Շնողի և Թեղուտի բնակիչներն այսօր գիտակցում են, որ իրենց «կանաչ» իրավունքները ոտնահարված են

Շնողի և Թեղուտի բնակիչներն այսօր գիտակցում են, որ իրենց «կանաչ» իրավունքները ոտնահարված են

ԷկոԼուր

«Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներն այսօր գիտակցում են, որ իրենց «կանաչ» իրավունքները ոտնահարված են: Նրանք չունեն մաքուր ջուր, մաքուր հող, առողջ ապրելակերպ: Ոտնահարվել է նաև նրանց սեփականության իրավունքը, որովհետև, գերակա շահ ճանաչելով, 40-50 դրամով գնեցին բնակիչների հողատարածքները: Նրանք ասում են, որ իրենց ունեզրկել են: Այսօր, երբ դադարեցվել է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքը, բնակիչները հարկադիր արձակուրդի մեջ են և չգիտեն` իրենց աշխատանքի կկանչեն, թե` ոչ», - ասաց   «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը փետրվարի 2-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի անվտանգության խնդիրը: Նա մեջբերեց 2016 թ-ին Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստած «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցի գնահատականները:

«Ըստ զեկույցի` Թեղուտի պոչամբարը շատ արագ է լցվում և չի համապատասխանում բնապահպանական և անվտանգության չափանիշներին: Զեկույցում նաև նշված է, որ ընկերությունը պետք է միջոցառումներ ձեռնարկի այն սցենարի համար, որ եթե հանկարծ պոչամբարի պատվարը փլուզվեց, ինչպես պետք է տարհանել բնակչությանը կամ կանխարգելել վտանգավոր երևույթները: Այս խնդիրը բազմիցս բարձրաձայնել են Շնող, Թեղուտ համայնքների բնակիչները, սակայն արձագանք չի եղել: Մենք էլ ենք բարձրաձայնել, և մեկ տարի առաջ ընկերությունը մեզ տեղեկացրել էր, որ Եվրոպական բանկի մասնագետների հետ ուսումնասիրություն են իրականացրել, որի համաձայն պոչամբարը կառուցվել է ՀՀ-ում առկա նորմերին համապատասխան, և դեռ կարող են շահագործել: Սակայն ընկերության վերջերս տարածած հաղորդագրությունից ակնհայտ է դարձել, որ իրենք ունեն խնդիրներ: Նրանք դադարեցրել են իրենց աշխատանքը: Բացի այդ, ըստ ընկերության նախագծի` պոչամբարի 110 հեկտար տարածքում պետք է մինչև 176 միլիոն խմ պոչանք տեղավորեին, սակայն Համաշխարհային բանկի զեկույցում նշված է, որ պոչամբարի տարողությունը 120 միլիոն խմ է: Ընկերությունը մտադիր է ընդլայնել հանքավայրի տարածքը, մեծացնել արտադրողականությունը 7 միլիոն տոննայից մինչև 15 միլիոն տոննայի: Այդ դեպքում պոչամբարն էլ պետք է ավելի շատ լցվի և հասնի 213 միլիոն խմ-ի:Պոչամբարը նորմալ, անվտանգ վիճակի բերելու համար մեծ ներդրումներ են պետք: Սա խնդիր է, որը պետք է գտնվի մեր բոլոր պատասխանատու գերատեսչությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի մենք հետո ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրների առջև չկանգնենք», - նշեց փորձագետը:

Վերջերս «ԷկոԼուր»-ը հարցում էր ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին, և  հարցերից մեկը վերաբերում էր տեղի բնակիչներին պատճառված վնասի փոխհատուցմանը: Այս հարցին «Վալլեքս»-ը չէր պատասխանել: «Շնողի և Թեղուտի բնակիչները բազմիցս բարձրաձայնել են փոխհատուցման հարցը: Շնողի մեր աղբյուրներն ասում են, որ ընկերությունը ոչ միայն հրաժարվում է փոխհատուցում տրամադրել, այլ ընդհանրապես հրաժարվում է այն մտքից, որ վնաս է պատճառում: Բնակիչներն ասում են, որ թեպետ հունվարի 12-ից հանքավայրում աշխատանքները դադարեցված են, բայց Շնող գետով դեռ շարունակում է պղտոր ջուր հոսել», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը: Նա շեշտեց, որ մինչ Թեղուտի հանքավայրի շահագործումը Շնող գետը համարվել է 2-րդ դասի մաքուրություն ունեցող գետ, իսկ հանքավայրի շահագործումից հետո գետն ունի ամենաբարձր` 5-րդ դասի աղտոտվածություն: Գետում հատկապես բարձր է մոլիբդենի պարունակությունը, և ընկերությունը սա չի հերքում:

Թեղուտի ծրագրով հատման տակ ընկավ 357 հեկտար անտառ, իսկ ընկերությունը պարտավորվեց փոխարենը տնկել 714 հեկտար անտառ: Սակայն անտառ այդպես էլ չտնկվեց: «Երբ եկել են` վերցնեն Շնողի արոտները, որ անտառ տնկեն, մարդիկ ընդդիմացել են, որովհետև անասուն արածեցնելու վայր չկա: 2015 թ-ին բնապահպանության և գյուղատնտեսության նախարարները հրաման են ստորագրել, որով թույլատրել են «Թեղուտ» ՓԲԸ-ին 180 հեկտար տարածքում այգի տնկել: Սակայն մենք ունենք կառավարության որոշում, ըստ որի, եթե տնտեսվարողն օգտագործում է  անտառային տարածք, պետք է կրկնակի անտառապատի այլ տարածքներ, իսկ այգին անտառ չէ», - ասաց փորձագետը:

2018 թ-ին տեսչական մարմինը վերջապես ստուգում կանցկացնի «Թեղուտ» ՓԲԸ-ում, ինչը Վիկտորյա Բուռնազյանը համարում է հաջողություն: Նա հաջողություն համարեց նաև այն, որ Թեղուտի և Շնողի բնակիչները, որոնց մեծ մասը կողմ էր Թեղուտի ծրագրին, տեսնելով առաջացած խնդիրները, փոխել են իրենց դիրքորոշումը: Նրանք անցկացնում են ստորագրահավաքներ և պահանջում պետական մարմիններից  լուծումներ գտնել իրենց խնդիրների համար:

Բնակիչները 87 ստորագրությամբ նամակով պահանջել են ՀՀ Բնապահպանության նախարարությունից մերժել Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտը: Այս պահանջը դրել է նաև «ԷկոԼուր»-ը: Հայտի փորձաքննությունը դադարեցված է, և հայտը ուղարկվել է լրամշակման:

Լուսանկարը` noyan-tapan.am



Փետրվար 05, 2018 at 11:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր