Մահացու ելքով դժբախտ դեպք` «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունում

Մահացու ելքով դժբախտ դեպք` «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունում

www.aravot.am, Մերի Սողոմոնյան

Մայիսի 27-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ստորգետնյա հանքավայրի հարավային տեղամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել` աշխատակցի մահացու ելքով: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:

Մեր ունեցած տեղեկություններով` հանքի աշխատակիցներն են իրենց գործընկերոջը հայտնաբերել մահացած վիճակում եւ անմիջապես ահազանգել դեպքի մասին: Ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանի փոխանցմամբ` առավոտյան հերթափոխի ժամանակ է դեպքը տեղի ունեցել, հանքում աշխատելիս քարը վերեւից պոկվել եւ ընկել է հորատող Խաչատուր Ա.-ի վրա, որի հետեւանքով աշխատակիցը տեղում մահացել է: «Խաչատուրն այդ պահին մենակ է եղել, հորատողները սովորաբար մենակ են աշխատում, այլ տուժածներ չկան: Նա լավ ու փորձառու աշխատող էր, երկար տարիներ մեզ մոտ էր աշխատում, բացի այդ, նաեւ անշառ ու լավ անձնավորություն էր: Մոտ 37 տարեկան երիտասարդ էր, ամուսնացած էր ու երկու անչափահաս երեխայի հայր», – ասաց պարոն Հայրապետյանը եւ նշեց, որ երկար ժամանակ է «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ում դժբախտ դեպք տեղի չէր ունեցել եւ սա այս տարվա ընթացքում գրանցված առաջին դժբախտ պատահարն էր:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունում կազմված հանձնաժողովը պարզում է պատահարի մանրամասները: Դեպքի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ընկերությունը կտրամադրի հետագայում:

Մայիս 29, 2014 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր