Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ

Aysor.am

Ճշտվում են Սոթքի հանքավայրում պաշարների տվյալները: Ինչպես Aysor-ին հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, ներկայումս պաշարների տվյալները ներկայացված են փորձաքննության և գտնվում են վերահաստատման ընթացքում:

Նշենք, որ դեռևս 2005 թ. JORC ստանդարտներով Սոթքի հանքավայրում ոսկու պաշարները գնահատվում էին մինչև 80 տոննա:

ԳՊՄ Գոլդ ընկերությունն այժմ արտադրում է տարեկան 30-40 հզ. ունցիա ոսկի: Վերամշակման և հանքարդյունահանման ծավալների մեծացման նպատակով ԳՊՄ Գոլդն աշխատում է նոր ներդրումային ծրագրի վրա, որը ենթադրում է Արարատի ոսկու գործարանի վերազինում, ինչի արդյունքում արտադրողականությունը կավելանա մինչև 80-100 հզ. ունցիա ոսկի տարեկան (1 ունցիան = 31,1034768 գրամի):

Հիշեցնենք, որ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը բանակցություններ է վարում «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերության հետ 2010 թ. Սոթքի հանքավայրից Արարատ հանքաքարի տեղափոխման ծավալների մեծացման վերաբերյալ: Նախապես ծրագրվում էր, որ Սոթք-Վարդենիս-Հրազդան-Արարատ ճյուղի փոխադրման հնարավորությունները կմեծացվեն մինչև տարեկան 1.5-2 մլն տոննա հանքաքար:

Ռ. Գրիգորյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ լեռնային զանգվածի ծավալները կազմում են 640 հզ. տոննա հանքաքար. «Չնայած որ Սոթքի հանքավայրը հարուստ է, այն բարդ է` հանքի մակաբացման ծավալը շատ բարձր է, հանքանյութը` կարծր, և անհրաժեշտ է վերամշակման մի քանի փուլ, ինչը կապված է լուրջ կապիտալ ներդրումների, տեխնոլոգիական և կառուցվածքային փոփոխությունների հետ: Ամեն դեպքում, սպասվող փոփոխությունները հնարավորություն կտան զգալիորեն ավելացնել Սոթքի հանքավայրի արդյունահանման ծավալները»:

Մինչդեռ, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ընկերությունը գերազանցում է բնապահպանական նորմերը, իսկ հանքի շահագործման ծավալների մեծացմամբ կավելանա նաև փոշին: Բնապահպանի գնահատմամբ, շատ վատ վիճակ է տեխնիկայի անվտանգության առումով. «Հանքը շահագործվում է ոչ թե աստիճանական ձևով, այլ այն հարթությունները, որտեղ աշխատանքներ են տարվում, գտնվում են տարբեր, մեծ բարձրությունների վրա և փլուզումների մեծ վտանգ կա: Հանքահանման աշխատանքների ընթացքում իրականացվում են պայթյուններ, սակայն ընկերությունը հերքում է պայթյունների փաստը, որովհետև դա արգելված է ՀՀ օրենքով»:

Ռ. Գրիգորյանը վստահեցրեց, որ ընկերությունն աշխատակիցների ավտանգությունն ապահովում է, հիմնվելով ՀՀ օրենսդրության անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության պահանջների վրա (ԳՊՄԳոլդ-ում աշխատում է շուրջ 600 մարդ, որոնցից 350-ը` Սոթքի հանքավայրում): Աշխատանքներն իրականացվում են բաց արդյունահանման եղանակով, սակայն առաջիկա տարիներին ծրագրվում է նաև ստորգետնյա ձևով մեթոդների կիրառում:

Այն հարցին, թե իրականացվու՞մ են արդյոք պայթեցման աշխատանքներ, Ռ. Գրիգորյանը պատասխանեց. «Եթե աշխարհում կա հանքավայրն առանց պայթեցման մեթոդների շահագործելու որևէ մի ձև, ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը շատ շնորհակալ կլինի նոր հայտնագործության համար: Հանքը շահագործվում է տասնյակ փորձաքննություններ անցած նախագծի համաձայն»:

Այն, որ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումն ամբողջովին չի համապատասխանում բնապահպանական պահանջներին, փաստեց նաև «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը. «Սոթք և Մասրիկ գետակներն աղտոտված են. ծանր մետաղների պարունակությունը բարձր է նորմայից, բայց դրա առաջն առնելը բավականին բարդ է, առավել ևս, որ նրանք ծրագրում են մեծացնել հանքարդյունահանման ծավալները»:

Հավելենք, որ երկարատև քննարկումներից և հարցի շուրջ բնապահպանական կազմակերպությունների կողմից բարձրացված աղմուկից հետո Սոթքում ոսկու վերամշակող ձեռնարկության կառուցման հարցը, կարծես թե վերջնականապես, հանված է օրակարգից: Այդ մասին վերջերս հավաստել էր նաև Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Հիշեցնենք նաև, որ ԳեոՊրոմայնինգ խմբի դուստր ձեռնարկություն ԳՊՄ Գոլդ ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և ոսկու վերամշակման գործարանն Արարատում: Գործարանում արտադրվում է ոսկու և արծաթի խառնուրդով «Դորե» համաձուլվածք, որն արտահանվում է Johnson Matthey գործարան` հետագա վերամշակման համար, ինչից հետո վերջնական արտադրանքն իրացվում է լոնդոնյան բորսայում:

Նոյեմբեր 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր