

ԷկոԼուր
«Deno Gold Mining» ընկերությունն առաջարկում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման ծրագիր: Իր ծրագրերի մասին ընկերությունը ծանոթացրել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` նրա Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում:
«ԷկուԼուր»-ին տված մեկնաբանություններում տեղի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը բացասական կարծիք հայտնեց Շահումյանի հանքավայրի բաց շահագործման վերաբերյալ: «Կապանի էկոլոգիական վիճակը արդեն իսկ վատ վիճակում է: Դրա մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները: Ծանր մետաղներով եւ թունավոր տարրեով աղտոտված է ոչ միայն Կապան համայնքի վարչական տարածքը, այլ նաեւ նրան շրջապատող համայնքները»,- նշեց Ղազարյանը:
Նշենք, որ փոշու, գազերի, ճառագայթման, աղտոտված ջրի եւ հողի, թափոնների եւ պոչամբարների տեսքով էկոլոգիական բեռնվածությունը նախ եւ առաջ պայմանավորված է երկու խոշոր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկությունների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որը բաց եղանակով շահագործում է Քաջարանի հանքավայրը, եւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, որը փակ եղանակով շահագործում է Շահումյանի հանքավայրը, գործունեությամբ:
«Եթե Շահումյանի հանքավայրը շահագործվի բաց եղանակով, ապա մենք 40 հազար բնակչությամբ քաղաքում կստանանք բաց հանք»,- ասաց Ղազարյանը: Նրա կարծիքով, երբ խոսվում է մարդկանց առողջության եւ կյանքի մասին, ապա ընկերությունը պետք է շատ ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ իրեն անհրաժեշտ է անցնել բաց եղանակով հանքանյութի հանքահանման: Նա նաեւ նշեց, որ անկախ փորձագետների գնահատականների համաձայն, որոնց տիապետում է կազմակերպությունը (դա «Deno Gold Mining» ընկերության պատվերով «GEORISK» ընկերության հետազոտություններն են եւ ընկերության նախկին գլխավոր ինժեներ Սամվել Գասպարյանի եզրակացությունները), երկար տարիների ընթացքում Շահումյանի հանքավայրում նախագծային պայմանների խախտումով հիմնականում շահագործվել են հարուստ հանքերակները: Արդյունքում առաջացել են ստորգետնյա դատարկ տարածություններ, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն փակ եղանակով, այլ նաեւ բաց եղանակով հանքահանման համար:
«Մենք ուզում ենք հղում անել եվրոպական փորձին, երբ բոլոր նմանատիպ որոշումներն ընդունվում են լայն հասարական քննարկման արդյունքում»,- հավելեց Ղազարյանը:
Ապրիլ 27, 2010
