

ԷկոԼուր
Հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցան «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հասարակական լսումները: Լսումներին մասնակցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման մարզային հողային պետական տեսչության պետ Արտակ Օհանյանը, «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայանը, Մարց համայնքի ղեկավար Ռոբերտ Գալստյանը, Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Խառատյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի անշարժ գույքի եւ այլ հարցերով կոորդինատոր Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը, ԷկոԼուրի աշխատանքային խումբը:
Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայանը ներկայացրեց նախագիծը.
-«Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը ցանկություն է հայտնել Լոռու մարզի Մարց-Պռաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքավայրի երեւակումում կատարել նախ ստուգումներ նախկինում կատարված աշխատանքների հավաստիությունը ճշտելու նպատակով, ու հետո կատարել երկրաբանահետախուզական աշխատանաքներ հանքավայրում պաշարների գնահատման եւ հետագայում, եթե դրական արդյունքներ ստացվեն, դրանց շահագործման նպատակով: Առաջին փուլում նախատեսված է այս նախագծով հին, անցած բովանցքների` այսինքն նախկինում անցած ստորգետնյա փորվածքների բացում, վերանմուշարկում` նախկին արդյունքների հետ համեմատելու համար: Բացի դա, նախատեսվում է, 1300 մետրի սահմաններում է դա, հին հետախուզաառուների` կանավաների բացում, որովհետեւ ժամանակի ընթացքում հողով լցվել է, մի 50 տարի այնտեղ գործ չի արվել, վերանմուշարկում, մի 7-8 հատ նոր կանավաների անցկացում, եթե տվյալները հավաստվեն: Դրանից հետո դրական արդյունքի դեպքում նախատեսվում է 5 հատ հորատահրապարակներում փորել 10 հատ հորատանցք` հանքային մարմինները խորքում հատելու համար: Քանի որ նախկինում այստեղ կատարվել են բավական մեծ երկրաբանահետախուզական աշխատանքներ, մենք մեր աշխատանքները կազմակերպելուց օգտագործելու ենք նախկինում անցած ճանապարհները, որպեսզի բնությանը վնաս չտանք: Իսկ հարթակները կդնենք այնպիսի տեղ, որտեղ ծառ չկա: Դա արդեն երկրաբանական աշխատանքների կազմակերպման մեթոդ է:… Բնությանը այս ստադիայում հըլը որ վնաս չենք տալու: Եթե շահագործում սկսեց, պարզ է, որ ինչ-որ չափով վնաս կտրվի, որը կփոխհատուցվի: Բայց այս նախագծով ուրիշ ոչ մի աշխատանք չի նախատեսվում: …3 տարվա նախագիծ է: Ըստ օրենքի` լիցենզիան տրվում է 3 տարով, 3 անգամ 2, 2 տարով երկարացնելու պայմանով: Մյուս ստադիաներում արդեն հորատանցքերի թիվը կավելանա, բայց այս նախագծով այսքան է: Ուրիշ ոչ մի բան չկա:… Կարող է 3 տարով սահմանափակվենք, եթե մեզ ձեռ չտվեց հետագայում աշխատանքներ իրականացնել:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Ի՞նչ խորության վրա եք հորատելու:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
- Հորատելու ենք մեկ մակերեսից 70 մետր ցած, մեկ էլ 150 մետր ցած:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Իսկ եթե ասենք ամեն ինչ դրական լինի, հետագայում նախնական հանքավայրը փա՞կ է լինելու, թե՞ բաց:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
- Դա արդեն կկատարվի տեխնիկատնտեսական հաշվարկ: Մենք, իհարկե, կողմնակից ենք` բնությանը չվնասենք եւ շահագործումը կատարենք փակ եղանակով, եթե դա տնտեսապես ձեռնտու է: Ամեն ինչ կախված է աշխատանքներից, ստացած արդյունքներից: Բարձր պարունակությունների դեպքում ստորգետնյա շահագործումը բաց հանքից մի քիչ թանկ է, բայց հիմիկվա տեխնոլոգիաներն այնպես են, որ տարբերությունը այդքան էլ մեծ չի: Ստորգետնյա շահագործում կգնա, բայց դա ապագայի հարց է, շահագործման նախագիծ կսարքվի, ու այնտեղ կերեւա, թե որն է:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-50-ական, 60-ականներին հետախուզումը որ գնացել է, մոտավոր ի՞նչ արդյունքներ կան:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Բավական հետաքրքիր արդյունքներ կան: Այստեղ սպասվում են արդյունքներ` բավականին ճոխ: Սպասվում է 2 միլիոն 700 հազար տոննա հանքաքար, ոսկու 11 տոննա պաշար, արծաթի` մոտ 30 տոննա, պղնձի` մոտ 10 000 տոննայի չափ:… Սրանք կանխատեսումային պաշարներ են:
ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյան
Դուք ասեք մեկ տոննա հանքաքարում ինչքա՞ն պաշար կա:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Ոսկու պարունակությունը սպասվում է 4,3 գրամ տոննայում, արծաթինը` 11 գրամ, պղնձինը` 0.34 տոկոս, կապարինը 0,7 տոկոս, ցինկինը 1.8 տոկոս: Այս պարունակություններն են նախանական:
ԷկոԼուր.
-Բացի նշված մետաղներից ուրիշ ի՞նչ օգտակար մետաղներ կան:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Հըլը որ չկան, այսինքն նախանալան ուսումնասիրությունների ժամանակ հազվագյուտ եւ ցրված էլեմենտների վրա ուշադրություն չի դարձվել, բայց մեր աշխատանքների ժամանակ կկազմվեն խմբակային նմուշներ ու դրանց մեջ կորոշվի ամբողջ սպեկտրը` ինչ կա, ինչ չկա, որը որ բարձր պարունակություն ունեցավ, հարստացման ժամանակ դա կկորզվի: Ու ամեն ինչ կմտնի պաշարների հաշվարկի մեջ: Դեռ պաշարների հաշվարկ էլ չկա: Հետախուզական աշխատանքների արդյունքում կկատարվի պաշարների հաշվարկ, կհաստատվեն պաշարերը, նոր կկազմվի շահագործման նախագիծ…
Հարց.
-Ինչքա՞ն անտառային հողեր ունեք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Հիմնականում անտառային հողեր են:
Հարց.
-Իսկ «Հայանտառ»-ի համաձայնությունն ունե՞ք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Չէ դեռ:
ԷկոԼուր.
- Ձեր նախագծում նշված է կենսաբազմազանությունը, բայց նշված չէ, թե կան արդյոք Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ, թե` ոչ, եւ ընդհանրապես նշված չէ, թե ինչ ռիսկեր կարող են լինել կենսաբազմազանության համար:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Ասեմ, ուրեմն այնտեղ նշված են նաեւ Կարմիր գրքում արծարծված բույսեր ու կան: Մենք մեր աշխատանքների ընթացքում այդ ուղղությամբ էլ պետք է աշխատանքներ կատարենք, այնտեղ կենդանիների միգրացիոն ուղիները: Հեսա ասեմ, 3, 5, 7, 9 տարվա աշխատանք է, եթե ամեն ինչ բարեհաջող գնա: Այդ էտապում բոլոր աշխատանքները կկատարվեն:
ԷկոԼուր.
-Ի՞նչ աշխատանքներ կկատարվեն:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
- Այսինքն` կենդանիների միգրացիոն ուղիները, բուսական ծածկոցը, նու ինչ-որ պետք է: Մենք բնապահպան կվերցնենք անպայման, ու ինքը կկատարի այդ բոլոր աշխատանքները: Ես քանի որ այդ մասնագետը չեմ, կոնկրետ չեմ կարող ասել, սա պիտի անենք, սա: Այս ստադիայում մենք չենք էլ կպնում դրանց:
ԷկոԼուր.
- Դուք տեխնիկա եք տանում, որոնողական աշխատանք եք անում, աղմուկ է առաջանում, կենդանին այդտեղից հեռանում է, բույսի եք կպնում, բայց միջոցառում ձեր նախագծում չկա:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Կա, ուրեմն, տեխնիկան պետք է լինի սարքին վիճակում, CO-ի արտանետումներն իր սահմաններում, տեխնիկան պետք է յուղ, բան բաց չթողնի, տենց, հըլը որ էդ ա: Էդքան մեծ տեխնիկա չի լինելու, մի հատ էլ գլուշիտել կդնենք, որ շատ չաղմկի:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Բարենպաստ պայմանների դեպքում հանքաքարի մշակումը ի՞նչ է ենթադրում
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Դա ապագայի հարց է: Երբ որ ժամանակը գա, կտեսնենք, թե որտեղ հարստացուցիչ ֆաբրիկա կա. Թեղուտում կա, Ալավերդիում, Ախթալայում, Ստեփանավանում կա:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Ուղղակի լավ կլինի մի տեղ լինի, ձորում նորից պոչամբար չառաջացնենք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Դա պարզ է, բնության համար ամենից ցավացողները, մեծամտություն չլինի, երկրաբաններն են…:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Տարածքում պատմամշակութային հուշարձաններ չկա՞ն:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Չկա:
ԷկոԼուր
Մարց գետի վրա ի՞նչ ազդեցություն եք ունենալու:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Մինիմալ: Այսինքն այնտեղ գետն արդեն խողովակի միջով է գնում, երեք հատ փոքր ՀԷԿ են սարքում:
Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյան.
- Գյուղը ի՞նչ օգուտ կունենա, ի՞նչ վնաս:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Մեր աշխատանքների ընթացքում մենք աշխատուժը վերցնելու ենք համայնքներից, բացի դրանից … հողի հարկ պիտի տանք,դա արդեն կպայմանավորվենք` ինչ է պետք…կնստենք, իրար հետ կորոշենք:
ԷկոԼուր.
- Սոցիալական ծրագրեր արվելո՞ւ են:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Աշխատատեղ բացելն արդեն սոցիալական ծրագիր է:
ԷկոԼուր.
-Դուք նշել եք ձեր նախագծում անօրգանական փոշու մասին, սակայն նշված չէ, թե ինչ քանակությամբ անօրգանական փոշի է արտանետվելու եւ ինչ վնասակար տարրեր կան դրա մեջ:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Անօրգանական փոշիների վերաբերյալ ճանապարհը որ բացենք, այդ փոշին է բարձրանալու:
ԷկոԼուր.
- Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետն արգելում է ընդերքի օգտագործումն այն տարածքներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, ի՞նչ միջոցառում եք անելու, որ այդ օրենսգիրքը չխախտեք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Մենք ներկայացրել ենք բնապահպանական փորձաքննության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նախագիծ, որը փորձաքննության կենթարկվի, եթե ինչ-որ բան թերի է, իրենք հետ կտան դա: Այստեղ գրված է` մենք առաջնորդվում ենք օրենքներով, բանով, մի խոսքով սաղ կա:
ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյան.
-Ասացիք, որ համաձայնություն «Հայանտառ»-ից դեռեւս չունեք: Ի՞նչ փուլում է դա: Աշխատանքներ դրա վերաբերյալ կատարվո՞ւմ են:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Իհարկե: Դա արդեն ղեկավարության որոշման հարցն է:
ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյան
-Ենթադրենք, որ չեք ստանում:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Չենք ստանում, չենք աշխատում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման մարզային հողային պետական տեսչության պետ Արտակ Օհանյան.
-Հողային օրենսգրքով բոլոր հողերում երկրաբանահետախուզական աշխատանքներն իրավունք ունեն անցկացնելու անկախ նրանից, թե դա ում սեփականությունն է, ում օգտագործման տակ է, եւ եթե «Հայանտառ»-ը չտա իր համաձայնությունը, դատական միջոցով հնարավոր է անել:
ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյան
-Ի՞նչ խորության անտառ կա այնտեղ, ծա՞ռ է, թե թփո՞ւտ է:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Անտառ է`չխնամված, ծառեր կան ընկած…
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Ես մի վտանգ եմ տեսնում, ճանապարհները, որ պետք է բացվեն, պետք է ուշադիր լինել, որ անտառհատման ճանապարհ չդառնա ժողովրդի համար:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Ճանապարհները բաց են, տրակտորներ էլ են գնում, մեքենաներ էլ են գնում, գյուղապետերին հարցրա:
Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյան.
-Եկեք, Գյուղ տանող ընդհանուր ճանապարհը սարքեք:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Այդ ընդհանուր ճանապարհի գրունտը շատ ավելի լավն է, քան թե որ ասֆալտ գցես. ասֆալտ գցես, ջարդվելու է, փչանա: Փոքր ՀԷԿ-երը որ սարքել են, այդ ճամփի եզրով են գնում, այ նրանք էլ պիտի ասֆալտ անեն:
Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյան.
-Նրանց էլ ենք ասել, չեն անում:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Մենք որ շահագործում սկսենք, կանենք անպայման:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան.
-Ինչքա՞ն աշխատատեղ կլինի:
«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայան.
-Մի 15-20:
Այնուհետեւ ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը Մարցի եւ Լորուտի համայնքապետերին հարցեց համայնքների դիրքորոշումների մասին: Մարց, Լորուտի համայնքապետերը նշեցին, որ իրենց գյուղերում մեծամասնությունը կողմ է, քանի որ աշխատատեղ կստեղծվի: «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի նախաձեռնությունը դրական գնահատեց նաեւ արտահայտվեց նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման մարզային հողային պետական տեսչության պետ Արտակ Օհանյանը` կարեւորելով աշխատատեղերի ստեղծումը:
Նշենք, որ ԷկոԼուրը հարցում անցկացրեց Վանաձորում եւ Մարցում հասարակական լսումների մասին: Հարցվածներից ոչ ոք տեղյակ չէր:
Այս լսումներից հետո նոր լսումներ չեն նախատեսվում, քանի որ քննարկված նախագիծը պատկանում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի գ կատեգորիային: Այս մասին Էկոլուրին ասաց Զարուհի Զուռնաչյանը` նշելով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն կտրամադրի 30 օրվա ընթացքում:
Հոկտեմբեր 06, 2014 at 17:56
