

ԷկոԼուր
«Իմ թոռնիկներից մեկի մազերի մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել: Ի՞նչ անենք դրա հետ, ու՞մ դիմենք»: Այս ցնցող հարցը տալիս է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակչուհի Աիդա Ղուկասյանը: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձորում եւ Քաջարանում ապրող 12 երեխաների մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել: Այս էկոլոգիական աղտոտվածության աղբյուրը կասկած չի հարուցում: Լեռնաձորը Քաջարանից բաժանում է ընդամենը 2-3 կմ:
Քաջարանը կառուցված է հենց Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վրա: Հանքավայրը աշխարհի ամենախոշոր հանքավայրերից է, այն շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Հանքը, որտեղ հանքանյութն արդյունահանում են բաց եղանակով, պայթեցնելով տարածքները, նույնպես գտնվում է քաղաքի տարածքում: Քաջարանի վերեւով` Լեռնաձորի եւ կիրճի միջով, ձգվում է 36 կիլոմետրանոց պոչատար խողովակը, որով ԶՊՄԿ-ի պոչերը լցվում են Արծվանիկի պոչամբար: Պոչատարը հին է եւ կապիտալ վերանորոգում է պահանջում: ԶՊՄԿ-ն 2010թ. ավելացրել է արտադրության ծավալները մինչեւ 15 միլիոն տոննա (մինչ սեփականաշնորհումը` 2004թ., այդ ծավալը կազմում էր 7-8 միլիոն տոննա) եւ մտադիր է 2011թ. այդ թիվը հասցնել մինչեւ 18 միլիոնի: Պոչատարն ուղղակի չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը: Վթարների ժամանակ պարունակությունը լցվում է եւ ձոր, եւ գետ, եւ համայնքի հողերի վրա:
Լեռնաձորից ոչ հեռու ԶՊՄԿ-ի փակ պոչամբարն է: Պոչամբարի պարունակությունը թեպետ չորացել է, բայց մնացել է նույն տոքսիկ վիճակը` ծանր մետաղների պարունակությամբ: Նման աղտոտված հողերում բնակիչները գյուղմթերք են աճեցնում: Մթերքի հետ միասին ծանր մետաղները մտնում են օրգանիզմ: «Մենք ուզում ենք հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր կարող են մեզ պատասխաններ տալ, բացատրել` ինչ է մեզ հետ կատարվում»,- Աիդա Ղուկասյանը: Սյունիքի մարզի աղետալից իրավիճակի մասին «ԷկոԼուր»-ն ահազանգեց ՀՀ առողջապահության նախարարությանը դեռ սույն թվականի հունիսին: Նախարարությանը մի շարք հարցեր ուղղեց, մասնավորապես արդյոք ՀՀ առողջապահության նախարարությունն անցկացնում է իր սեփական ուսումնասիրությունը էկոլոգիական թեժ կետերում ապրող բնակչության առողջության վերաբերյալ եւ ինչ միջոցառումներ է իրականացնում կանխելու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերական բացասական ազդեցությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը բավարարվեց խոստումով` ներկայացնել հիվանդացածությունների մասին տվյալներ, բայց այդպես էլ չներկայացրեց:
style="height: 390px; width: 640px">
Սեպտեմբեր 05, 2011 at 14:39
