Որքանով է պատրաստված Ֆերիկը՝ պաշտպանվելու ճառագայթային վտանգի դեպքում

Որքանով է պատրաստված Ֆերիկը՝ պաշտպանվելու ճառագայթային վտանգի դեպքում

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

ՀԱԷԿ-ի հարևանությամբ՝ զուրկ պաշտպանական միջոցներից

370 բնակիչ ունեցող եզդիաբնակ Ֆերիկ համայնքի մշակովի հողերը ՀԱԷԿ-ից գտնվում են մոտ 2-3 կմ հեռավորության վրա: Ֆերիկը չունի հակաճառագայթային ապաստարաններ: Որպես թաքստոց կարող են ծառայել միայն բնակիչների նկուղները:

«Մոտ 100 տնտեսություն ունենք, որից կեսն ունեն նկուղ: Ահագին մեծ են՝ մոտ 20-30 քառակուսի մետր: Տան առաջին հարկն է պադվալային, հողի տակ է: Փոքր պատուհաններ ունեն, բայց հերմետիկ փակված չեն»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը:

Համայնքում բացակայում են  ճառագայթային անվտանգության ապահովման առաջին անհրաժեշտ պարագաները՝ հակագագ, դնչկալ, յոդի պատրաստուկ. «Չեն տրամադրել»,- ասաց համայնքի ղեկավարը: Ֆերիկում միջուկային վտանգի դեպքում տարհանման պլանն առկա է, բայց հասանելի է միայն համայնքապետարանի աշխատակցիներին: Միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ համայնքում փակցված չեն: Վտանգի մասին ազդարարող համակարգ ևս չկա: «Երեք տարի առաջ ատոմակայանից եկան ազդանշանի համար, որպեսզի այն աշխատի վթարի դեպքում… Այդ մի անգամն էր, էլ հետո չեկան, էդպես էլ շչակ չունենք»,- ասաց Ռուստամ Հասանյանը: Նա նշեց, որ համայնք ժամանակ առ ժամանակ այցելում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից. «Գալիս են, ներկայացնում ենք փաստաթղթեր, թե քանի մետր է ամեն մի նկուղը, քանի հոգի կտեղավորվի, որքան մեքենա կա համայքնում»,- նշեց նա: 

Ֆերիկի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ չեն մասնակցել ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման հարցերի քննարկմանը, ցածր է նրանց իրազեկվածությունը ճառագայթային վտանգի դեպքում անհրաժետ քայլերի մասին, տեղյակ չեն նոր էներգաբլոկի կառուցման խնդրի մասին:

Անհրաժեշտության դեպքում, ըստ համայնքապետի, բնակիչներին պետք է տարհանեն Ապարան, սակայն միջհամայնքային ճանապարհները վատթար վիճակում են, ինչը կարող է դժվարություններ առաջացնել  վտանգի դեպքում արագ տարհանում կազմակերպելու ժամանակ: «Ճանապարհը շատ վատն է: Հիմա դեռ փառք է՝ առաջ ահավոր վիճակում էր: Միջհամայնքային ճանապարհը մի անգամ նորոգել ենք: Հիմա մի փոքր գումար ենք հայթայթել, մեր միջոցներով ուզում ենք փողոցները կրկին վերանորոգել»,- նշեց նա:

Թե՛ համայնքապետը, թե՛ հարցված բնակիչները կարևորեցին Ֆերիկին որպես ազդակիր համայնք ճանաչելը և աջակցություն տրամադրելը: «Ճառագայթումն ազդում է բնակչության առողջության վրա: Ատոմակայանի կողքին ենք, այս օդը մենք ենք շնչում»,- ասացին բնակիչները: «Ոչ մի աջակցություն չկա համայնքին ՀԱԷԿ-ից: Մշտադիտարկումներ չեն արվել… Եթե մոտիկ ենք, մեր հոսանքը պետք է ավելի էժան լինի, քան մյուսներինը»,-  ասաց Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանը:

Վերջին տարիներին Արմավիրի մարզում արձանագրված սակավաջրությունից անմասն չի մնացել նաև Ֆերիկը: «5-6 տարի առաջ հորը միացնում էինք, 2000 քառակուսի մետրը ջրում ըստ պահանջի: Պոմպն անհրաժեշտ քանակի ջուրը հանում էր, իսկ հիմա՝ ոչ: Ընդհատումներով է արդեն: Ոռոգումն իրականացնում ենք նաև Սևանի ջրով: Բայց ջրակորուստներ ունենք»,- ասաց Ռուստամ Հասանյանը: Դժվարություններով աճեցրած գյուղմթերքի իրացումն էլ է խնդիր Ֆերիկում: Այս խնդիրն էլ ավելի է սրվել COVID-19 համավարակի պատճառով` բարդացնելով գյուղում սոցիալական վիճակը:

Ֆերիկում առաջարկում են.

·  Համայնքին տալ  ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքի կարգավիճակ

·  Էլեկտրաէներգիայի մատակարարման և սպառման համար տրամադրել դոտացիաներ

·  Համայնքին տրամադրել հակաճառագայթային պաշտպանիչ միջոցներ, լուծել ապաստարանների հարցը

·  Բարեկարգել ճանապարհները

Դեկտեմբեր 01, 2020 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր