

ԷկոԼուր
«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն նոյեմբերի 22-ին` ժամը 18:00-ին, պատրաստվում է լսումներ անցկացնել արդեն խոշորացված Գլաձոր համայնքում` Գլաձորի հանքավայրի շահագործման համար համայնքի համաձայնությունը ստանալու նպատակով: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ Գլաձորի ավագանու անդամ, Վերնաշենի բնակիչ Գեղամ Մարգարյանից:
Նոր լսումների մասին հայտարարել է Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը` խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստին: «Ավագանու բոլոր 11 անդամները ՏԻՄ-ի մասին օրենքի շրջանակներում որոշում են ընդունել մերժել հանքարդյունաբերությանը: Այդ որոշումը լսումներին մենք իրենց դեմն ենք դնելու», - ասաց Գեղամ Մարգարյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց. «Մենք մի անգամ մերժել ենք, գրել ենք, որ մեզ համար պարտադիր է համայնքի նախնական համաձայնությունը: Հավանաբար, համայնքների խոշորացումից հետո իրենք նորից ուզում են լսումներ անցկացնել: Մենք այդ լսումներից տեղյակ չենք, դա ձեռնարկողն է անցկացնում: Օրենքով ձեռնարկողը պետք է հայտին կից բերի լսումների տեսագրությունը և արձանագրությունը: Եթե համայնքի նախնական համաձայնությունը չլինի, մենք չենք ընդունի հայտը»:
Հիշեցնենք, 2017թ. հուլիսի 18-ին «Վայկ Մետալ»-ը փորձեց ստանալ Գլաձոր և Վերնաշեն համայնքների համաձայնությունը Գլաձորի հանքը փակ եղանակով շահագործելու համար և մերժվեց:
Իսկ 2016 թ-ի դեկտեմբերին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց Գլաձորի հանքավայրը բաց և փակ եղանակներով շահագործելու «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայտին:
Նոյեմբեր 20, 2017 at 17:20
