ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՈՒՐԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՈՒՐԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր

«Այո ես, համամիտ եմ, որ պետք է կանգնեցնել, եթե ես ունենամ տրամաբանական փաստեր, պրոֆեսիոնալ փաստեր, որ այս որոնողական աշխատանքների արդյունքում մենք վնաս ենք հասցնելու առողջությանը, մարդուն եւ էկոլոգիային»,- ուրանի պաշարների հետախուզական աշխատանքների դադարեցման հնարավորության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արեգ Գալստյանը հուլիսի 2-ին` Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցում էին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը, ընկերության գլխավոր երկրաբան Սամվել Դայանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը,  Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Կապանի փոխքաղաքապետ Գագիկ Ղարամանյանը, Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանը, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, լայն հասարակայնության ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակը, ինչպես նշեց Արեգ Գալստյանը, տեղեկատվություն փոխանակելն էր: Այսինքն` ուրանի ծրագրի վերաբերյալ նոր հասարակական լսումներ տեղի չունեցան: Արձանագրություն չկազմվեց: Հիշեցնենք, որ 2009թ. օգոստոսի 4-ին` Կապանի Օրհուս կենտրոնում, տեղի ունեցան  ՀՀ Սյունիքի մարզում «Ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի հասարակական լսումներ, որի արդյունքում կեղծվեց լսումների արձանագրությունը: Արձանագրությունում խեղաթյուրվել էր Լեռնաձոր համայնքի ղեկավարի ելույթը: 2010թ. փետրվարի 12-ին «ԷկոԼուր»-ի նկարահանած «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Արեգ Գալստյանը խոստացավ ուղղել արձանագրության սխալը` նշելով, որ դա իր անուշադրության պատճառով է եղել, քանի որ ինքը չի հետեւել արձանագրության կազմմանը: Սակայն հուլիսի 2-ի քննարկման ժամանակ պարզվեց, որ ո՛չ ՀՀ էներգետիակայի եւ բնական պաշարների նախարարությունը, ոչ առավել եւս «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն կապ չունեն արձանագրության կազմման հետ: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը, արձանագրությունը կազմել է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի ներկայացուցիչները քննարկմանը հրավիրված չէին: 

Խոսելով ուրանի ծրագրի մասին, Արեգ Գալստյանն ասաց, որ բավականին գործ է արվել: Արդեն որոշակի տվյալներ կան, որոնք թվայնացվում են եւ տեղադրվելու են կայքում: «Սա մեր մոտեցումն է, ամբողջ մեր գործունեությունը պետք է բաց լինի»,- ասաց փոխնախարարը: Նշենք, որ ներկայումս նախարարության www.minenergy.am պաշտոնական կայքը լիարժեքորեն չի գործում: Հայաստանի էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների համար պատասխանատու գերատեսչության կայքում նույնիսկ նորությունները չեն թարմացվում, իսկ Կապանում տեղի ունենալիք քննարկման մասին «ԷկոԼուր»-ը տեղեկացավ ոչ թե նախարարության կայքում տեղադրված հայտարարությունից, այլ Կապանի գործընկերներից:  

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գլխավոր երկրաբան Սամվել Դայանը նշեց, որ 2009թ. կատարվել են գեոքիմիական նմուշարկումներ, գեոֆիզիկական ու երկրաբանական հետազոտություններ: 2010թ. այդ հետազոտությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ռադիոմետրիկ չափումներով:  Նա նաեւ ասաց, որ հետախուզական աշխատանքների ընթացքում ռադիոակտիվ ֆոնը չի բարձրանում:

«Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանն իր ելույթում մտավախություն հայտնեց, որ եթե պարզվի, որ Հայաստանում ուրան կա, ապա աշխարհի շատ երկրներ շահագրգիռ կլինեն այդ հանքերը շահագործելու: «Մեր խնդրանքն է, եւ պահանջն է միաժամանակ, որպես «Ազատամարտ» կոմիտեի նախագահի եւ որպես Կապանի տարածաշրջանի ավագանու անդամի, այդ աշխատանքները դադարեցնել»,- ասաց  Խորեն Հարությունյանը: Նրա ելույթին հետեւեցին ծափահարություններ:

Արեգ Գալստյանը չհամաձայնվեց Խորեն Հարությունյանի հետ: Ըստ նրա՝ Ռուսաստանի Ատոմային  գործակալության ղեկավար Կիրիենկոն ամբողջ Հայաստանի տարածքում ուրանի պաշարները գնահատել է 30-50 հազար տոննա: Իսկ ատոմակայանի մեկ բլոկի համար տարեկան 120-130 տոննա ուրան է հարկավոր, ինչը նշանակում է, որ Հայաստանում առկա ուրանը կբավականացնի ընդամենը 30 տարի: «Եթե այդ քանակությունները լինեն ամբողջ Հայաստանում, դա մեր ներքին պահանջարկը փակելու համար է: Այն էլ, մենք այդ ուրանը այստեղ չենք վերամշակելու, մենք ունենք պայմանագիր, տանելու ենք Ռուսաստան»,- ասաց Արեգ Գալստյանը` միեւնույն ժամանակ անվստահություն հայտնելով խորհրդային տարիներին Լեռնաձորում անցկացված ուրանի հետազոտությունների արդյունքներին` համարելով դրանք «կիսատ-պռատ» հետազոտություններ:

«Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են այն երկրների միջազգային փորձը, որտեղ շահագործվել են ուրանի հանքեր եւ սարսափելի տվյալների են հանդիպել:  «Մի՞թե կարելի է կշեռքի վրա դնել մարդու առողջությունը եւ, ասենք, ինչ-որ շահ: Չէ՞ որ, ի վերջո, սա Հայաստանի հարավային դարպասն է: Շատ ռազմավարական տարածաշրջան է մեր տարածաշրջանը: Ի սեր Աստծո, ձեռք քաշեք այդ ուրանից, առանց այդ էլ մենք ունենք բավականին էկոլոգիական խնդիրներ»,- ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարին դիմեց Վլադիկ Մարտիրոսյանը:

«Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Ստեփանյանն էլ  Արեգ Գալստյանին հարցրեց, թե արդյոք ժողովրդի  անհամաձայնությունն իմանալուց հետո որոնողահետախուզական աշխատանքները կդադարեցվեն եւ ընկերությունը կհեռանա: Արեգ Գալստյանը պատասխանեց «Այո ես, համամիտ եմ, որ պետք է կանգնեցնել, եթե ես ունենամ տրամաբանական փաստեր, պրոֆեսիոնալ փաստեր, որ այս որոնողական աշխատանքների արդյունքում մենք վնաս ենք հասցնելու առողջությանը, մարդուն եւ էկոլոգիային»: Սակայն քիչ անց, երբ խոսք վերցրեց մի լեռնաձորցի եւ կտրուկ հայտարարեց, որ Հայաստանում ուրան չի մշակվելու, փոխնախարարը միանգամայն այլ բան ասաց. «Ես չեմ ասում, որ չի լինելու, եթե տնտեսապես շահավետ լինի, եւ դա ինչ-որ ռազմավարական խնդիրներ կլուծի, կլինի»:

Քննարկման ընթացքում  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանն իր ելույթում պահանջեց դադարեցնել հետախուզական աշխատանքները, քանի որ 2009թ. օգոստոսի 4-ի ուրանի ծրագրի հասարակական լսումների արձանագրությունը կեղծվել է եւ չի համապատսխանում իրականությանը:
«Խուստուփ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը ցանկացավ, որ «բոլոր պետական չինովնիկները, ովքեր կապ ունեն ուրանի ծրագրի հետ, ապրեն Լեռնաձորում»:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, փաստաբանների պալատի անդամ Արշակ Խալափյանն էլ Արեգ Գալստյանին հիշեցրեց 2008թ. փետրվարի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջեւ կնքված հուշագրի նպատակները` ոչ միայն հետախուզական աշխատանքներ, այլ նաեւ արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացում: «Դուք փորձում եք այնպիսի տպավորություն ստեղծել, որ, ըստ էության, խոսք է գնում անշառ հետախուզական-որոնողական աշխատանքների մասին»,- ասաց Խալափյանը եւ ավելացրեց «Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց մեր հայրենի կառավարությունը չի կարողանում ադեկվատ ձեւով արձագանքի եւ տարածքը թփերից, ծառերից, արմատներից մաքրի: Դուք շատ լավ գիտեք, թե արդյունքում ինչ վիճակ է առաջանում: Մեր ռազմավարական պաշարը` Սեւանը, կանգնած է ճահճացման վտանգի առաջ: Ի՞նչ երաշխիքներ Դուք կարող եք մեզ տալ, եթե ուրանի նման խնդիրը վերարդիական տեսք ստանա: Դուք կարո՞ղ եք ապահովել այդ անվտանգության, տեխնիկայի կանոնները: Որեւէ մեկը դրան  չի հավատում: Մենք ռեալ երաշխիքներ ձեզանից չենք կարողանում ստանալ»:

Դահլիճում գտնվողները Արեգ Գալստյանին խնդրեցին դիմել կառավարությանը եւ ասել, որ ժողովուրդը չի վստահում: Արեգ Գալստյանն էլ խոստացավ իր ողջ լսածը փոխանցել ՀՀ էներգետիակայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Հուլիս 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր