ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ` ՊԱՅՔԱՐԵԼՈՒ «FORTUNE OIL» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ

ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ` ՊԱՅՔԱՐԵԼՈՒ «FORTUNE OIL» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ

ԷկոԼուր

«Կամ մահ, կամ ազատություն», «Մենք բոլորս էլ կկանգնենք մի մարդու պես եւ չենք թողնի, որ հանքը շահագործվի», «Էդ աշխատատեղը թող տանեն իրենց, մեզ պետք չի, սովից կմեռնենք, բայց թող երկաթի հանքն էստեղ չբացեն»: «Մենք ուզում ենք մեր ընտանիքներով առողջ ապրել: Ոչ մեկն իրավունք չունի մեր երեխաների առողջությունը վաճառել: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»: Նման վճռական հայտարարություններով էին հանդես գալիս հրազդանցիները, ովքեր մարտի 31-ին հավաքվել էին Հրազդանի Սահմանադրության հրապարակում` մասնակցելու երկաթահանքի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիային: (Տես լուսանկարները)

«Fortune oil» չինական ընկերությունը 24 միլիոն դոլլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի  երկաթի հանքերը, որոնք պատկանում էին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:

Չնայած դեռ  «Fortune oil» ընկերությունը Հրազդանի երկաթահանքի շահագործման որեւէ նախագիծ չի ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը, չի ստացել բնապահպանության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը, չի անցկացրել հասարակական լսումներ եւ չի լսել հանրության կարծիքը, սակայն արդեն իսկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Քիամ Փունը հայտարարում է, որ  2012 թվականին Հրազդանում կսկսի վերամշակող գործարանի շինարարությունը, իսկ երկու տարուց կստանա տարեկան 2 միլիոն տոննա երկաթի խտանյութի արտադրանք: «Լսումներ չեն եղել, դա արդեն լուրջ կռվան է, որ մենք դիմենք իշխանություններին: Եթե չստանանք դրական պատասխան,  կդիմենք դատարան: Եթե դա էլ մեզ չօգնի, կդիմենք ավելի բարձր ատյաններ»,- հայտարարեց «Անտառները գալիք սերունդներին» բնապահպանական կազմակերպության նախագահ Մովսես Մանուկյանը:

«Ժամանակն է, որ մենք չուշանանք, եւ դուրս գանք պայքարի, որովհետեւ նրանք նախապատրաստական աշխատանքներ են տանում, եւ եթե մենք այսօր չպայքարենք, բողոքի ակցիաներ չկազմակերպենք, կարծում եմ` կուշանանք»,- հայտարարեց «Երեխաների աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրեն Կամո  Առաքելանը:

Հրազդանն արդեն գտնվում է էկոլոգիական լուրջ ռիսկերի գոտում: Հրազդանում գործում է ցեմենտի գործարան, եւ Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանի տեղեկատվության համաձայն` «քաղաքում տարեց տարի ավելանում են շնչառական եւ ուռուցքային հիվանությունները»:

Երկաթի հանքը քաղաքի մեջ է, իսկ հանքի ստորին հատվածում գտնվում է Հրազդանի ջրամբարը:  «Հանքի շահագործման արդյունքում միանշանակ քաղաքի իրավիճակն անմիջապես կվատանա: Պայթյունների արդյունքում ամբողջ քաղաքը կգտնվի հանքի ազդեցության տակ: Թունավոր փոշուց ոչ միայն օդը, այլեւ ջուրն էլ կաղտոտվի», - ասաց Անահիտ Մնացականյանը:

«Fortune Oil»-ը հայտարարում է, որ երկաթահանքի շահագործման իրենց առաջարկած տեխնոլոգիաները բացառում են որեւէ էկոլոգիական խնդրի առաջացում:

«Նմանատիպ հանքի շահագործման արդյունքում 15 տարի անց ԱՄՆ-ի Բյութ քաղաքն այլեւս գոյություն չի ունեցել»,- իր ելւյթում նշեց Հրազդանի տարածաշրջանային մտավորականներ ՀԿ-ի նախագահ Հակոբ Գաբրիելյանը:

Ակցիան ամփոփեց Կոտայքի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը. «Եթե պետք լինի, ուրեմն բուլդուզերների առաջ գնալու ենք ֆիզիկապես կանգնենք»:

ՑՈՒՅՑ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Ա1+


Հրազդանի Սահմանադրական հրապարակում հավաքվածները պահանջում էին չշահագործել երկաթի հանքերը: Նրանց վրդովեցրել է այն փաստը, որ դրանք շահագործվելու են առանց հաշվի առնելու հասարակական կարծիքը, իսկ թե բնապահպանական  ինչ վտանգ է սպառնում, կառավարությանը չի հետաքրքրում:

Ելույթ ունեցան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ` իրենց վրդովմունքը հայտնելով բնակավայրին չափազանց մոտ երկաթի հանքի բաց շահագործման ծրագրի առիթով:

Հանքավայրերը շահագործվելու են քաղաքից 630-650 մ հեռավորությամբ: Չինական Fortune Oil ընկերությունը 2012 թվականին Հրազդանում կսկսի վերամշակող գործարանի շինարարությունը, իսկ երկու տարուց կստանա տարեկան 2 միլիոն տոննա երկաթի խտանյութի արտադրանք:

Առանց բարձրախոսների հնչող ելույթները ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին մասնակիցների` Հրազդանի քաղաքապետի ելույթը պահանջող կոչերով:
 Ի դեպ, հանրահավաքը սկսվեց 40 րոպե ուշացումով, իսկ բարձրախոսները միացված չէին, քանի որ տարածքը հոսանքազրկված էր:

ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՔԱՂԱՔԻՆ ԿԻՑ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ
Տիգրան Ավետիսյան, Ազատություն ռադիոկայան


Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բնակիչները դեմ են մոտ ապագայում քաղաքի անմիջական հարեւանությամբ գտնվող երկաթահանքի շահագործմանը:

Հինգշաբթի օրը հրազդանցիների եւ բնապահպանական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի հանրահավաքի ժամանակ բնակիչներն ասում էին, որ եթե չինական ընկերությանը պատկանող երկաթահանքը շահագործվի, ապա «հաշված տարիներ անց կարելի է ամբողջությամբ խաչ քաշել Հրազդանի եւ մերձակա բնակավայրերի վրա»:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին չինական «Fortune Oil» ընկերությունը հայկական «Նագին» կոչվող ընկերությունից ձեռք է բերել Հրազդանի երկաթահանքի բաժնետոմսերի գերակշիռ մասը եւ ամենամոտ ապագայում պատրաստվում է շահագործել քաղաքին գրեթե կպած հանքավայրը:

Հրազդանցիները բողոքի ակցիայի ընթացքում իրենց տարակուսանքն էին հայտնում այն մասին, որ իրենց կարծիքը բացարձակապես ոչ ոք հաշվի չի առել: Իսկ բնապահպանական ակտիվիստները ներկայացրին այն վտանգները, որոնք կառաջանան հանքի շահագործման արդյունքում: 

«Հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքի սրտում եւ տներից հեռու է ընդամենը 630-650 մետր, որը բնապահպանական որեւէ նորմի մեջ չի տեղավորվում: Հանքը արդյունահանվելու է բաց եղանակով, որի արդյունքում մեծ քանակությամբ թունավոր փոշի է առաջանալու, եւ մենք շնչելու ենք», - ասաց «Երեխաների աջակցության հիմնադրամ» կազմակերպության գործադիր տնօրեն, բնապահպանական ակտիվիստ Կամո Առաքելյանը:

Բնապահպանական մեկ այլ ակտիվիստ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի գնահատմամբ` այս հանքի առաջիկա շահագործումն «արդեն ոչ մի բանականության մեջ չի տեղավորվում»:

«Ընդհանուր առմամբ` Հայաստանի մի մասը դառնում է բաց հանքը, մյուս կեսը` պոչամբար», - ասաց Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հրազդանի բնակիչների եւ բնապահպանական ակտիվիստների մտահոգությունների առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը: Նա փոխանցեց, որ հանքավայրը շահագործելու համար նախարարությունը դեռեւս 2008 թվականին տվել է դրական եզրակացություն: Եզրակացությունը, սակայն, ըստ Քամալյանի, միայն հանքի շահագործման մասին է, եւ խոսք չի գնում հանքանյութի հետագա վերամշակման մասին: Ըստ նրա` դրա հետ կապված պետք է լինի նոր նախագիծ եւ կատարվի նոր փորձաքննություն:

«Երբ որ կանցնի փորձաքննությունը, այդ դեպքում նրանք իրավունք կունենան վերամշակում իրականացնել», - ասաց Քամալյանը:

