ՀԱԷԿ-ի հարևանությամբ գտնվող Խորոնքի հոգսերը

ՀԱԷԿ-ի հարևանությամբ գտնվող Խորոնքի հոգսերը

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Խորոնք համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Ատոմակայանից 7 կմ հեռավորության վրա գտնվող Խորոնքում, որն ունի 3020 բնակիչ, ապաստարաններ չկան: Նկուղներն են նախատեսված որպես թաքստոց: «200-ից ավելի նկուղ ունենք: Բնակիչները կտեղավորվեն, բայց օգուտ չի տա: Բոլորն էլ պատուհանով են»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Խորոնքի համայնքապետ Սարգիս Նահապետյանը:

Հատուկենտ բնակիչներ նշեցին, որ իրենց նկուղներն առանց պատուհանների են և ջրով ապահովված:

Խորոնքի համայնքապետը առաջնային համարեց իրենց տարածաշրջանում բոլոր չափանիշներին համապատասխան ապաստարանների կառուցումը և ճառագայթային ազդեցության մասին մշտադիտարկումների իրականացումը: «Պետք է պատրաստվել ամեն ինչի՝ կառուցել հզոր բունկերային համակարգեր, որպեսզի կարողանանք մարդկանց աջակցել»,- ասաց նա: 

Խորոնքում ճառագայթային անվտանգության ապահովման անհրաժեշտ պարագաներից առկա են միայն հակագազեր: «Հակագազ ունենք, բայց մոտ 10 տարվա է, դպրոցում է, թվով՝ 20-30 հատ»,- նշեց Սարգիս Նահապետյանը: Բնակիչները նշեցին, որ տներում ճառագայթային անվտանգության ապահովման անհրաժեշտ  պարագաներ չունեն:

2020թ. հուլիսին Ադրբեջանի կողմից Տավուշի մարզում սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը սպառնացել էր հրթիռակոծել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Համայնքի բնակիչներին հնարավոր ճառագայթային վտանգից պաշտպանելու նպատակով Խորոնքի մարդաշատ վայրերում ու կանգառներում փակցվել էին իրազեկող թերթիկներ: Դրանք պարունակում էին վտանգն ազդարարող ազդանշանի դեպքում քայլերի հաջորդականությունը ներկայացնող տեղեկություն:  

«Զգուշացումներ գրեցինք Կառավարության ցուցումով: Մարզպետարանից ասել էին, որ զգուշացնենք ժողովրդին պատրաստ լինել վտանգին, իրազեկել նրանց»,- ասաց Խորոնք համայնքի ղեկավարը:  

Ըստ համայնքի ղեկավարի՝ ունեն միջուկային վտանգի դեպքում համայնքի տարհանման պլան, որը հասանելի է համայնքապետարանում:

Ուղղորդող պաստառներին զուգահեռ ՀԱԷԿ-ի հարևանությամբ գտնվող համայնքներում առաջնային է ուսումնավարժական պարապմունքների անցկացումը: ԷկոԼուրի հետ զրույցում Խորոնքի բնակիչները նշեցին, որ իրենց համայնքում նման պարապմունքներ անց են կացվել, բայց ոչ բոլորն են մասնակցել: «3 ամիս առաջ ուսումնավարժական ահազանգ եղավ դպրոցում: Տարեկան մեկ անգամ անպայման կազմակերպվում է», - նշեց համայնքի ղեկավարը: 

Բնակիչների խոսքով երբևէ չեն մասնակցել ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկմանը: ՀԱԷԿ-համայնք երկխոսության բնակիչները ականատես չեն եղել, չեն մասնակցել, այդ իսկ պատճառով ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին ատոմակայանի ներկայացուցիչների հետ հնարավոր համագործակցությունը:

Որպես ՀԱԷԿ-ի հարևանությամբ գտնվող համայնքի խնդիրներ Խորոնքի բնակիչները մատնանշեցին այն, որ Խորոնքը չունի ՀԱԷԿ-ին ազդակիր լինելու կարգավիճակ, այստեղ չեն գործում էլեկտրաէներգիայի մատակարարման և սպառման համար դոտացիաներ, բացակայում է ՀԱԷԿ-ի կողմից համայնքին տրվող որևէ աջակցություն, բնակչության առողջության, գյումթերքների որակի, դրա ճառագայթման մակարդակի գնահատման համար ՀԱԷԿ-ի կողմից մշտադիտարկումներ չեն իրականացվում:

ԷկոԼուրի այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԷԿ-ի հարևանությամբ բնակվելն անդրադառնում է իրենց ապրելակերպի վրա, բնակիչների մի մասն արձագանքեց, որ ոչ, մի մասն ասաց, որ վստահ չէ, բայց չեն էլ կարող բացառել. «Հարյուրից ութսունը հիվանդ են: Ի՞նչ իմանաս՝ ինչից է»,- նշեցին նրանք:

«Մենք գտնվում ենք ամենավտանգավոր գոտում՝ շատ մոտ ՀԱԷԿ-ին: Ու մեզ վրա ազդում է… Համայնքում չարորակ ուռուցքով 11 բնակիչ կա: 30-40 տարի առաջ այսպես չի եղել... Օրեցօր շատանում է: Բնակչության կեսը հիվանդ է: Ունենք շաքարով, սրտային հիվանդներ, ծնելիության վրա է ազդում… Միանշանակ ազդեցություն կա առողջության վրա: Էկոլոգիան էլ այսպիսին չէր լինի, եթե ատոմակայանը չլիներ: Քանի ատոմակայանին մոտենում ես, չես կարողանում շնչել»,- նշեց համայնքի ղեկավարը: Ըստ նրա, ՀԱԷԿ-ի աշխատանքն անդրադառնում է նաև գյուղատնտեսության վրա. «Դաշտերում բույսերը տեսնում ես՝ չորացան լրիվ: Հսկայական ելակի դաշտերը միանգամից «վառվեցին»: Մարդիկ զարմացած էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Խաղողի այգիները լրիվ չորացել են, կարծում եմ՝ կապված է ատոմակայանի հետ»,- ասաց նա: 

Ջրի խնդիրը

Խորոնքում ոռոգումն իրականացնում են խորքային հորերի ջրով: «Երբ ջուրը պակասում է, խորացնում ենք հորը: Պոմպերով ենք հողամասը ոռոգում...Գյուղի կեսն այդպես է... 2-3 ժամ հոսանք է ծախսվում: Ամռանը պոմպի ծախսը (խմբ.՝ էլեկտրաէներգիայի վարձավճարը) մեկ հա-ի համար կազմում է 18 հազար դրամ»,- նշեցին Խորոնքի բնակիչները: Նրանք առաջարկում են, որ որպես ատոմակայանի հարևանությամբ գտնվող համայնքի համար էլեկտրաէներգիայի սակագնը նվազեցվի: 

Խորոնքի համայնքապետը նշեց, որ մի անգամ դիմել են էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար, սակայն  մերժվել են: «…Ախր պարտադիր պետք է զեղչվեր: Այն էլ այս համայնքը, որն ամբողջ Հայաստանին կերակրում է բանջարեղենով: Մենք հունվարից ապրիլ ամիսներին ծախսում ենք 25-26 միլիոն դրամ էլեկտրաէներգիա. 110 հա ջերմոցային տնտեսություն ունենք: Օրական 100-ավոր տոննաներ բերք է դուրս գալիս մեր գյուղից, բանջարեղենի արտադրության ամենահզոր գյուղն է»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խորոնքը զարգացնելու ուղղություններից համայնքի ղեկավարը նշեց արտադրական ձեռնարկությունների հիմնումը. «Արտադրական տարածքներ ունենք. 100 տարով մարդկանց նվեր են տվել: Պետք է դրանք դնել բաց աճուրդի, ներգրավել Սփյուռքի հայերին, մարդիկ այդ տարածքները գնեն և արտադրություն հիմնեն: Կլինի դա պահածոների, կամ՝ այլ նպատակով: Ներկայումս մեր համայնքում այդպիսի 20 հա տարածք կա: Դիմել եմ կառավարությանը, և մնացել է թուղթը օդում կախված….»,- ասաց  Խորոնքի համայնքապետը:

Նոյեմբեր 30, 2020 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր