ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:
Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածությունը կազմում է մոտ 7 կմ:
3600 բնակիչ ունեցող Աղավնատանը որպես հակաճառագայթային ապաստարան դիտարկվում են տների և դպրոցի նկուղները: Սակայն այս նկուղները չունեն հերմետիկ փակվող պատուհաններ ու դռներ, բացակայում են մի քանի օր մնալու համար պայմաններ: Նկուղները ծառայում են հիմնականում որպես չօգտագործվող իրերի ու ձմեռվա համար նախատեսված սննդի պահոց: «Նկուղներում ամենօրյա չօգտագործվող ձմեռվա ուտելիքներն ենք պահում, այլ սնունդ չկա... Բացի ջրից ամեն ինչ կա… Եթե պետք լինի մի քանի օր մնալ, չենք կարողանա, ոչ զուգարան կա, ոչ հարմարություն»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին Աղավնատան բնակիչները:
«Թուղթ ենք լրացնում ապաստարանների թվի մասին, քանի հոգու կարող ենք պահել: Բայց միայն տեղավորելով մարդուն կարո՞ղ ես փրկել: Պարտավոր են հակագազ տրամադրել, յոդով ապահովել»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը:
Համայնքում առկա 2 հակագազերը խորհդային տարիների ժառանգություն են: Դրանց պիտանելիության ժամկետն անցել է, սակայն պահվում են դպրոցում ռազմագիտության դասի համար:
Դպրոցի մարզադահլիճի տակ գտնվող ապաստարանը մեծ մակերես ունի, բայց այն նույնպես օգտագործվում է որպես հին իրերի, շարքից դուրս եկած դպրոցական կահույքի պահոց: «Անունն է միայն ապաստարան, պահեստի տեղ ենք օգտագործում: 300 քառակուսի մետր է՝ 300 հոգու համար է նախատեսված, բայց հազար հոգի կարող է տեղավորել: Նախկինում դպրոցի նկուղներն էլ էին որպես ապաստարան ծառայում, բայց լիցք արեցին՝ փակեցին: Թեկուզ գյուղի միջոցներով, բայց պետք է վերանորգել ապաստարանը»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Աղավնատան միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Զոհրաբյանը:
Աղավնատան բնակիչներից ոմանք նշեցին, թե տարեց տարի համայնքում աճում է հիվանդությունների թիվը: Նրանք չեն բացառում, որ դա կապված է ատոմակայանի հարևանությամբ ապրելու հետ: «Քսան տարի առաջ այսքան հիվանդություն չեմ տեսել...Մարդիկ հիվանդություններ են ձեռք բերում ճառագայթման հետևանքով»,- նշեցին նրանք:
Դպրոցի շչակը
Նշենք, որ Աղավնատան 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրում նշված է. «Վերջին տարիներին նկատվում է բնակչության թվի նվազում, որը պայմանավորված է մահացության թվի աճով , ինչպես նաև երկարաժամկետ արտագնա աշխատանքի մեկնող ընտանիքների թվի աճով»:
Մշակույթի Տան շենքը
Խոսելով մշակաբույսերի և մրգատեսակների աճի մասին՝ բնակիչները նշեցին, որ որոշ բուսատեսակներ դադարել են աճել, ավելացել են գյուղատնտեսական աշխատանքների համար իրականացվող ծախսերը: «Եկամուտների հիմնական մասը դնում ենք դեղերի ու թույների վրա, բույսերը մշակելու համար… Հիմա խաղողին երկու անգամի փոխարեն ութն անգամ ենք դեղ տալիս… Տանձի ծառ ունեինք, չորացել է...Մի քանի տարիների ընթացքում մեր գյուղում համարյա տանձ չի աճում... Միշտ վախեցել ենք թթից, ելակից»,- ասացին բնակիչները: «Հողի հարկ, ջրի վարձ տալիս ենք: Հիմա էլ ուզում են եկամտահարկ դնել: Բայց ի՞նչ ենք ստանում, որ դա էլ գումարեն»,- դժգոհեցին Աղավնատան բնակիչները:
Աղավնատան հնգամյա զարգացման ծրագրի համաձայն՝ համայնքի ուժեղ կողմերից է ոռոգման ցանցի առկայությունը, սակայն ԷկոԼուրի հետ զրույցում բնակիչները դժգոհեցին ոռոգման ջրի պակասից: Ոռոգման ջուրը համայնք է հասնում Արզնի-Շամիրամ ջրատարի շնորհիվ, բայց այն չի բավարարում գյուղացիների կարիքները: «Ոռոգման համակարգը վատացել է: Այգի ունեմ, չեմ կարողանում ոռոգել: Համակարգի վրա ներդրում չի արվել, պիտի հանվի, նորը դրվի, մեկ-երկու ամիս հետո խնդիրը կլուծվի: Հիմա ջրի կորուստը շատ է. 110 լ/վրկ է մայր ջրանցքում, մեզ հասնում է, դառնում՝ 1 լ/վրկ»,- ասացին բնակիչները: Որոշ գյուղացիներ փորձել են ոռոգման ջրի խնդիրը լուծել 7-9 մ խորությամբ հորեր փորելու և սեփական բակերում ջրի տարաներ տեղադրելու միջոցով:
Ըստ աղավնատնեցիների՝ գյուղում եկամտաբեր չէ անասնապահությամբ զբաղվելը: «Սպանդանոցի համար պիտի 7 կմ գնաս: Հասնում ես տեղ՝ գինը իջեցնում են...Կերը թանկ է, խոտ չկա: Վերջում հաշվարկ ես անում, վնասով ես դուրս գալիս… Արոտավայրերը պակասել են... Մեկ տուկ խոտը 800-1200 դրամ է, օրվա մեջ մի հատ գոնե մեկ անասունը պետք է ուտի… Ձեռնտու չէ: Կաթն էլ էժան են վերցնում: Կան մարդիկ, որ անասուն են պահում, անձնական տնտեսություն ունեն, բայց չեն կարողանում կաթն իրացնել... »,- ասացին բնակիչները: Աղվնատան բնակիչները բարձրաձայնեցին գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում աշխատանքային ստաժ չունենալու խնդիրը: «Գյուղացին աշխատում է՝ աշխատանքային ստաժ չի ունենում: Թոշակը շատ ցածր է: Գնում ես թոշակի, գրեթե գումար չես ստանում»,- ասացին նրանք:
Աղավնատան բնակիչների առաջարկները՝ ուղղված համայնքում առկա խնդիրների լուծմանը.
- ՀԱԷԿ-ը պարտադիր կերպով ապահովի համայնքի բոլոր ընտանիքներին հակագազերով ու արտահագուստով, յոդի պատրաստուկներով
- Վերականգնել ապաստարանները
- Պարբերաբար համայնքի բնակիչներին իրազեկել ՀԱԷԿ-ի գործունեության մասին
- Գյուղացու՝ իր հողի վրա կատարված աշխատանքը հաշվի առնվի որպես աշխատանքային ստաժ
- Համայնքը ճանաչել ՀԱԷԿ-ի ազդակիր համայնք
- ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում գտնվող համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը սահմանել 15 դրամ 1Կվտ/ժ-ի համար:
Դեկտեմբեր 02, 2020 at 12:25