Ռուսական «Պոլիմետալ»-ը մտադիր է մետաղներ որոնել Սյունիքի մարզի 20 բնակավայրում

Ռուսական «Պոլիմետալ»-ը մտադիր է մետաղներ որոնել Սյունիքի մարզի 20 բնակավայրում

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Կապանի և Լիճքվազ-Թեյի բազմամետաղային հանքավայրերի շահագործման իրավունք ձեռք բերած ոուսական «Պոլիմետալ» խումբը մտադիր է ոսկի, արծաթ, պղինձ, կապար և ցինկ որոնել Սյունիքի մարզի 3 համայնքի 20 բնակավայրերի տարածքում: Բոլոր տարածքները միասին ընկերությունն անվանել է Կապանի հարթակ: Այն ընդգրկում է Կապան համայնքի Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Գեղանուշ, Եղեգ, Կապան, Ձորաստան, Ներքին խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Սևաքար, Վանեք, Վերին խոտանան, Տանձավեր, Տավրուս և Օխտար, Գորիս համայնքի Բարձրավան և Շոտնուխ, Տաթև համայնքի Քաշունի բնակավայրերը: Որոնողական աշխատանքները պետք է իրականացնի «Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ն:

Բնապահպանական փորձաքննության ներկայացված Կապանի հարթակի հայտի վերաբերյալ 2-րդ հիմնական հանրային լսումներն անցկացվել են Կապան քաղաքում 2017 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Ազգանուշ Դռնոյանը, բոլոր համայնքների ներկայացուցիչները ներկա են եղել, նրանցից բացասական կարծիքներ չեն հնչել: Հայտով աշխատանքները նախատեսված են 2017-2020 թթ-ի ընթացքում, բայց քանի որ 2017 թ-ն ավարտվեց, փորձաքննական կենտրոնը պահանջ է դրել վերանայել աշխատանքների ժամանակացույցը:

Կապանի հարթակում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտի լսումների փուլն ավարտված է, սակայն եզրակացություն դեռ չկա:

Կապանի հարթակի ընդհանուր տարածքը կազմում է 295 կմ2: Ընդհանուր նախատեսվում է 150 հորատման հարթակ, կվերցվի 28.378 նմուշ: Նաև նախատեսվում է 8 կմ նոր ճանապարհների կառուցում:

Հայտի համաձայն` Կապանի հարթակը բնության հատուկ պահպանվող տարածքներում չի գտնվում, սակայն հայցվող տարածքի մի մասը ծածկված է անտառներով: Աշխատանքներ ծառածածկ տարածքներում չեն նախատեսվում, ծառերի հատում` ևս: Անտառային հողերում հորատման աշխատանքներն իրականացվելու են բացատներում:

Նշվում է, որ երկրաբանական աշխատանքները բացասական ազդեցություն կունենան բուսական և կենդանական աշխարհի վրա: Տարածքն ունի բազմազան բուսական և կենդանական աշխարհ: Ըստ հայտի` հորատման, փորման և նոր ճանապարհների տեղամասերում նախնական հետազոտության ընթացքում Կարմիր գրքի տեսակներ չեն հայտնաբերվել: Սակայն, ինչպես ընդգծում են նախագծողները, նախատեսվող գործունեության հարակից տարածքներում բավական հաճախ են հանդիպում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական մացառախոզը, Լայնականջ ոզնին և Անտառակատուն, բարձրադիր լեռներում խիստ հազվադեպ կարող են հանդիպել Գորշ արջը և Ընձառյուծը, Զանգեզուրի բարձրադիր տեղանքներում` Բեզոարյան այծը և Հայկական մուֆլոնը:

14:36 Հունվար 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news