

ԷկոԼուր
Դիմում ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին
«ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի կողմից անցկացված էկոլոգիական թեժ կետերի հասարակական մոնիտորինգը ցույց տվեց, որ ոսկու բազմամետաղային հանքավայրերի բաց եղանակով շահագործման, ինչպես նաև խորը հորատմամբ ուղեկցվող երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման վայրերում գոյություն ունի ճառագայթման ռիսկերի մեծ հավանականություն:
Հայտնի է, որ 1950-60թթ. Հայաստանում անցկացվել են ուրանի պաշարների հետազոտություններ, որոնք հայտնի են որպես Կոլցովի և Գրոմովի էքսպեդիցիաներ: Հետազոտման արդյունքներն ապագաղտնիացվեցին միայն 2008թ., երբ Հայաստանը «Ռոսատոմ» ռուսական պետական կազմակերպության հետ ռադիոակտիվ հումքի հետազոտման, հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման վերաբերյալ պայմանագիր կնքեց: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ փորվել է մոտավորապես 200 հորատանցք: Հայտնաբերվել են ուրանի մոտավորապես 100-ից ավելի երեւակումներ, բայց նրա պաշարները համարվել են ոչ հեռանկարային՝ հաշվի առնելով այն, որ ուրանի մեծ պաշարներ են հայտնաբերվել Ղազախստանում, հենց ՌԴ-ի տարածքում, Արևելյան Եվրոպայում եւ այլն:
Խորհրդային Միությունը փակեց Հայաստանում ուրանի արդյունաբերման հարցը: Սակայն տվյալ էքսպեդիցիաների հետևանքները զգացվում են ներկայումս: Էքսպեդիցիաներում աշխատել են նաեւ հետազոտման վայրի մոտակայքում ապրող բնակիչները: Նրանք հստակ նշում են փակված հանքի մուտքի տեղը:
Այսպես, Վայք քաղաքում (Վայոց Ձորի մարզ) բնակիչները ցույց տվեցին հանքի մուտքը, որը փորվել է այդ այդ հետազոտումների ընթացքում: Նրանք պատմում են, որ հանքի երկարությունը կազմել է մոտ 800մ: Նրանից դուրս հանված ապարը դասավորվել է անմիջապես կողքին: Այնուհետև էքսպեդիցիան շտապ փակել է հանքը և գնացել, իսկ դուրս բերված ապարը մնացել է: Նախկինում այն քաղաքի սահմաններից դուրս էր գտնվում: Այնուհետև քաղաքը ընդլայնվեց և այդ մասում կառուցվեց քաղաքային գերեզմանոցի մի մասը: Բնակիչները համոզված են, որ քաղաքում բարձր ռադիացիոն ֆոն կա, ինչը պայմանավորված է նրանով, որ դուրս հանված ապարները կարող են ուրան պարունակել:
Նմանատիպ վիճակ է Գետիկ գետի ավազանում (Գեղարքունիքի մարզ), որտեղ նույնպես անց են կացվել ուրանի պաշարների հետազոտություններ: Մարտունի գյուղի բնակիչները (Ճամբարակի հարեւանությամբ), ովքեր աշխատել են Էքսպեդիցիայում, պնդում են, որ գետի իջվածքի մոտ նույնպես բարձր է ռադիացիոն ֆոնը, իսկ սանիտարական տեսչության աշխատակիցներն ասում են, որ այդ տեղամասի մոտ բնակվող մարդկանց շրջանում շատ են վատ ինքնազգացողության գանգատները:
Նույն իրավիճակը նաև Սյունիքում է, որտեղ ռադիացիրն ռիսկերը սաստկացնում են լեռնահանքային արդյունաբերության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Ոսկու նոր պաշարների փնտրման երկրաբանահետախուզական աշխատանքները, բերում են նորանոր հանքահորերի գոյացմանը, որոնք հնարավոր է փորվեն հենց ուրանային երեւակումների վրա:
Ինչպես հայտնի է, ռադիոնուկլիդները վտանգ են ներկայացնում առողջության եւ շրջակա միջավայրի համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թույլ ռադիացիոն ճառագայթումները կարող են սերունդներ անց գենոմի մուտացիաներ առաջացնել, այսինքն՝ խոսքը երրորդ և չորրորդ սերունդների մասին է, որոնք կարող են տուժել արդեն գոյություն ունեցող ռադիացիայից:
Մեր կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է անցկացնել ռադիացիոն ռիսկերի մոնիտորինգ, հետեւելով ահազանգերին, այսինքն՝ Այգութ գյուղում և Մարտունի քաղաքում՝ Գետիք գետի իջվածքում, Վայքի քաղաքային գերեզմանում, այնուհետև ներկայացնել ստուգման արդյունքները: Երկրորդ, անհրաժեշտ է անցկացնել հետախուզական և այլ երկրաբանական աշխատանքների անցկացման համար տրամադրված արտոնագրերի վերլուծություն, բազմամետաղային հանքավայրերի շահագործման արտոնագրերի վերլուծություն, որպեսզվի պարզվի, թե այդ արտոնագրերով սահմանված որքան տարածք է հատում ուրանի դրսեւորումների գտնվելու վայրերը եւ տալ անցկացված վերլուծության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:
Հուլիս 09, 2010
