

ԱրմԻնֆո
Մարտի 31-ին Հրազդանում բողոքի գործողություն տեղի կունենա երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ:
Հանքավայրը, որը պատրաստվում է շահագործել չինական Fortune Oil ընկերությունը, գտնվում է Հրազդան քաղաքից 800 մետր և Հրազդան գետից 1,5 կմ հեռավորության վրա: Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, հանքավայրը կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտման և տեղի բնակչության մոտ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Հատկապես հարվածի տակ կհատնվեն երեխաները, քանի որ հանքավայրից առնվազն 2 կմ հեռավորության վրա է գտնվում 3 դպրոց: Կ.գ.թ Ջենիֆեր Լայմի փորձագիտական գնահատականի համաձայն /«AUA» հայկական էկոլոգիական կենտրոն/, հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջուրը, քանի որ բլուրի մոտ, որտեղ գտնվում է հանքավայրը, կան մի քանի աղբյուրներ, որից օգտվում են հարյուրավոր բնակիչներ:
Հրազդանի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը կսկսվի 2014 թվականին և կհասնի տարեկան 1,5-2 մլն տոննայի: Հետաքրքիր է, որ բոլոր երեք հանքերը, որը պատրաստվում է շահագործել Fortune Oil-ը /Հրազդանում, Աբովյանում և Սվարանց գյուղում/, պատկանում են ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին և ՀՀ խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Ա1+
Վաղը Հրազդան քաղաքում տեղի կունենա բողոքի ակցիա` ընդդեմ երկաթի հանքի շահագործման:
«Հրազդան քաղաքից 800կմ, իսկ Հրազդան գետից 1500կմ հեռավորության վրա գտնվող երկաթի հանքի շահագործման ծրագիրը հաստատվելու դեպքում քաղաքը շատ կարճ ժամանակահատվածում կկորչի փոշու մեջ»,- ահազանգում է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Նա հիմք է ընդունում անկախ փորձագիտական արդյունքները, որի համար Հայաստանի Ամերիկյան համալսարանին էր դիմել Հրազդանի «Օրհուս» կենտրոնը: «Նրանք շատ բացասական կարծիք են արտահայտել` հիմնականում նշելով այն ծանր եւ տոքսիկ մետաղները, որոնք բացի երկաթից պարունակում է Հրազդանի հանքավայրը: Դա քրոմ է, սելեն է եւ նույնիսկ մկնդեղ»,- «Ա1+»-ին ասաց նա:
Ինգա Զարաֆյանին զարմացնում է նաեւ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածքը «Նագին» ընկերությանն է հանձնել` հաշվի չառնելով, որ այն զբոսաշրջության տեսանկյունից բարենպաստ տեղանք է: Բացի այդ զբոսաշրջության համար ներդրումներ կատարած գործարարների անտարբերությունը խնդրի շուրջ նույնպես անհասկանալի է համարում:
«Ի նկատի ունենալով, որ այդ հանքավայրը մտնում է քաղաքի տարածքի մեջ, ուստի հանքի շահագործումը կարող է ազդել նաեւ Ծաղկաձորի տարածի վրա: Իսկ եթե հանքավայրը շահագործվի բաց եղանակով, ուրեմն ամբողջ փոշին կգնա նաեւ այնտեղ»,-նշեց նա:
Բնապահպանը ընդգծեց, որ առանց այդ էլ Հրազդանն այսօր էկոլոգիական լուրջ խնդիր ունի, այստեղ գործող ցեմենտի գործարանի պատճառով:
Նման իրավիճակում երկաթի հանքի շահագործումը կարող է անվերադարձ լինել: Ինգա Զարաֆյանը նաեւ հայտնեց, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Նագին» ընկերության նախագծի մեջ ներկայացված շրջակա միջավայրի նկատմամբ հանքի շահագործման ազդեցության թվերը չեն համապատասխանում իրականությանը: Այսինքն, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ներկայացվել է ավելի բարձր թվերով, քան իրականում կարելի է:
«Փաստորեն նշված չեն այն ռիսկերը, որոնք հանքի շահագործման դեպքում պետք է լինի Հրազդան գետի համար: Իսկ Հրազդան գետը, գիտենք, որ մեր հիմնական սնուցող գետերից է»,- հավելեց նա:
Ի դեպ, նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Հրազդանի երկաթի հանքը, ինչպես նաեւ եւս երկու` Աբովյան քաղաքի եւ Սվարանձ գյուղում գտնվող հանքերը պատկանում են բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Մարտ 30, 2011
