ԿԱՊԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒՆ ՍՏՈՒՅԳ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ

ԿԱՊԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒՆ ՍՏՈՒՅԳ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ

ԷկոԼուր

Կապանի հասարակայնությունը դիմել է քաղաքի ղեկավարությանը` Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին և ավգանու անդամներին ուրանի ծրագրի վերաբերյալ ավագանու արտահերթ նիստ հրավիրել և միանալ ուրանի ծրագրի իրականացման դեմ «Ազատամարտ» կոմիտեի և «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպված ստորագրահավքին: 2010թ. հունիսի 1-ի հայտարարության մեջ գրված է.

«06.03.2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիվ 234-Ն որոշմամբ թույլ է տվել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերությանը Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման աշխատանքներ: 
   
Այսօր արդեն Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում  իրականացվում են ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման աշխատանքները,  և Լեռնաձոր համայնքի ղեկավարը բնակիչների հետ միասին ոչ են ասել ուրանի հետ կապված բոլոր տեսակի աշխատանքներին իրենց համայնքում:
        
2010 թվականի մայիսի 24-ին  Կապանի Օրհուս կենտրոնում  վերոհիշյալ խնդրի վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ «Սյունիքի  քաղաքացիական հասարակության  զարգացման»  հասարակական կազմակերպության նախագահն առաջարկեց դուրս գալ քննարկումների և լսումների փուլից և քայլ առ քայլ առաջ շարժվել, իսկ «Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահն  առաջարկեց դիմել Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին և  ավագանու անդամներին:

Կապանում  գործող մի շարք հասարակական կազմակերպություններ ԶԼՄ-ներով և  քննարկման միջոցով արդեն իսկ արտահայտել են իրենց կոշտ դիրքորոշումը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ, իսկ կազմակերպություններից երկուսը` «Ազատամարտ» կոմիտեն և «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը սկսել են ստորագրահավաք: Համոզված ենք, որ Ձեր  օժանդակությամբ  և մասնակցությամբ ստորագրահավաքը կիրականանա լիարժեք, և կապանցիները, այդ միասնականությունը  տեսնելով, ակտիվորեն կմասնակցեն ստորագրահավաքին:
   
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ դիմել էր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, և նախարարության գրավոր պատասխանից պարզվեց, որ հունիս ամսվա առաջին կեսին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերությունը կկազմակերպի քննարկում Կապան քաղաքում, և որպեսզի քննարկման ժամանակ հստակ բարձրաձայնվի կապանցիների որոշումը, անհրաժեշտ է Կապան համայնքի ընտրյալների` այսինքն Ձեր  որոշումը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ»:

Հայտարարության տակ ստորագրել են Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, «Սյունիքի  քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ-ի նախագահ Տիգրան Ստեփանյանը, «Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արտուշ Խալափյանը, «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ  Վլադիկ Մարտիրոսյանը, «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:     

Հունիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր