

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր
Գերմանիայի բնության պահպանության միության (BUND) տվյալներով՝ բնակչության մոտ 60%-ը դեմ է ատոմային էլեկտրոկայանների շահագործման ժամկետների երկարացմանը: Այդ մասին հայտնեց միության նախագահ Հուբերտ Վեյգերը (Hubert Weiger) հուլիսի 12-ին Բեռլինի Գյոթեի անվան համալսարանի կողմից կազմակերպված հետխորհրդային երկրների ակտիվիստների՝ «Մշակույթ և Կլիմա» ամառային ակադեմիայի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում:
Նա նշեց, որ Գերմանիայի նոր կառավարությունը խոչընդոտում է ծրագրին, որի համաձայն Գերմանիայում գործող ատոմային էլեկտրոկայանները պետք է դուրս հանվեն շահագործումից մինչեւ 2022-2023թթ.: Դոկտոր Վեյգերի խոսքերով՝ նոր ԱԷԿ-ների կառուցման մասին հարցը կառավարության կողմից փակված է: Խնդիրն այն է, որպեսզի չերկարացվեն գործող ԱԷԿ-ների ժամկետները (Գերմանիայում դրանք 16-են): Ի դեպ, որոշ գերմանացի բնապահպանների կողմից մենք լսեցինք, որ ներկայիս կառավարությունը, ի տարբերություն նախորդի, կանաչին անվանում է սև:
2010թ. ապրիլին BUND-ի շարժման շրջանակներում 120 կմ տարածությամբ կենդանի շղթա է շարվել` կազմված 120 հազար մարդուց: Այսպես մարդիկ ընդգծել են երկու ատոմակայանների՝ Կրյումելի ու Գրյունվելի միջև ընկած հեռավորությունը, որոնք առաջիններից պետք է լինեն, որ շահագործումից դուրս բերվեն: Միաժամանակ, հարավում և արևմուտքում նրանց միացել են ևս 30 հազարը:
Հասարակության հակաատոմային ակտիվության պատճառներից մեկն այն ցնցումն է, որը Գերմանիան ապրեց Չեռնոբոլի ԱԷԿ-ի վթարից հետո: Պարզվեց, որ հենց գերմանացի փորձագետներն են գնահատել այդ ատոմակայանը որպես ամենահուսալիներից մեկը: Վթարից հետո Գերմանիայի հարավում՝ Բավարիայում, ճառագայթահարված բերքը ոչնչացվեց: Մինչ օրս որոշ տեղերում բնակչությանը խորհուրդ չի տրվում սունկ հավաքել և որպես սնունդ օգտագործել վայրի խոզի միսը:
Գերմանիայում լուծված չէ նաև ռադիոակտիվ թափոնների թաղման խնդիրը: Ներկայումս ատոմային կայանների կողքին գոյություն ունեն ժամանակավոր գերեզմանոցներ, իսկ ուրանի երկրորդական հարստացման թափոններն ուղարկվում են Ֆրանսիա: Ինչ վերաբերվում է թափոնների վերջնական թաղմանը, ապա գոյություն ունի նախագիծ, որի համաձայն գերեզմանոցը պետք է տեղակայված լինի Էլբա գետի ավազանի հին աղե հանքերում: Սակայն դոկտոր Վեյգերի խոսքերով՝ այդ տեղամասը ընտրվել է քաղաքական մոտիվներով, երբ Գերմանիան բաժանված էր Արևելյանի և Արևմտյանի: Այժմ, երբ պետությունը միավորվել է, գերեզմանոցը հայտնվել է պետության հենց կենտրոնում: «Ոչ ոք չգիտի, թե ինչ անի նրանց հետ: Պարզ է մեկ բան, որ մենք չենք կարող ուղարկել մեր կողմից արտադրված ռադիոակտիվ թափոնները որևէ այլ երկիր, - ասաց դոկտոր Վեյգերը, - այդ խնդիրը մենք՝ ինքներս, պետք է լուծենք»:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի Գերմանիան արտադրում է մոտավորապես 500 տոննա ռադիոակտիվ թափոն: Կառավարությունը և հասարակությունը միակարծիք են մեկ հարցում, որ երկրի էներգետիկ անվտանգության քաղաքականությունը պետք է հիմնված լինի այլընտրանքային էներգետիկայի վրա: Ներկայումս վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր արդյունաբերության մեջ կազմում է 16%, իսկ 3 տարի անց այդ բաժինը կգերազանցի Գերմանիայում գործող բոլոր ԱԷԿ-ների ներդրման բաժինը:
Հուլիս 16, 2010
