը չի հեռանա: ««Dundee Precious Metals»-ը Հայաստանում՝ Վայոց ձորում, երկու հետախուզական տարածքների համար լիցենզիա ունի և կենտրոնանալու է այդ տարածքների վրա», - հայտնեց Հրաչ Ջաբրայանը: Ըստ նախնական պայմանավորվածության, Հրաչ Ջաբրայանը կվերադառնա Կանադա և կզբաղեցնի «Dundee Precious Metals» ընկերության փոխնախագահի պաշտոն:
«Polymetal International» ընկերության մամլո հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը նաեւ ձեռք է բերել Լիճքվազի ոսկու հանքավայրը, որը գտնվում է Կապանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա:
Որպես գործարքի ռազմավարական հիմնավորում ռուսական ընկերությունը նշում է հետևյալ կետերը.
- Արտադրական սիներգիա Լիճքվազի հարուստ հանքավայրի հետ
- Ստորգետնյա հանքարդյունաբերական աշխատանքներում խոչընդոտների վերացում և հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական ծավալի ավելացում
- Ծախսերի օպտիմիզացիա՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նեղ երակային հանքավայրերում ստորգետնյա մշակման «Polymetal International»-ի ունեցած փորձի հիման վրա
- Հզոր արտադրական հարթակի ստեղծում, որը թույլ կտա Հայաստանում դիտարկել նաև այլ ծրագրեր:
NI 43-101 ստանդարտի համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կապանի հանքավայրում հայտնաբերված և ենթադրյալ պաշարները գնահատվում են 15.9 միլիոն տոննա հանքաքար՝ պարունակող մոտավորապես 1.4 միլիոն ունցիա ոսկի, 24 միլիոն ունցիա արծաթ, 80 հազար տոննա պղինձ և 270 հազար տոննա ցինկ:
Ակտիվները ներառում են ամբողջությամբ մեխանիզացված ստորգետնյա հանք՝ տարեկան մոտավորապես 400 հազար տոննա արտադրողականությամբ, ֆլոտացիոն հարստացուցիչ ֆաբրիկա՝ տարեկան 750 հազար տոննա արտադրողականությամբ և ենթակառուցվածքների օբյեկտները: Ձեռնարկությունը արտադրում է ոսկու, պղնձի, արծաթի և ցինկի կոնցետրատներ արտահանման համար: Վերջին հինգ տարիների ընթացքում նախորդ սեփականատերը ներդրել է հանքավայրի շահագործման մեջ 75 միլիոն դոլար:
2015 թվականին Կապանի հանքում արդյունահանվել և մշակվել է 410 և 411 հազար տոննա հանքաքար համապատասխանաբար: Այդ նույն տարում վաճառքը կազմել է 21 հազար ունցիա ոսկի, 1 հազար տոննա պղինձ, 5 հազար տոննա ցինկ և 0.4 միլիոն ունցիա արծաթ: Այդ ժամանակահատվածում ձեռնարկության մաքուր շահույթը կազմել է ԱՄՆ $ 35 մլն, EBITDA - ԱՄՆ $ 5 մլն:
Մարտ 02, 2016 at 18:49