Իսկ բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին, որ կստեղծեն նախաձեռնող խումբ, որը այդ խնդիրը կներկայացնի դատական ատյաններում:

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Lragir.am


Հրազդանի երկաթի հանքի հնարավոր շահագործումը անհանգստացնում է բնապահպաններին, բնապահպանական ՀԿ-ներին, այնինչ  հրազանդացիներին այնքան էլ չի անհանգստացնում, որովհետև, ինչպես իրենք են ասում, իրականում նախ չեն իմանում` ինչ է կատարվել, բայց նույնիսկ եթե որոշել են հանքը շահագործել, թող շահագործեն,  իրենք էլ գոնե աշխատատեղ կունենան, որովհետև հիմա իրենք ապրում են ոչ թե ուտելիքով, այլ օդով:
 
Այնուամենայնիվ, առաջիկա շահագործման հետ կապված մտահոգվողներն էլ քիչ չեն: Ռաֆիկ պապն իր տարիքում արդեն իր մասին չի մտածում, այլ թոռների, ովքեր դեռ «մատղաշ» երեխեք են.«12  թոռներ ունեմ, ես իմ մասին չեմ մտածում, իմ հայհայը գնացել, վայվայը մնացել ա, ես իմ թոռների համար եմ մտածում, քո նման 12 թոռ ունեմ, այդ երեխաները ինչո՞վ պետք է շնչեն` երկաթի փոշո՞վ: 54 տարի տառապել եմ, չարչարվել եմ, ռայոն ենք կառուցել, հիմա թոշակի եմ հասել, ոչ ոք մեզ բանի տեղ չի դնում», ասում է Ռաֆիկ պապը, այնինչ ընկերը` Արտոն, հետաքրքրված է ապագայում իրականցվող ծրագրով`ուզում էր իմանալ վնասի չափերը, օգուտի չափերը: Իսկ պատասխանին` հանքի շահագործումը վտանգ է առողջությանը,  կեսկատակ -կեսլուրջ ասում է.«Թե չէ հիմա շատ առողջ ենք, երբ ապրում ենք օդով»` ավելացնելով, որ թող սարը քանդեն,  թող աշխատատեղեր բացվեն, իրենց բոլորի թոռներն էլ  գնան աշխատեն, քանի որ պետությունը տեր չի կանգնում հիմա, ինչի արդյունքում ջահել-ջհուլ բառադի ապրում են, իսկ սարն առանց քանդելու էլ արդեն թույն է պարունակում և  վնաս պատճառում հրազադանցիներին.«Աղջիկ ջան,  էդ կառավարությանը, որ գնաս Էրևան հարցրու` ժողովրդին ձեռ ա առնում, էս ինչ անտեր պետությունը, հըմ, բա վարչապետը»: 
 
Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյանի խոսքերով` գործընթացը սկսվել է 2007-ից, երբ «Նագին» ՍՊԸ-ին շահագործման լիզենզիա է ստացել: Հենց այդ ժամանակ իրենց կենտրոնի կողմից ամերիկյան համալսարանի անկախ փորձագիտական եզրակացությունով ապացուցել էր, որ «Նագին» ՍՊԸ-ի արած փորձաքննությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ շատ  վտանգավոր կողմեր կան շահագործման  հետ կապված, որից հետո առժամանակ այդ գործընթացը դադարեցվել է:
 
Սակայն 2011-ին չինական «Fortune Oil» ընկերության կողմից Հայաստանի երկաթի  հանքավայրերի շահագործման գործարք է իրականացվել Նագին ընկերության հետ(Նագին» ընկերությունը պատկանում է պատգամավոր Վարդան Այվազյանին), որին սակայն որեւէ տեղաբնակ տեղյակ չի եղել, ավելին` որևէ  պաշտոնական  փաստաթուղթ, թե ինչպես է լինելու, ինչպես են  շահագործելու, չկա:
 
Ժորա Առաքելյանի խոսքերով` իրենց  տեղեկություններով նախատեսվում է նաև քաղաքում  ձուլարանի կառուցումը, ինչը Բանավանում է տեղադրվելու և անմիջական վտանգ հասցնելու տեղացիներին: Հենց դրանով էր պայմանավորված հիմնականում բանավանցիների` Հրազդանի հրապարակում գերակշռելը:  Բացի այդ, ջրամբարը, որը սնուցում է  Արարատյան դաշտը, անմիջապես գտնվում է հանքավայրից ոչ հեռու, բնականաբար, ջուրն աղտոտվելու է, որը ոչ միայն այս, այլ բոլոր մարզերին  վնաս է հասցվելու, ինչը մեծ հարված կհասցնի գյուղատնտեսությանը: 
 
