Լիճքի հանքավայրի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Լիճքի հանքավայրի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ԷկոԼուր

Այսօր ՀՀ վարչական դատարանում նշանակված Լիճքի հանքավայրի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերն առ ոչինչ ճանաչելու պահանջով դատարան հայց է ներկայացրել «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն:

Դատական նիստին ներկայացել էին՝ հայցվոր կողմից փաստաբան Հայկ Ալումյանը և «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, երրորդ կողմից՝  «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը: Պատասխանող կողմի՝ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները նիստին չէին ներկայացել:

Մինչ նիստը հետաձգելը՝ դատավոր Արման Դիլանյանը մատնանշեց, որ հայցադիմումում ներկայացված փաստերից բխում է, որ հայցը պետք է ներկայացվի Լիճքի հանքավայրի շահագործման թույլտվության հիմքում ընկած վարչական ակտերն ավելի շուտ ոչ իրավաչափ ճանաչելու մեխանիզմով, քան առ ոչինչ ճանաչելու:

«Մենք ասում ենք՝ այդ կազմակերպությանը (ԷկոԼուր՝ «Թաթսթոուն» ՍՊԸ) իր գործունեության իրականացման համար տրամադրվել է մի տարածք, որի կոորդինատները որոշ հատվածներում համընկնում են «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ, որն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք է, որովհետև դրանով պետությունն իրեն տրամադրում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Սա, մեր կարծիքով,  առ ոչնչության հիմք է, բայց ցանկացած առ ոչնչության հիմք նաև անվավերության հիմք է: Մենք ասում ենք, որ խախտումն այն աստիճան ակնհայտ է, որ ինքը կարող է առ ոչինչ էլ ճանաչվել, դատավորն էլ ասում է, որ եթե մենք ստիպված ենք լինելու փորձաքննություն նշանակել, որ ապացուցենք, որ տրամադրված տարածքն ազգային պարկի տարածքում է,  արդեն նշանակում է, որ այդ խախտումը ակնհայտ չէ, հետևաբար, նաև առ ոչինչ կարող է չճանաչվել:

Իրենք (ԷկոԼուր՝ պատասխանող կողմը) պատասխաններ են ներկայացրել, որ իբր «Թաթսթոուն» ՍՊԸ-ին տրամադրված տարածքը չի համընկնում «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ: Իրենք նկարել են ազգային պարկի նույն կոնտուրը, բայց իրենց քարտեզով տարածքները չեն համընկնում: Ընդամենը մի հարց է ենթակա քննարկման՝ համընկնում է, թե՝ ոչ», - ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Հայկ Ալումյանը:

Լիճքի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 10:30-ին:

 

 

 

 

 

 

Ապրիլ 18, 2017 at 19:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր