ԿԱՊԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈՎ ԽՆԴՐՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

ԷկոԼուր

Հուլիսի 2-ին Կապան համայնքի ավագանին միաձայն հաստատեց ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ կառավարությանն ուղարկվելիք ուղերձը: Ուղերձում մասնավորապես նշված է. «Հայսատանի Հանրապետության կառավարության 2008թ. մարտի 6-ի թիվ 234-Ն որոշմամբ նախատեսվում են ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում:

Հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության լայն շրջանակներում դժգոհությունների եւ մերժողական մոտեցման արժանացած հարցի արդիականությունը, մտահոգվելով այն հետեւանքներով, որ կարող են առաջանալ հանքավայրի շահագործման արդյունքում, ունենալով վնասակար ազդեցություն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական բնականոն զարգացման հարցի վրա, միանալով մեր համայնքում գործող հասարակական կազմակերպությունների կոչերին, հարկ ենք համարում հանդես գալ սույն ուղերձով:

Հնարավոր բազմաթիվ էկոլոգիական անկանխատեսելի հետեւանքները, ռադիոակտիվ ճառագայթման անխուսափելիությունը, Ողջի գետի ավազանի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով կհանգեցնեն Սյունիքի մարզի հարավային սահմանամերձ շրջանների բնակիչների արտագաղթի` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Խնդրում ենք ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովին եւ ՀՀ կառավարությանը կրկին անգամ անդրադառնալ ուրանի հանքավայրերի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու եւ ՀՀ կառավարությանվերոնշյալ որոշումը չեղյալ համարելու նպատակով»:

Հուլիս 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր