

ԷկոԼուր
Հունիսի 5-ին Հայաստանի բնության պետական թանգարանում նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օրը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Օրվա առթիվ կազմակերպվել էր էկզոտիկ կենդանիների ցուցադրում՝ «Էկզոտարիում Ամազոն» ընկերության կողմից, կավճանկարների ցուցադրություն` «Զատիկ» մանկատան երեխաների և Շենգավիթի պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ և լուսանկարների ցուցահանդես:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1972 թ-ին: Յուրաքանչյուր տարի սահմանվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմատիկան: 2017 թ-ի տարվա թեմա է ընտրվել «Ես բնության հետ եմ» կարգախոսը:
«Սա պատահական կարգախոս չէ: Այն նախևառաջ ենթադրում է ներդաշնակություն բնության հետ: Բնության հիմնական օրենքները, որոնք յուրաքանչյուրի համար պետք է դառնան ուղենիշ և կանոն, հաճախ խաթարվում են: Այսօր մեր ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, տեսնում ենք բնական ռեսուրսների գերշահագործում, հյուծում, դեգրադացիա և արդյունքում բնական հավասարակշռության խաթարում: Վերականգնվող ռեսուրսների պարագայում մեր չափման միավորը պետք է լինի այն, որ մենք չպետք է օգտագործենք ավելին, քան նրա բնական վերաճի կարողությունն է: Չվերականգնվող ռեսուրսների պարագայում մեր գլխավոր խնդիրը պետք է լինի նվազեցնել դրանց օգտագործումը», - իր խոսքում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Որպես Հայաստանի բնության գլխավոր սպառնալիք բնապահպանները նշում են հանքարդյունաբերությունը: Բնապահպանության նախարարը շեշտեց, որ այս ոլորտը վնաս է հասցնում ջրային ռեսուրսներին, կանաչ տարածքներին: «Մենք քննարկում ենք այս ոլորտում այնպիսի նորմերի և պահանջների սահմանումը, որոնց դեպքում կկարողանանք նվազագույնի հասցնել հանքերի և պոչամբարների բացասական ազդեցությունը», - ասաց Արծվիկ Մինասյանը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասին կարևորեց Հայաստանի նվիրվածությունը և աշխատանքը, որը տարվում է Փարիզի կլիմայական կոնվենցիայի շրջանակներում և նշեց. «Այստեղ շեշտն ավելի շատ դրվում է քաղաքային բնակչութան վրա: Մինչև 2050 թ-ը 2.5 միլիարդ բնակչություն գյուղական վայրերից տեղափոխվելու է քաղաք, ինչն ավելի է խտացնում քաղաքային բնակչությունը և առաջ է բերում իր ռիսկերը: Խոսքն այլևս վաղվա մասին չէ, հենց այսօրվանից պետք է հոգ տանենք և ներդաշնակ ապրենք բնության հետ»:
WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը ներկայացրեց Հայաստանի աղբավայրերի քատեզը, որը կազմվել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում: Նա նշեց, որ մեկ ամսվա ընթացքում կգործի նաև կայքը, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել Հայաստանում առկա աղբավայրերը և աղբակույտերը և առցանց ռեժիմով հետևել «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին:
Միջոցառման ժամանակ նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալագրեր հանձնեց նախարարության մի շարք աշխատակիցների:
Միռոցառման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները և կամավորները «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին երթ Բնության թանգարանից մինչև բնապահպանության նախարարություն՝ հավաքելով այդ հատվածում փողոցներում, ծառերի բների մոտ կուտակված աղբը:





Հունիս 05, 2017 at 15:49
