

ԱրմԻնֆո
Հայաստանում ոսկու հանքաքարի արդյունահանման և վերամշակման տեխնիկական վերազինման «ԳեոՓրոՄայնինգ» ընկերության ծրագրի արժեքը գնահատվում է 200 մլն դոլար: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «ԳեոՓրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին: Նրա ասելով, Արարատի ոսկու կորզման ֆաբրիայում «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիայի ներդրման արժեքը կկազմի շուրջ 45 մլն դոլար: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պայմաններում «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիայի նախագծման և ներդրման համար «ԳեոՓրոՄայնինգը» պայմանագրեր է ստորագրել Core Resources և Xstrata Technology ընկերությունների հետ:
«Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել ծրագրի բանկային ՏՏՀ մշակմանը: Հաջորդ տարի նախատեսում ենք լիովին ավարտել բոլոր նախագծային աշխատանքները և 4-րդ եռամսյակում սկսել նախագծի իրագործումը: Լեռնահանքային բիզնեսը չափազանց իներցիոն է, և եթե մենք չսկսենք փողեր ներդնել արդեն այժմ, միանշանակ «բաց կթողնենք» 2012 թվականը», - նշել է Ռ.Խուդոլին: Նրա ասելով, նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա 25-ից մինչև 150 հազար ունցիա ավելացնել արդյունահանման տարեկան ծավալը:
Ինչպես նշել է «ԳեոՓրոՄայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովը, 2010 թվականի սկզբից ի վեր Սոթքի ոսկու հանքավայրում արդեն շուրջ 9 մլն դոլար է ներդրվել, և մինչև տարեվերջ կներդրվի էլի շուրջ մեկուկես միլիոն ենթակառուցվածքում:
«ԳեոՓրոՄյանինգ» ընկերությունների խումբը 108 մլն դրամ կտրամադրի Վարդենիսի մշակույթի տան վերակառուցման համար: 2010-1012 թվականներին նախատեսվող վերակառուցման ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն դրամ: Վերակառուցումը կիրականացվի Գեղարքունիքի մարզի սոցիալական զարգացման ոլորտում ռազմավական համագործակցության շուրջ արձանագրության շրջանակներում, որն ստորագրել են «ԳեոՓրոՄյանինգ»ՍՊԸ նախագահ Ռոման Խուդոլին, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Սեպտեմբեր 10, 2010
