

Էկոլուր
Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ուշադրությունն է հրավիրում նախարարական որոշումները չեղյալ համարելու եվրոպական փորձի վրա:
ՀԿ-ի` նախարարին հասցեագրված նամակում ասվում է, որ ապրիլի 16-ին Բուլղարիայի Գերագույն վարչական դատարանը չեղյալ է համարել Բուլղարիայի Բնապահպանության և ջրի նախարարության Չելոպեչի հանքում ոսկու հարստացման ֆաբրիկայի կառուցման մասին որոշումը: Ծրագիրը ներկայացվել էր կանադական Dundee Precious Metals ընկերության կողմից, որը նաև հանդիսանում է Հայաստանում գործող Deno Gold Mining ընկերության սեփականատերը:
Նշենք, որ Բուլղարիայի հասարակությունը երեք տարի պայքարեց ոսկու հարստացման գործարանի կառուցման դեմ: Բուլղարիայի բնապահպանության և ջրի նախարարության եզրակացությունը հաջողվեց կասեցնել դատական համակարգի միջոցով: Dundee Precious Metals ընկերությունը հրապարակավ հանդես եկավ դատարանի որոշման դեմ:
Կապանի ՀԿ-ը նախարարին տեղակացնում է, որ դատարանի որոշման հիմքում ընկած են հետևյալ պատճառները. Առաջին հերթին, հասարակական լսումների և Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի` ՇՄԱԳ-ի լուծման հրապարակման ամսաթվի միջև 2.5 տարվա ուշացում կա, երկրորդ հերթին` Բնապահպանության և ջրի նախարարությունը ճիշտ չի սահմանել այն համայքները, որոնց վրա կարող է ազդել գործարանի գործունեությունը, և երրորդը` առաջարկվող տեխնոլոգիան չի համարվում լավագույն մեթոդը` Չելոպչեի հանքի համար:
Նամակում նաև նշվում է, որ Կապանում արդեն առկա են հանքարադյուանաբերող ձեռնարկություններրի գործունեությունից առաջացող ռիսկը, և որ Շահումյանի հանքավայրի բաց շահագործումը, որի մի մասը գտնվում է քաղաքի տարածքում, մի քանի անգամ կմեծացնի այդ վտանգները:
Մայիս 18, 2010