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով` սա անթույլատրելի քայլ է, քանի որ Ծաղկաձորն առողջապահական գոտի է, այսպիսիով`Հրազդան քաղաքը խեղդվելու է, Հրազդան գետը թունավորվելու է և այդ թունավոր ջուրը գալու է Արարատյան դաշտ, որտեղ մեր սննդի հիմանական շտեմարանն է:
 
Ինչևէ, բնապահպանական ՀԿ-ները շարունակում են պայքարը նաև այս խնդրի կապակցությամբ, սակայն ինչ-որ առումով այն ավելի բարդ է, քանի որ մասնավոր սեփականություն է և անհասկանալի ճանապարհով սեփականաշնորհված:
 
Ի դեպ,երկաթի արդյունահանումը սկսվելու է 2014թ. և տարեկան արտահանվելու է 1,5-2,0 մլն տոննա երկաթ:

«ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ, ԹՈՂ ՍԱՐԸ ՇՈՒՌ ՏԱՆ ԻՄ ՎՐԱ»
Քրիստինե Աղալարյան, Հետք


Հրազդանի բնակիչներն ընդդեմ հանքի շահագործման
Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Պիոներների 2/6 շենքի բնակիչ Ալիսան միայնակ կին է, ամուսինն ու որդին մահացել են: Նա առաջիններից մեկն էր, ով այսօր եկել էր Հրազդանի քաղաքապետարանի դիմացի այգին` իմանալու, թե ինչ է սպասվում իրենց ավանին, եթե դիմացի սարը շահագործեն որպես հանք:

Կոտայք մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի դիմացի սարը կդառնա երկաթի հանքավայր, եթե չինական ընկերությանը թույլ տրվի շահագործել այն: Հրազդանցիներն այդ մասին ոչինչ չգիտեն, միայն ասեկոսեների մակարդակով լսել են, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ այժմյան պատգամավոր Վարդան Այվազյանն է հանքի տերը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի և Տիգրան Արզաքանցյանին (բաժնետերերի ցանկում նաև Վարդան Այվազյանի հարազատներն են) պատկանող «Նագին» ընկերությունը վաճառել է իր բաժնեմասերի մի մասը չինական Fortune Oil  ընկերությանը, որը հանքավայրի տարածքն ուսումնասիրելու թույլտվություն է ստացել:

Հրազդանցիները նաև լսել են, որ Բանավան թաղամասի տներն էլ հնարավոր է վերցնեն հանքի շահագործման շահերից ելնելով: «Տուն ունեմ, ծառ ունեմ, բոստան ունեմ, դրանով եմ ապրել, էթամ որտե՞ղ ապրեմ: Ես համաձայն չեմ, թող սարը շուռ տան իմ վրա: Կքանդեն, թող քանդեն, ես կմնամ այնտեղ»,- ասաց Ալիսա տատը,- էս մեր կանաչ տարածությունը լրիվ վերանում է, ջուրն աղտոտվում է, թույն է արտադրում, մենք դեն ենք ապրում, ուր էրթանք: Մենք համաձայն չենք, թող գան բլցնեն մեր վրա»:

«Մենք տուն ունեք` գարաժներով, պադվալով, հողամասով, լավ սարքել ենք, ռեմոնտ արել ենք, ես փեշս հավքեմ դարբեդարբ ըլնեմ, ուր էրթամ, 80 տարեկան կնիկ, ունեմ հարս, թոռնիկներ, մանդր բալեքն առնեմ ուր էրթամ»,- ասում է Պիոներների 20  հասցի բնակիչ Ռոզա տատը:

Այսօր բնապահպանները հրազդանցիներին իրազեկեցին, թե ինչ է սպասվում քաղաքին, եթե հանքը շահագործվի:

Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ուսումնասիրության համաձայն` հանքավայրը Հրազդանի հենց սրտում է, ամենամոտ գտնվող բնակելի տներից հեռու է 630-650 մետր: Հրազդանի տարածաշրջանային մտավորականների կազմակերպության նախագահ Հակոբ Գաբրիելյանը հիշեցրեց, որ հանքը լինելու է Բանավան, մյուս կողմից` Վանատուր թաղամասից քիչ հեռավարության վրա, մի քիչ վերև` դեպի հարավ, գյուղատնտեսական նշանակության կարտոֆիլի դաշտերն են, որից արևելք` Հարավային թաղամասն է:

«Սա այն սարն է, որի շուրջը տարիների ընթացքում ձևավորվել է Հրազդան քաղաքը: Եվ այն թյուր կարծիքը, որ հանքավայրը գտնվում է բնակավայրից դուրս, եղել է հիմնականում այն դեղամիջոցը, որի հիման վրա թույլտվություն է տրամադրվել»,- ասաց Հ. Գաբրիելյանը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները երկու կարևոր էկոլոգիական խնդրի մասին ահազանգեցին` հանքը արդյունահանվելու է բաց, որը թունավոր փոշի է առաջացնելու, իսկ հանքավայրի շուրջը դպրոցներ ու մանկապարտեզներ կան: «Մենք պայքարելու ենք մեր և մեր երեխաների առողջության համար, մեր երեխաների առողջության դիմաց որևէ գործարար այստեղ դոլարներ չի վերցնելու»,- ահազանգեցին կազմակերպիչները:

Վտանգվում են նաև Հրազդանը մատակարարող ջրի աղբյուրները: Սարի ստորոտում խմելու աղբյուրները հավաքվում են ջրահավաք ավազանում և մատակարարում Հրազդանից մինչև Եղվարդ ընկած բնակավայրերին: Եթե հանքավայրը շահագործվի, մոտ 150 հազար մարդ խմելու է վարակված ջրից:

Կարինե Դանիելյանը նշեց, որ հանքավայրի շահագործումից կավելանա թե’ օդի, թե’ Հրազդան գետի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ինչը շատ վտանգավոր է ոչ միայն Հրազդան քաղաքի, այլ նաև Արարտյան դաշտի  և այնտեղ աճող սննդամթերքի համար: Կարինե Դանիելյանը գնահատեց հրազդանցիների ակտիվությունը, սակայն զարմացել էր որ բնակիչների կողքին չեն ո’չ քաղաքապետը, ո’չ մարզպետը, ո’չ այլ պաշտոնյաներ:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով, սարի տակից հոսող աղբյուրները, որոնք սնուցում են մի շարք գյուղեր, միջազգային առումով համարվում են կենսաբանական ջրագոյացման օբյեկտ: Այդ օբյեկտի մոտ պայթեցումներ կամ հանքահանման այլ գործողություններ կատարելը հատուկ թույլտվություն ու  մոտեցում է պահանջում: «Այս ծրագիրը բացարձակապես հակասում է Հայոց պետությանը և հայ ժողովրդի շահերին»,- նշեց Հակոբ Սանասարյանը և հավելեց, որ ծրագիրը պետք է անմիջապես կասեցնել:

«Թռչնասերների ակումբի» նախագահ Սիլվա Ադամյանը կոչ արեց հրազդանցիներին միասնական լինել և թույլ չտալ հանքի շահագործումը: Իսկ Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանն ասաց, որ որպես իրավապաշտպան կազմակերպություն հրազդանցիների կողքին կլինեն և կպաշտպանեն խնդրի իրավական կողմը, և իրենց պայքարը լինելու է իրավական դաշտում:

«Անտառները գալիք սերունդներին» կազմակերպության նախագահ Մովսես Մանուկյանը հրազդանցիներից թույլտվություն խնդրեց` նրանց անունից հանրապետության ղեկավարությանը նամակներ, ուղերձներ գրելու համար: «Ես իրավաբան չեմ, բայց մի հասարակ բան գիտեմ. պետք է հասարակական լսումներ լինեն, պետք է հասարակությունը մտորի` իրեն պե՞տք է այս հողն ու ջուրը, թե՞ իրեն պետք է մի կարճ ժամանակով` 10-20 տարի աշխատատեղ, հետո ապականված հող ու ջուր: Չի եղել այդ լսումները: Սա արդեն լուրջ կռվան է, որ մենք դիմենք իշխանություններին»,- ասաց Մովսես Մանուկյանը: Նա հավատացրեց, որ եթե դա էլ չօգնի, կդիմեն դատարան` պաշտպանելու իրենց իրավունքների:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը թերահավատորեն է վերաբերում այն տեսակետին, թե հանքավայրում տեղացի բնակիչներն են աշխատում, հնարավոր է, որ այնտեղ հենց օտարերկրացիները աշխատեն:

Հ. Գ. Կազմակերպիչներն այդպես էլ չկարողացան բարձրախոսները միացնել, որովհետև հոսանք չկար: Բնակիչների տվյալներով, քաղաքապետն էր հրահանգել անջատել այն:

ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՌԿԵԼՉԻՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԱՋ` ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՎ ՎՏԱՆԳԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Tert.am


Հրազդանում հանքավայրերը շահագործվելու են բնակավայրից 630-650 մ հեռավորությամբ: Հրազդանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում այսօր 40 րոպե ուշացումով սկսվեց ընդդեմ երկաթի բաց հանքերի շահագործման դեմ բողոքի ցույցը։ Ուշացման պատճառը տարածքի հոսանքազրկումն էր, որի հետևանքով բարձրախոսները միացնելու հնարավորություն չկար։ Ցույցն անցկացվեց առանց բարձրախոսների։ Ելույթ ունեցան մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահներ, բնապահպաններ, ակտիվիստներ՝ իրենց վրդովմունքը հայտնելով բնակավայրին չափազանց մոտ երկաթի հանքի բաց շահագործման ծրագրի առնչությամբ։

Կարինե Դանիելյանը նշեց, որ օդային ավազանն այս շրջանում առանց այդ էլ բավականին աղտոտված է, և բաց հանքի շահագործմամբ կավելանա Հրազդան գետի աղտոտվածությունը ծանր մետաղներով, օդի և հողի աղտոտվածությունը երկաթի փոշով։

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ եթե Հրազդանը դառնա հանքամշակման կենտրոն, շրջապատի հանքերից այստեղ կբերեն հանքանյութը մշակելու համար։ 2-3 տարի հետո, ըստ նրա, այստեղ ապրել հնարավոր չի լինի։

Բողոքի ակցիայի ժամանակ հրապարակվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանների կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ առաջին բնակարանները շահագործվելիք հանքավայրից 630-650 մ հեռավորության վրա են գտնվում, ինչը բնապահպանական նորմի կոպիտ խախտում է։

Հնչեցին միասնական և սկզբունքային պայքարն ավարտին հասցնելու կոչեր, առաջարկվեց կազմել նամակի և ուղերձների տեքստեր՝ Հայաստանի կառավարությանն ու միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։

Tert.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ կպառկեն չինական տեխնիկայի անիվների առաջ՝ թույլ չտալով, որ դրանք գործեն Հայաստանում և վտանգեն իրենց երեխաների առողջությունը։

«Հայաստանի տարածաշրջանային մտավորականներ» ՀԿ նախագահ Հակոբ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ խաբկանք են այն հույսերը, թե այս հանքի շահագործմամբ աշխատատեղ կունենան բազմաթիվ գործազուրկներ։ Ըստ նրա՝ Զովաբեր գյուղի մոտ կա բաց տարածք, որտեղ կառուցվում է փոքրիկ ավան՝ 1000—1500 ընտանիքի համար. այդտեղ ապրելու են բաց հանքում աշխատող չինացիների ընտանիքները։ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, որ Կոտայքի մարզը միակն է, որ սահմանամերձ չէ, և այս ծրագիրը կարող է լինել ռազմավարական առումով վտանգավոր։

Բնակիչներն ասում էին, որ կպառկեն չինական տեխնիկայի անիվների առաջ՝ թույլ չտալով, որ դրանք գործեն Հայաստանում և վտանգեն իրենց երեխաների առողջությունը։
Գործարքի մասին

Հրազդանի երկաթահանքը (ինչպես նաև Աբովյանի և Սյունիքի մարզի Սվարանց գյուղի երկաթահանքերը) տնօրինում է Bounty Resources Armenia ընկերությունը: Վերջինիս 35 տոկոս բաժնետոմսերը 24 մլն դոլարով այս տարվա հունվարին ձեռք է բերել Լոնդոնի բորսայում գնանշվող չինական Fortune Oil ընկերությունը:

Bounty Resources Armenia-ին պատկանող երեք երկաթահանքերի շահագործման արտոնագրերը պատկանում են Nagin ընկերությանը, որի 72% բաժնեմասը պատկանում է Caspian Bounty Steel Limited ընկերությանը, որի 83.3%-ն էլ իր հերթին պատկանում է Bounty Resources Armenia Limited-ին: Մնացած 16.7%-անոց բաժնեմասը (շուրջ \\$ 2 մլն) պատկանում է Fortune Oil-ին:

Ապրիլ 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր